Սառա Պոտրոսյան
Գորայք համայնքի ավագանին վերջին երկու տարիներին դրսևորած իր կարծր դիրքորոշումից նահանջել է, համայնքն այս տարի պաշտոնապես հաստատված բյուջե ունի։ 2022թ. փետրվարի 21-ի նիստում ավագանին 5 կողմ ձայնով հաստատել է համայնքի 2022թ. տարեկան բյուջեն՝ 292 մլն 651 հազար դրամ, որից վարչական բյուջեն՝ 185,390 դրամ է կազմում, իսկ ֆոնդային բյուջեն՝ 107 մլն դրամ:
Գորայքում տեղական իշխանությունը՝ համայնքի ղեկավար և ավագանի, ընտրվել է 2019թ. հունիսի 9-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով։ Ավագանին ձևավորվել է առավել շատ ձայներ հավաքած 7 անդամներով, և նրանց սկզբնական համագործակցությունը հաջողված է եղել։ 2020թ.-ին ավագանին միաձայն հաստատել է համայնքի տարեկան բյուջեն, սակայն չեն հաստատել բյուջեի տարեկան հաշվետվությունը։ Համայնքի ղեկավարի նկատմամբ որտեղի՞ց է առաջացել անվստահությունը՝ չեն հանրայնացրել, բայց ավագանին իր վերաբերմունքը չի փոխել նաև հաջորդ տարում: 2021թ.-ի տարեկան բյուջեն հաստատելու հարցը համայնքի ղեկավարը երկու անգամ է ընդգրկել ավագանու օրակարգում, երկու անգամ էլ ավագանին չի հաստատել։
Նման դեպքերում, ինչպես «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 32 հոդվածի 9 կետն է սահմանում, համայնքի ղեկավարը պետք է հրաժարական ներկայացներ, սակայն Ա. Աղաջանյանն այդպիսի մտադրություն չի ունեցել։ Նույն օրենքի 35 հոդվածի 4 կետը սահմանում է՝ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ավագանին, օրենքով սահմանված կարգով, կարող է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն ներկայացնել, սակայն ավագանին նույնպես նման գործընթաց չի նախաձեռնել։
«… եթե համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն չի ներկայացվում, կամ կառավարությունը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկությունն օրենքով սահմանված կարգով ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված»:
Գորայք համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյանի դեպքում գործել է հիշյալ հոդվածի երկրորդ մասը՝ նա հրաժարական չի տվել, ավագանին էլ նրա լիազորությունները դադարեցնելու մասին որոշում չի ընդունել։ Հետևաբար և՛ համայնքի տարեկան բյուջեն, և՛ բյուջեի կատարման հաշվետվությունները համարվել են հաստատված։ Այսպես, համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյանը միանձնյա տնօրինել է երկու տարի պաշտոնապես չհաստատված, բայց ըստ էության, օրենքի ուժով հաստատված համարվող բյուջեն։
Սյունիքի մարզի Գորայք համայնքը բնակչության թվաքանակով հանրապետության 75 համայնքներից ամենափոքրն է՝ ընդամենը 1837 բնակիչ ունի: Սակայն խոշորացված համայնքների համեմատությամբ բավականին մեծ բյուջե ունի։ 2016թ.-ի սեպտեմբերին մեկ համայնքում միավորվեցին Սիսիանի տարածաշրջանի 4 գյուղերը՝ Գորայք, Սպանդարյան, Սառնակունք, Ծղուկ, որոնք փոքր, աղքատիկ և ենթակառուցվածքներից զուրկ գյուղեր են։
