2024 թվականին բակալավրի կրթական աստիճանով առկա կրթաձևով Գորիսի պետական համալսարան է դիմել 70 դիմորդ։
«էլեկտրաէներգետիկա» մասնագիտությունով ոչ մի դիմորդ չի եղել։
Գորիսի պետական համալսարանի շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի մասնագետ Անի Գալստյանն ասում է, որ ունեն լիցենզավորված 30-ից ավելի մասնագիտություն, միշտ դիտարկում են, թե աշխատաշուկան ինչ պահանջներ ունի և ըստ արդյունքների, արտոնագրման հայտ են ներկայացնում, սակայն աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան ներդրված մասնագիտություններում նույնպես դիմորդներ չկան։
Համալսարանում դիմորդների նվազումը կապվում է նաև Արցախի բռնի հայաթափման հետ. նախորդ տարվա ընդունելության ժամանակ Քաշաթաղի շրջանից համալսարանն ունեցել է 30 դիմորդ. այժմ բուհի՝ Արցախից տեղահանված ուսանողների թիվը 10-ից ավելի է։
Համալսարանն ունի նոր մասնագիտություններ, որոնք իրականացվում են հեռակա կրթաձևով՝ բակալավրիատում՝ «Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա», իսկ մագիստատուրայում՝ «Մաթեմատիկա», «Կենսաբանություն» և «Քիմիա», որտեղ ուսանողը հնարավորություն կունենա ստանալու 70 հազար կրթաթոշակ։
Անի Գալստյանը նշում է, որ նախատեսում են մագիստրոսի կրթական աստիճանով ներդնել «Դեղագործություն», «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունները։ «Մագիստրոսի կրթական աստիճանով «Դեղագործություն» մասնագիտության ներդնումը հրաշալի կլիներ, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսանողներն ավարտում են բակալավրիատը, սակայն հնարավորություն չեն ունենում աշխատել դեղատներում, քանի որ բակալավրիատի շրջանավարտին նման հնարավորություն չի տրվում, եթե ներդրվի նույն մասնագիտությունը՝ մագիստորսի կրթական աստիճանով, պատկերն ամբողջովին կփոխվի»,-նշում է նա։
Գորիսի պետական համալսարանը հնարավորություն է տալիս նաև բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին բակալավրի կրթական աստիճանով ստանալ մանկավարժի որակավորում։
Մեկ այլ պատկեր է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում։
2022-2023 ուսումնական տարում 90 դիմորդ են ունեցել։ Քոլեջի տնօրենի պաշտոնակատար Աննա Տոռոզյանը նշում է, որ տվյալ մասնագիտություններով դիմորդների հետաքրքրությունը կապված է պետական ծրագրի շրջանակում գերակա համարվող մասնագիտություններով ուսանողներին տրամադրվող բարձր կրթաթոշակի հետ։ «Համեմատելով անցած տարիների հետ, այս տարի ունենք գերակա մասնագիտություններ, որտեղ ուսանողներն ամսական 50 հազար դրամ կրթաթոշակ են ստանում»։
Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում ներդրված մասնագիտություններից ՀՀ կառավարության կողմից գերակա են համարվում «Անասնաբուժություն», «Գյուղացիական ֆերմերային տնտեսության կազմակերպում», «Գյուղատնտեսության մեքենայացում» և «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտությունները։
«Գյուղացիական ֆերմերային տնտեսության կազմակերպում» մասնագիտությունը նոր է, որը Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում իրականացվելու է 2024-2025 ուսումնական տարվանից սկսած։
Վիճակագրության համաձայն, Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի շրջանավարտների 60%-ն աշխատում է, որոնց մի մասն իրենց մասնագիտությամբ, իսկ շրջանավարտների 40%-ն ուսումը շարունակում է բարձրագույն ուսումնական հաստատություններում։
««Մավետա» ծրագրի շրջանակներում մենք համագործակցում ենք «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության հետ։ Այս տարի Դուալ կրթություն ենք իրականացնում, որը փորձնական է։ Համապատասխան Դուալ կրթության, ուսումնական պլանով նախատեսված դասաժամերի 30%-ը հատկացվում է տեսական ուսուցմանը, իսկ 70%-ը՝ ոլորտի գործատուների մոտ պրակտիկային։ Այս ծրագրով ուսանողների տեսական ուսուցումն իրականացվում է քոլեջում, իսկ գործնական պարապմունքները կազմակերպվում են տարածաշրջանի գործատուների մոտ»,-ասաց Աննա Տոռոզյանը։
Դուալ կրթությամբ քոլեջում ներդրված մասնագիտություններն են՝ «Տրակտորիստ-մեքենավար», «Պանրագործություն»։ Նախատեսվում է նաև ներդնել «Այգեգործություն» մասնագիտությունը։ Այժմ քոլեջում ոչ ֆորմալ կրթությամբ իրականացվում է «Մեղվաբուծություն» դասընթացը, որի շրջանավարտները ստանում են վկայականներ։ Նշում են, որ եթե հետաքրքրվածությունը շարունակի բարձր լինել, նախատեսում են ներդնել մասնագիտությունը՝ ֆորմալ կրթությամբ։
