«Սիփան» կահույքի արտադրամասը Վարդան Ստեփանյանը 14 տարի առաջ է հիմնադրել։ Ձեռնարկությունում իրականացվում է կահույքի արտադրության ամբողջական շղթա՝ դիզայներական նախագծումից մինչև վերջնական հավաքում և տեղադրում։ Արտադրանքն իրացվում է թե՛ Սյունիքում, թե՛ այլ մարզերում, և թե՛ Երևանում։ Օգտագործվում է տեղական և ներկրված հումք։ «44-օրյա պատերազմից հետո արտադրությունը կանգնել էր, Արցախից այլևս պատվեր չունեինք, իսկ տեղացիներն էլ կահույք գնելու սիրտ չունեին, բայց այսօր ամեն ինչ հունի մեջ է ընկել, պլանավորում ենք արտադրամասն ընդլայնել, նոր աշխատատեղեր ստեղծել»,-ասում է Վարդանը։ Արտադրամասի առանձնահատուկ մոտեցումներից մեկը կադրային քաղաքականությունն է։ Այստեղ ոչ միայն պատրաստի մասնագետների են սպասում, այլև ուսուցումներ են կազմակերպում։ Ինքը՝ Վարդան Ստեփանյանը, կահույքագործություն է դասավանդում Գորիսի բազմագործառութային պետական քոլեջում։ Սովորաղները հնարավորություն ունեն ուսուցումից հետո աշխատել «Սիփանում»։





