2026 թվականի մարտի 31-ին Սիսիան համայնքում տեղի ունեցավ քննարկում՝ «Ժողովրդավարությունը գործնականում․ համապետական ընտրություններից դեպի տեղական ժողովրդավարություն և քաղաքացիական մասնակցություն» թեմայով։ Միջոցառման նպատակն էր քննարկել ժողովրդավարության գործնական դրսևորումները տեղական մակարդակում՝ ուշադրություն դարձնելով քաղաքացիների մասնակցության հնարավորություններին, հաշվետվողականության մեխանիզմներին և տեղական ժողովրդավարության մարտահրավերներին։
Քննարկմանը մասնակցել է 34 անձ՝ ներառյալ ավագանու անդամներ, բիզնեսի, կրթության, անվտանգության, պաշտպանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսանողներ և գործազուրկ քաղաքացիներ։ Մասնակիցների նման բազմազան կազմը հնարավորություն է տվել ձևավորելու բազմակողմանի և ներառական քննարկում՝ տեղական խնդիրների և ժողովրդավարական գործընթացների շուրջ։
Քննարկման փորձագետներն էին Արթուր Սաքունցը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից և Կարեն Հովհաննեսյանը՝ ՏԻՄ փորձագետ։
Քննարկման մեկնարկին մասնակիցներին առաջարկվել է ներկայացնել մեկական տեղական և տարածաշրջանային խնդիր, որն իրենց առավելապես մտահոգում է և որը, ըստ նրանց, ազդում է համայնքային կյանքի, տեղական ժողովրդավարության, անվտանգության կամ քաղաքացիական մասնակցության վրա։ Բարձրացված խնդիրները գրանցվել են և հետագա քննարկումը կառուցվել է հենց դրանց շուրջ։
Մասնակիցների կողմից առանձնացվել են հետևյալ հիմնական խնդիրները՝ անվտանգություն և բանակ, կրթություն, զբաղվածության և աշխատատեղերի պակաս, ոչ բավարար մասնագիտական կարողություններով կառավարում, արտագաղթ՝ հատկապես երիտասարդների շրջանում, միջհամայնքային ճանապարհների վիճակ, գյուղական բնակավայրերի կենցաղային վատ պայմաններ, փոքր համայնքներում ներկուսակցական հարաբերություններ, բիզնեսի և քաղաքականության փոխազդեցություն, ինչպես նաև փոքր բիզնեսի նկատմամբ տեղական մակարդակում վերաբերմունքի հարցեր։
Այս խնդիրների շրջանակը ցույց է տալիս, որ տեղական ժողովրդավարության վերաբերյալ ընկալումները մասնակիցների մոտ անմիջականորեն առնչվում են համայնքի սոցիալ-տնտեսական, կառավարչական և անվտանգային իրավիճակին։
«Իրականում կառավարման բացերն են երևում թե՛ տեղական մակարդակում, թե՛ պետական։ Միշտ հիշենք, որ ժողովրդավարությունը ոչ սկսվում է, ոչ էլ ավարտվում ընտրություններով։ Ժողովրդավարությունը մեր առօրյա կյանքի մասը պիտի լինի։ Եվ դրա համար այս բոլոր խնդիրների մեջ իրականում ժողովրդավարության հետ կարելի է կապեր տեսնել, թե ազդեցությունը, թե խոչընդոտները»-նշեց Արթուր Սաքունցը։
Քննարկման ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել նաև տեղական ժողովրդավարությունը խթանող վարչատարածքային փոփոխություններին, մասնավորապես, Սիսիանի վերախոշորացման և դրա հետևանքներին։ Այս հատվածը մասնակիցների կողմից դրական է գնահատվել, քանի որ հնարավորություն է տվել վերանայելու, թե կառավարման կառուցվածքային փոփոխությունները որքանով են ազդել համայնքային մասնակցության, վստահության և տեղական ինքնակառավարման արդյունավետության վրա։
***
Այս մեդիանյութը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) աջակցությամբ՝«Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս մեդիանյութի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ–ն, և այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։