Աննա Տոռոզյանը նշում է, որ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի և Բեռնի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն, հնարավորություն է ստեղծվել ապահովել ուսանողների շարժունությունը։ Համապատասխան այդ պայմանագրի, այս տարի քոլեջ են այցելել Բեռնի համալսարանի ուսանողները, իսկ մոտ ժամանակներս նախատեսվում է քոլեջի ուսանողների այց՝ Շվեյցարիա։
Գորիսի պետական քոլեջը 2022-2023 ուսումնական տարում ունեցել է 145 դիմորդ։
«Նախորդ ուսումնական տարվա ընթացքում քոլեջում ներդրվել է «Բրուտագործություն» մասնագիտությունը, իսկ 2024-2025 ուսումնական տարում նախատեսվում է ներդնել «Լուսանկարչական գործ» մասնագիտությունը, որը, կարծես, տարածաշրջանում պահանջված մասնագիտություններից է, ինչը կարելի է կապել նաև Գորիսի տարածաշրջանում տուրիզմի զարգացման հետ»,-ասում է քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Դավիթ Ջուլհակյանը։
Այս տարի քոլեջը նախատեսում է ֆինանսական փոխհատուցում Գորիսի սահմանամերձ բնակավայրերից քոլեջում սովորող ուսանողների ճանապարհածախսի համար։
Գորիսի պետական քոլեջում ներդրված են շուկայում մեծ պահանջարկ ունեցող ՏՏ ոլորտի մասնագիտություներ՝ «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «Համակարգիչների շահագործում», որոնց գծով ընդունելությունը միշտ իրականացվում է մրցութային հիմունքներով, այսինքն՝ դիմում են ավելի շատ դիմորդներ, քան տվյալ մասնագիտությունների համար սահմանվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից։ Տվյալ մասնագիտությունների ուսանողներն իրենց պրակտիկաներն անց են կացնում «AugmentAr» և «Zealous» ընկերություններում։ «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության բարձր առաջադիմության շրջանավարտները հնարավորություն ունեն իրենց ուսումը շարունակելու Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի համապատասխան մասնագիտությունների 2-րդ կուրսում՝ առկա կամ հեռակա կրթաձևով։
Քոլեջում ներդրված են նաև բժշկական մասնագիտություններ, որոնց շրջանավարտները մեծ պահանջարկ ունեն տարածաշրջանում։ Մասնավորապես, «Քույրական գործ» և «Դեղագործություն» մասնագիտություների շրջանավարտները ներկայումս աշխատում են Գորիսի բժշկական, Գորիսի Ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոններում և տարածաշրջանի դեղատներում։ Այս մասնագիտությունների բարձր առաջադիմության շրջանավարտները նույնպես կարող են իրենց ուսումը շարունակել բուհերում։
«Պարբերաբար իրականացվում են ուսումնասիրություններ և դիտարկվում է, թե աշխատաշուկայում ինչ պահանջարկ կա, և ըստ այդ, ներ են դրվում նոր մասնագիտություններ։ Մասնավորապես, վերջին տարիների նորություններից է «Պարի ուսուցում» մասնագիտությունը, սակայն դիմորդների սակավության պատճառով 2023-2024 ուսումնական տարում կուրսը չի համալրվել։ Հուսամ՝ այս ուսումնական տարում այն կկայանա, քանի որ ներգրավվել է արհեստավարժ պարուսույց»,-նշեց Դավիթ Ջուլհակյանը։
Քոլեջը համագործակցում է «Էրազմուս պլյուս» ծրագրի հետ, նախատեսվում է աշնանը տվյալ ծրագրով իրականացնել ուսանողների փոխանակում՝ ծրագրի անդամ պետությունների միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ։
2022-2023 ուսումնական տարվանից սկսված հանրապետության բոլոր դպրոցներում առկա է «Մասնագիտական կողմնորոշման ակումբ» խմբակը, իսկ 2024-2025 ուսումնական տարվանից սկսած դառնալու է պարտադիր բոլոր չափորոշչային դասարաններում՝ մասնավորապես ութերորդ դասարանից սկսած։
Մասնագիտական կողմնորոշման ակումբի շրջանակներում աշակերտները ծանոթանում են առաջարկվող մասնագիտություններին ոչ միայն բուհական համակարգում, այլև միջին և նախնական մասնագիտական համակարգում, ծանոթանում, թե ինչ սկզբունքով կարող են ընդունվել տվյալ հաստատություններ։
Գորիսի մասնագիտական կրթական հաստատությունները մասնագիտական կրթության աջակցման շրջանակներում հյուրընկալվում են Գորիսի տարածաշրջանի դպրոցներում, այդ շրջանակներում ներկայացնում են իրենց հաստատություններում ներդրված մասնագիտությունները, հնարավորություններն, առավելությունները։