Mediapoint-ը գործում է փաստերի վրա հիմնված, պատասխանատու և անկախ լրագրության սկզբունքներով՝ բարձր գնահատելով անաչառությունը, բազմակողմանիությունը և հանրային վստահությունը։ Մեր խմբագրական գործունեության առանցքում է ճշգրիտ տեղեկատվության հաղորդումը՝ առանց մանիպուլյացիայի, քաղաքական կամ տնտեսական շահերի ազդեցության։
Մենք կարևորում ենք լրագրողական էթիկան՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերի ներկայացմանը, հանրային հնչեղություն ունեցող թեմաների հավասարակշռված լուսաբանմանը, ինչպես նաև լրագրողների անվտանգության ապահովմանը՝ որպես պրոֆեսիոնալ աշխատանքի անբաժան մաս։ Լրագրողների անվտանգությունը «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի համար դիտարկվում է որպես առաջնահերթություն:
Անաչառություն և բազմակողմանիություն
«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի ստեղծագործական թիմը գործում է անաչառության, անկողմնակալության և փաստերի ստուգման սկզբունքներով։ Հատկապես հանրային հնչեղություն ունեցող դեպքերի լուսաբանման ժամանակ, լրագրողները պարտավոր են տեղեկատվություն հավաքել մի քանի աղբյուրներից՝ առաջնություն տալով փաստարկված և փորձագիտական կարծիքներին։
Քննադատական մտածողությունն ու սկեպտիկ վերաբերմունքը ստացվող տեղեկատվության նկատմամբ լրագրողական աշխատանքի կարևոր բաղադրիչներ են։ Լրատվամիջոցը չի թելադրում հանրային կարծիք, այլ ներկայացնում է հավասարակշռված տեղեկատվություն՝ նպաստելով գիտակցված որոշումների կայացմանը։
Մարդկային պատմություններ և խոցելի խմբերի պաշտպանություն
Խմբագրակազմը խստորեն հետևում է «Մի վնասիր» սկզբունքին՝ լուսաբանելիս մարդկային պատմություններ և խոցելի խմբերի խնդիրներ։ Երեխաների մասին նյութերում, հատկապես երբ դրանք վերաբերում են սոցիալական կարգավիճակին կամ առողջական խնդիրներին, խուսափում ենք լուսանկարներից կամ դիմանկարային բացահայտումներից։ Անհրաժեշտության դեպքում կիրառվում են դեմքի ծածկման մեխանիզմներ։
Այս աշխատանքն իրականացվում է խմբագրության ներսում մշակված ուղեցույցների համաձայն՝ նպատակ ունենալով պաշտպանել մարդկանց արժանապատվությունը։
Ճշգրտություն և հավաստիություն
Ճշգրտությունը մեր խմբագրական աշխատանքի առանցքային պահանջներից է։ Թեև օպերատիվությունը կարևոր է, այն երբեք չի գերակայում փաստերի ստուգման նկատմամբ։ www.mediapoint.am-ը չի գործում «նորությունների ժամային ռեժիմով» (news time), ինչը մեզ հնարավորություն է տալիս ներկայացնելու խորքային, փաստարկված ու հավաստի բովանդակություն։
Մենք կիրառում ենք փաստերի ստուգման գործիքներ, բազմաղբյուր ստուգում և խմբագրական ներհամակարգային վերանայում՝ նյութերի ճշգրտությունը երաշխավորելու նպատակով։
Սոցցանցերում հրապարակվող բոլոր նյութերը նույնպես անցնում են նույն ստանդարտներով վերահսկման գործընթաց։ Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերից ստացված տեղեկությունները դիտարկվում են որպես համեմատաբար կասկածելի աղբյուրներ, քան պաշտոնական կամ փորձագիտական հարթակները։
Թափանցիկություն և սխալների ուղղում
Եթե հրապարակված նյութում հայտնաբերվում է անճշտություն, խմբագրակազմը պարտավորվում է անհապաղ հրապարակել հերքում կամ ճշգրտում՝ անկախ նրանից, ներկայացվե՞լ է այդ մասին պահանջ, թե ոչ։ Սա մեր լսարանի վստահությունը պահպանելու կարևոր երաշխիքներից է։
Խմբագրական անկախություն
Mediapoint-ի ստեղծագործական թիմը քաղաքական կամ տնտեսական որևէ խմբի ազդեցության ներքո չէ։ Խմբագիրը կամ խմբագրական ղեկավարությունը չեն պարտադրում սեփական տեսակետները լրագրողներին։ Վերջիններս ազատ են ներկայացնելու իրենց կարծիքները, եթե դրանք համապատասխան են խմբագրության արժեքներին և չեն խախտում էթիկական սահմանները։
Մեր լրատվամիջոցը չի ծառայում որևէ կուսակցության, պետական կառույցի կամ առանձին շահերի խմբի, և չի կարող օգտագործվել քարոզչության նպատակով։
Հանդուրժողականություն և ներառականություն
Մենք հարգում ենք բոլոր ազգային, կրոնական, ռասայական և սոցիալական խմբերի իրավունքները։ Հանդուրժողականությունն ամրագրված է խմբագրակազմի աշխատանքային վարքագծում։ Միևնույն ժամանակ, լրատվամիջոցը չի իրականացնում որևէ խմբի շահերի քարոզ՝ մյուսների հաշվին։
Լրագրողների անվտանգություն
Լրագրողների ֆիզիկական, հոգեբանական և թվային անվտանգությունը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է։ Մենք ստեղծում ենք անվտանգ աշխատանքային միջավայր, տրամադրում ենք համապատասխան ուսուցում, տեխնիկական պաշտպանություն և անհրաժեշտության դեպքում՝ իրավաբանական աջակցություն։ Լրագրողների պաշտպանությունը դիտարկվում է ոչ միայն որպես էթիկական, այլև որպես մասնագիտական պարտավորություն։
Մասնագիտական զարգացում և տեխնիկական կարողություններ
Խմբագրակազմի շարունակական զարգացումը կարևոր է մեր աշխատանքի որակի պահպանման համար։ Մենք պարբերաբար կազմակերպում ենք վերապատրաստումներ, փորձի փոխանակման նախաձեռնություններ, և գոնե տարեկան մեկ անգամ թարմացնում ենք խմբագրության տեխնիկական միջոցները՝ ապահովելով արդիական գործիքներով աշխատանք։




