Սյունիք ԻնֆոՏունը հանդիպում էր կազմակերպել Սյունիքի մարզի ուսուցիչների և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ՏՏ մասնագետ Նվարդ Սարգսյանի մասնակցությամբ: Հանդիպման հյուրերն էին նաև Տաթևի միջնակարգ դպրոցի տնօրեն Նորվարդ Մովսիսյանը, Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի փոխտնօրեն Անահիտ Մինասյանը և Գորիսի պետական քոլեջի փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը:
Հանդիպման սկզբում մասնակից ուսուցիչները ներկայացրեցին, թե ինչպես են կազմակերպում հեռավար ուսուցումը, ինչ գործիքներ են կիրառում դասընթացներն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Անահիտ Մինասյանի խոսքով իրենց դպրոցը դժվարություններ ունեցել է հեռավար ուսուցման կազմակերպման առաջին շաբաթների ընթացքում, իսկ հետո, երբ բոլորը սկսեցին ուսուցումը իրականացնել zoom հարթակի միջոցով, խնդիրները աստիճանաբար լուծում ստացան: Առավել դյուրին դարձավ առցանց հարթակով աշխատել, երբ սկսեցին աշխատել նախապես հաստատված դասացուցակով: Հեռավար ուսուցման խնդիրներից ամենամեծը կապված է նրա հետ, որ ոչ բոլոր դպրոցականներն ունեն համակարգիչներ, բայց դպրոցը հետևողական եղավ նրանց հայտնաբերելու գործում և որոշակի լուծում գտնվեց։
Հեռավար ուսուցմանը աշակերտների մասնակցությունը խնդիր առաջացրեց այն ժամանակ, երբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ աշակերտների կիսամյակները կամփոփվեն մինչև մարտի 13-ը դպրոցում առկա մատյաններում նշանակված գնահատակնների: Դրանից հետ աշակերտները դժվարությամբ էին միանում դասերին, սակայն առանձին ծնողների հետ հեռախոսազրույցներից հետո աշակերտները շարունակեցին մասնակցել օնլայն դասերին:
Քոլեջի փոխտնօրենի խոսքով իրենք մտավախություն ունեին, որ չի ստացվի հեռավար ուսուցումը, սակայն ընթացքում խնդիրները հիմնականում լուծվեցին։ Քոլեջի պարագայում հեռավար ուսուցման կազմակերպումը բարդ է հատկապես այն դասաժամերի դեպքում, երբ ուսուցումը պետք է կազմակերպվեր արհեստանոցներում: Կարևոր խնդիր է նաև աշակերտների հետ մասնագիտական կողմնորոշման հանդիպումների կազմակերպումը, որոնք, սովորաբար, անցկացվում են ուսումնական տարվա փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում։ Այդ գործընթացը կարևոր է քոլեջը նոր ուսանողներով համալրելու առումով։ Որպես այլընտրանք, առավել մեծ ուշադրություն են դարձրել օնլայն ռեսուրսների օգտագործմանը և քոլեջի պաշտոնական կայքի միջոցով շարունակում են տարածել անհրաժեշտ տեղեկատվությունը:
Այլ է իրավիճակը գյուղական բնակավայրերի դպրոցներում: Տաթև միջնակարգ դպրոցի տնօրեն Նորվարդ Մովսիսյանը նշում է, որ գյուղերում առավել հաճախ հանդիպող խնդիրները կապի ապահովումն է և դրա տեխնիկական սպասարկումը։
Որպես տնօրեն, հեռավար ուսուցման օրերին ինքը շարունակել է կատարել: Տնօրենն իր մտահոգությունն է հայտնում վերջերս տարածվող այն խոսակցությունների մասին, ըստ որոնց, հեռավար ուսուցանումը շարունակվելու է նաև սեպտեմբերին: Նրա համար առանձնապես անհանգստացնող է առաջին դասարանցիների հարցը, արդյո՞ք բոլոր ծնողները կկարողանան կամ ժամանակ կունենան աշխատել իրենց երեխաների հետ։
Հանդիպման վերջում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ՏՏ մասնագետ Նվարդ Սարգսյանը ներկայացրեց, թե ինչպես են իրենք իրականացնում հեռավար ուսուցումը: Նա շեշտեց, որ ուսուցման այդ մեթոդը իրենց կրթահամալիրի համար նորույթ չէ, և տարիներ շարունակ իրենց կրթօջախում նաև օնլայն ուսուցում է կազմակերպվում։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց այն գործիքները, որոնց միջոցով կրթահամալիրը իրականացնում է ուսուցումը: Հիմնականում օգտագործում են Microsoft Teams-ը: Քննարկումից հետո Ն. Սարգսյանը ծանոթացրեց google forms գործիքին, որի օգնությամբ հեռավար ուսուցման ընթացքում ուսուցիչները կկարողանան կազմել օնլայն գրավոր աշխատանքներ: