Սեպտեմբերի 27-ին Արցախյան երկրորդ պատերազմի օրերին Արցախի տարբեր շրջաններից տեղահանված 3000-ից ավելի մարդ ժամանակավոր ապաստան էր գտել Գորիսի նախակրթարաններում, որի պատճառով չորս ամսվա ընթացքում մոտ 1200 երեխա դադարել էր նախակրթարան հաճախել։ Բացի նախադպրոցական կրթության ապահովումից, խնդիր էր նաև աշխատող ծնողների համար՝ երեխաների խնամքը զուգահեռելու աշխատանքի կամ այլ զբաղվածության հետ։ Մարդիկ ըմբռնումով էին վերաբերվում ստեղծված իրավիճակին, բայց, ընտանիքի եկամուտի ապահովության կարիք ունեին:
«Ես և ամուսինս աշխատում էինք, երեխաներին պահող չկար, երկու շաբաթով արձակուրդ վերցրեցի, կարծելով, որ շուտով մանկապարտեզները կվերաբացվեն»,-պատմում է Սիրանուշը, ում երեխաներին ամիսներ շարունակ խնամում էր 65 տարեկան պապիկը:
Նախակրթարաններում տեղահանվածների խնամքն իրականացնում էին աշխատակիցները, ովքեր աշխատում էին հերթափոխով, որովհետև պարբերաբար մարդկանց թիվն ավելանում էր և անհրաժեշտ էր նրանց ապահովել սննդով, պատշաճ պայմաններ ապահովել, մեծահասակների համար կենցաղային հարմարություններ ստեղծել՝ բաղնիք, լվացքատուն։ Հաճախ մահճակալները և անկողնային պարագաներն այլևս բավարար չէին մեծահասակների համար դժվարություններ կային նաև մանկական կահույքի առումով․ սնվելու, քնի կազմակերպման համար օգտագործում էին կամ առանձին անհատների, կազմակերպությունների հատկացրած ծալովի մահճակալները, կամ ստիպված էին մանկական մահճակալները միացնել միմյանց, չնայած դրանով ևս անհարմար էր։
Մինչ այդ մի շարք նախակրթարաններ ջեռուցվում էին փայտե վառարաններով, և որոշակի քանակով վառելափայտ էր պահեստավորվել, սակայն դա բավարարեց ընդամենը մի քանի շաբաթ, քանի որ ստիպված էին շուրջօրյա ջեռուցում ապահովել։
Որքան էլ, որ նախակրթարան հաճախող երեխաների ծնողներն ըմբռնումով էին վերաբերում ստեղծված իրավիճակին, այնուամենայնիվ նրանցից ոմանք հաճախ դժգոհում էին, որ ստիպված են աշխատանքը թողնել երեխայի խնամքի պատճառով կամ մտահոգվում էին նախադպրոցական կրթության կազմակերպման «ձախողման» համար։
Երբ վերականգնվեց նախակրթարանների բնականոն աշխատանքը, ակնհայտ էր, որ որոշակի գույք, մասնավորապես խոհանոցային, անկողնային պարագաներ այլևս պիտանի չէր գործածելու համար, և նաև դա էր պատճառը, որ դժվարություններ առաջացան երեխաների նոր ընդունելություն կազմակերպելու գործում։
Գորիսի համայնքապետարանի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի առաջատար մասնագետ Հասմիկ Աբրահամյանի խոսքով 2021 թվականի մինչ նոյեմբեր նախակրթարան հաճախելու համար հերթագրված երեխաների թիվը հասնում է 170-ի: Ընդհանուր հաշվով այժմ Գորիս քաղաքի նախակրթարաններ են հաճախում 1062 երեխա:
Նախակրթարանների գույքի համալրման ուղղությամբ համայնքային իշխանությունները, համագործակցում են տարբեր կազմակերպությունների հետ, սակայն պահանջարկն ավելի մեծ է, քան ձեռք բերվածը։
Համայնքապետարանի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Նարեկ Մնացականյանի խոսքով, նախակրթարանների կրած գույքային վնասի գնահատում չի իրականացվել, քանի որ ըստ նրա, դրանք էական չեն։
Պատերազմից հետո նաև վերանորոգման մասնակի աշխատանքներ են կատարվել Գորիսի երեք նախակրթարաններում, սակայն չկան երաշխիքներ, որ պատերազմի կամ այլ արտակարգ իրավիճակների պայմաններում նախակրթարանները նորից չեն վերակազմակերպվի ապաստարանների, որի պատճառով ֆինանսական լրացուցիչ ռեսուրսների կարիք կլինի։
Ստորև ներկայացված է 2019, 2020 թվականների Գորիսի համայնքապետարանի նախադպրոցական կրթության համար նախատեսված տարեկան բյուջեն, կատարողական ծախսը և մնացորդը: 2021 թվականի նախատեսված գումարը կազմում է մոտ 310 միլիոն դրամ, որի 258 956 000 մինչև նոյեմբեր ծախսվել է: Նախատեսված բյուջեն տարիների կտրվածքով ավելանում են պայմանավորված սննդի գնի թանկացմամբ և նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ:
Պատերազմը մեծ ազդեցություն է թողել նաև երեխաների նախադպրոցական կրթության բազմակողմանի զարգացման ապահովման, ընդունակությունների, կարողությունների, անհատական, հոգեկան և ֆիզիկական վարվելակերպի՝ տարրական նորմերի ձևավորման առանձնահատկությունների զարգացման վրա: Այս մասին նշում են նախակրթարանների դաստիարակները, տնօրենները, ասելով, որ ազդեցությունը հիմնականում նկատելի է եղել այն խմբերի համար, որոնք նախապատրաստվում են դպրոցի։ Բնականաբար, նախադպրոցական կրթության կազմակերպումն օնլայն եղանակով հնարավոր չէ կազմակերպել, իսկ այլընտրանքային նախակրթարաններ համայնքում սկսել են գործել վերջերս՝ անհամեմատ բարձր վարձավճարով, քան համայնքայինները։
Հոդվածը պատրաստվել է «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագրի շրջանականերում։
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Գորիսի Մամուլի Ակումբ» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
