Երեկ նոր կորոնավիրուսի հետազոտման նպատակով թեստավորվել է 30 քաղաքացի, որոնցից առայժմ հայտնի է 19-ի արդյունքները. Նրանցից չորսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Ավելի վաղ գրանցվել էր ևս չորս դեպք։
Թեստ են հանձնել նաև Գորիսի բժշկական կենտրոնի դիալեզի բաժնի բուժաշխատողները, արդյունքները բացասական են եղել։Այսօր կթեստավորվեն նաև դիալեզ ստացող հիվանդները։ Այժմ բուժում է ստանում 26 քաղաքացի, որոնցից 19-ը՝ տնային պայմաններում, մյուսները՝ բուժհաստատություններում։
Covid 19-ի դեպք է արձանագրվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի երկու աշխատակցի մոտ. այս մասին https://mediapoint.am/-ին տեղեկացրին Գորիսի բժշկական կենտրոնից։
Վարակակիրների շփման շրջանակներից ինքնամեկուսացված է 107 քաղաքացի։
Մամուլի ակումբի կողմից պարբերաբար տեղեկություններ հրապարակելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված Գորիս, Տեղ, Տաթ համայնքներում իրավիճակի մասին, նպատակ ունենք հորդորելու բնակիչներին, որպեսզի պահպանվեն հակահամաճարակային կանոնները։ Դրա հետ միասին ստանում ենք զանգեր, նամակներ, որոնցով քաղաքացիներից ոմանք դժգոհում են վարակման օջախի մասին տեղեկությունների տարածման փաստից։ Հարկ ենք համարում նշել, որ, չխախտելով մարդկանց անձնական տվյալների պահպանման կանոնները, դրանք հրապարակվում են բացառապես զգոնության կոչ անելու նպատակով և տարօրինակ է, որ մարդիկ խուսափում են հիվանդության հնարավոր վարակակիր լինելու մասին հայտնի դառնալուց։ Covid 19-ով վարակվելու հավանականություն ունի ցանկացած քաղաքացի։
Սեփ. լրատվություն