Միավորված չորս գյուղերից անհամեմատ մեծ ռեսուրս ունի Գորայքը՝ միայն 97 հեկտարարդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր ունի: Գյուղի վարչական տարածքում գտնվող ոսկու հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հողի վարձակալության համար համայնքին տարեկան 111 691 690 դրամ է վճարում: Գորայքի 2022թ.-ի բյուջեում համայնքի սեփական եկամուտների մասնաբաժինն ավելի քան 168 մլն դրամ է, որը հիմնականում գոյանում է հողերի վարձավճարից՝ շուրջ 138 մլն դրամ:
Գորայքը նաև մեծ քանակի գյուղնշանակության հողեր ունի, համայնքի չորս բնակավայրերում բնակչության հիմնական զբաղվածությունը անասնապահությունն ու հողագործությունն է: Հողի տարեկան հարկը կազմում է 19 220 հազար դրամ, մեքենաներից գանձվող գույքահարկը՝ 9 մլն 450 հազար դրամ, ևս 550000 դրամ հարկ գանձվում է համայնքի վարչական տարածքում գտնվող շենք-շինություններից: Հարկային եկամուտների մեջ ամենափոքր մասը տուրքերն են կազմում՝ ընդամենը 860 հազար դրամ: Գույքահարկի չափով համայնքին պետական բյուջեից դոտացիա է տրվում՝ 29 մլն 414 հազար դրամ:
2022թ.-ի վարչական բյուջեն պլանավորել են 185 մլն 380 հազար դրամ, որը շատ շռայլորեն է բաշխվել մի քանի հոդվածներով։ Այդուհանդերձ, վարչական բյուջեն բավականին մեծ է իր ծախսերի համեմատությամբ: 2022թ.-ի բյուջեով 45 մլն դրամ թողնվել է պահուստային ֆոնդում, որը փոխանցվելու է ֆոնդային բյուջե՝ զարգացման ծրագրեր իրականացնելու նպատակով:
Այս տարվա ծախսերի մեջ համայնքապետարանի աշխատակազմի վարձատրությունից ավելի մեծ գումար՝ մոտ 60 մլն դրամ հատկացվել է ծառայություններ և ապրանքներ ձեռք բերելուն: Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգմանը հատկացվել է 87 մլն 500 դրամ:
Նախադպրոցական և միջնակարգ կրթությանը հատկացրել են 9,5 մլն դրամ։ Սոցիալական օգնության համար նախատեսվել է 19 մլն դրամ, որից 3 մլն դրամ՝ հուղարկավորությունների համար, 5 մլն դրամ՝ կրթական, մշակութային և սպորտային միջոցառումների համար, ոչ կառավարական կազմակերպություններին՝ 9 մլն դրամ նվիրատվություն և այլն:
Գորայքը համայնքային ենթակայության հիմնարկներ չունի՝ մանկապարտեզ, երաժշտական, սպորտ դպրոց և այլն: Այսինքն, մեծ ծախսեր չունի և միայն նախադպրոցական ուսումնական հաստատությանն է 4 մլն 800 հազար դրամ հատկացրել:
Սոցիալական նպաստներին հատկացված 19 մլն դրամը չափազանց մեծ գումար է 1837 բնակիչ ունեցող համայնքի համար։ Համայնքապետարանը սոցիալական օգնություն հատկացնելու չափորոշիչներ չի սահմանել, նաև չի հրապարակել որոշումներ, թե ինչպես է հատկացնում այդ օգնությունը՝ ո՞ւմ, ինչքա՞ն գումար է տրվել և ո՞ր դեպքերի համար է տրվել։
Նույնը վերաբերում է ոչ կառավարական կազմակերպությունների համար նախատեսված 9 մլն դրամ նվիրատվությանը: Ո՞ւմ և ի՞նչ նպատակով է հատկացվելու գումարը, պարզ չէ։ Բայց այն, որ մեր հիշատակած բյուջեի տողերով շռայլորեն են գումարները բաշխել, հաստատվում է նաև հրապարակված որոշումներից մեկով։
2020թ. հոկտեմբերի 27-ի թիվ 35-Ն որոշումով համայնքապետարանը 5 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» դրամահավաքին։ Նվիրաբերությունը կատարել են բյուջեի «կրթական մշակութային և սպորտային նպաստներ», «սոցիալապես անապահով անձանց աջակցություն», «հատուկ նպատակային նյութեր» տողերից։ Այսինքն, բյուջեի այս տողերում գումարի ավելցուկ են ունեցել։
2019թ.-ին նորընտիր տեղական իշխանությունը պետք է համայնքի հնգամյա ռազմավարական ծրագիր ընդուներ, բայց չի ընդունել և իրականացրել է համայնքի նախորդ ղեկավարի պաշտոնավարման շրջանում՝ 2016-21թթ.-ի համար ընդունված հնգամյա ծրագիրը: Այս տարի Գորայքի համայնքապետը նոր հնգամյա ծրագիր պետք է ընդունի, բայց դեռևս չի ընդունել:Անցնող տարիներին սուբվենցիոն հայտեր է ներկայացրել՝ հիմք ընդունելով համայնքի նախորդ ղեկավարի արձանագրած կարիքները:
Այսպես. ծրագրով պլանավորված է եղել՝ համայնքի բնակավայրերում կոյուղագծերի մասնակի վերանորոգում և կառուցում, խմելու ջրի ջրագծերի մասնակի վերանորոգում, համայնքի փողոցների լուսավորության ցանցի կառուցում, մանկապարտեզների վերանորոգում և շահագործում, գյուղտեխնիկայի վերազինում և կայանատեղի կառուցել, մշակույթի տան վերանորոգում, աղբահանություն և այլ աշխատանքներ իրականացնել:
Համայնքապետարանը 2018-ից մասնակցել է սուբվենցիոն ծրագրերին և այդ նպատակի համար անցնող 4 տարիներին, մինչև 2022թ.-ը համայնքային բյուջեից հատկացրել է մոտ 288 մլն դրամ։ Սա զգալի ներդրում է համայնքի համար, սակայն շատ առաջնային կարևորության հարցեր հետին պլան են մղվել:
Համայնքապետարանը 2018-22թթ.-ին սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար համայնքային բյուջեից ներդրել է մոտ 288 մլն դրամ։ Ստորև համայնքի ներդրումը՝ ըստ տարիների։
Սուբվենցիոն հայտերը ներկայացնելուց առաջ բնակչության հետ չեն քննարկել, ինչպես կարգն է պահանջում, և ծրագրային առաջնահերթությունները չեն որոշվել։ Հնգամյա ծրագրում համայնքի համար բացասական է դիտարկվել բնակավայրերում մշակութային հիմնարկների, մարզադահլիճների, երիտասարդական կենտրոնների, մանկապարտեզի բացակայությունը, «ինչն էլ երիտասարդ ընտանիքների համար բնակավայրերը լքելու պատճառ է դառնում»:
Համայնքի հնգամյա ծրագրում նկարագրվում է, որ Խորհրդային տարիներին կառուցված մշակույթի տունը ֆինանսական միջոցների բացակայության պատճառով դարձել է անօգտագործելի: Համայնքում դրանից հետո մշակութային կյանքը բացակայում է, խմբակներ չեն գործում: Նախատեսվում է հիմնական վերանորոգման և վերազինման միջոցով բարելավել համայնքային մշակութային կյանքը: Սակայն հինգ տարիների ընթացքում շենքերից որևէ մեկը հիմնանորոգելու համար սուբվենցիայի հայտ չեն ներկայացրել:
2019թ.-ին Սառնակունք բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում են նախատեսել՝ 27 840 դրամ, համայնքային բյուջեից ներդրումը կազմել է 9 մլն 744 դրամ, սուբվենցիան՝ 18,096 հազար դրամ: Ի վերջո, մանկապարտեզը հիմնանորոգվե՞լ է, թե՝ ոչ, գործո՞ւմ է, թե՝ ոչ, մանկապարտեզային տարիքի քանի՞ երեխա կա համայնքում, հայտնի չէ։ Համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյանն այդ հարցերին մեկ պատասխան ունի՝ «եկեք ես այդ հարցերին չպատասխանեմ»։
2022թ․-ին Գորայք համայնքի ավագանին սուբվենցիոն 8 հայտ է հաստատել՝ Կառավարություն ներկայացնելու համար՝ համայնքային բյուջեից ընդհանուր 131 մլն դրամ ներդրումով։ Մշակութային և կրթական հաստատությունների հիմնանորոգումներ դարձյալ չեն նախատեսել։