Հունիսի 7-ից 13-ը ամերիակացի հայտնի շեֆ – խոհարար, խոհարարական գրքերի հեղինակ, Mundo Hospitality Group-ի հիմնադիր Մերի Սյու Միլիկենը՝ Հերմոսա Բիչում գտնվող «Բարշա» ռեստորանի և «Բարշա Վայնզ Էնդ Սպիրիթս» համտեսի սրահի սեփականատեր և շեֆ խոհարար Լենորա Մորանի հետ այցելել են Հայաստան` խոհարարական դիվանագիտության ծրագրի շրջանակում, որի առանցքում պարենային կայունության և պարենային ձեռներեցության հարցերն են։ Այցը կազմակերպվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից։
Շեֆ խոհարարներ Միլիկենը և Մորանին Հայաստանում ցուցադրում են իրենց խոհարարական վարպետությունը, անցկացնում վարպետության դասեր ուսանողների, խոհարարների հետ՝ ընդգծելով պարենային կայունությունը և նորարարությունները։
Ուսումնական նախաձեռնություններն իրականացվում են գործակցելով «Երևանի գինու օրեր» փառատոնի, «Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիայի», «Հրուշակագործության արվեստի ակադեմիայի» և Վայոց ձորի մարզային քոլեջի հետ։
Վայոց ձորի մարզային քոլեջում սովորող ապագա խոհարարների հետ պատրաստեցին կալիֆորնիական ֆյուժն տակոներ, խոսեցին իրենց փորձից և տվեցին խորհուդներ։
Պարենային կայունության հարցերին նվիրված խոհարարական ճամփորդությանը՝ շեֆ – խոհարարների հետ միասին մասնակցում էին նաև ֆուդբլոգերներ Հեղնար Շալունցը և Արփինե Բուգուլյանը։
Ամերիկյան դեսպանատան մշակութային կցորդ Նաթան Օսթինի խոսքով՝ նրանք ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ավելի քան 30 տարի աշխատում են մթերք արտադրողների հետ՝ զբոսաշրջության և էկո համակարգում։
«Խոհարարական դիվանագիտության այս այցելությունը հնարավորություն է, որպեսզի բոլորս մտածենք ինչքան բախտավոր ենք, որ այսպիսի հրաշալի մարդիկ և այսքան հայտնի շեֆ – խոհարարներ եկել են այստեղ, որպեսզի ներկայացվի այն ամբողջ աշխատանքը, որը տեղացի արտադրողները արել են այս տարիների ընթացքում»-,ասաց նա mediapoint.am-ին։
Շրջայցի ժամանակ նրանք եղան Սիսիանում։ Sisian Ceramics ընտանեկան Գաստրոբակում բացահայտեցին հայկական ավանդական քյալագյոշը՝ ոսպով թանապուրը, իսկ Գորիսի Միրհավ հյուրանոցում նրանք խոհարարների հետ պատրաստեցին ժենգյալով հաց, փլավ և թխեցին փախլավա։
«Ես հավանում եմ հայկական խոհանոցի պարզությունը, ինձ ոգեշնչեց ժենգյալով հացը, տարբերվող է, անհամբեր սպասում եմ երբ եմ գնալու իմ մեքսիկական ռեստորան և այնտեղ պատրաստեմ»,-ասաց շեֆ խոհարար Մերի Սյու Միլիկենը mediapoint.am-ին։
Նրանց համար Հայաստանում ամենատպավորիչը մարդիկ էին, ասում են շատ ջերմ, բաց և հոգով բարի են։
