9-րդ գումարման Ազգային ժողովի 105 պատգամավորներից 8-ը սյունեցի են։ 4 պատգամավոր ընդդիմությունից, 4-ը՝ կառավարող ուժից։
Լևոն Լևոնյան

Սյունիքը խորհրդարանում կառավարող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից կներկայացնի գորիսեցի, 33-ամյա Լևոն Լևոնյանը։ Նա ընտրացուցակի 34-րդ համարն է։ Լևոնյանն ավարտել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը, 2022 թ․-ից սովորում է Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ֆակուլտետում։ 2018 թ. ապրիլից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի նախագահն է, մինչև պատգամավոր դառնալը Երևանի ավագանու անդամ էր, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը։ Ի դեպ, Լևոն Լևոնյանն աշխատել է Ազգային ժողովում․ 2019 թ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական, 2023-2024 թվականներին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական։
Արմեն Խաչատրյան
Խորհրդարանի հնաբնակներից՝ 7 տարվա պատգամավորական աշխատանքի փորձ ունեցող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանն այս խորհրդարանում կշարունակի աշխատանքը։ Մասնագիտությամբ իրավաբան-իրավագետ, ոստիկանության գնդապետ, գորիսեցի 53-ամյա Արմեն Խաչատրյանը քաղաքական ճանապարհը սկսել է 2018 թ.-ի հեղափոխության օրերից, երբ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալն էր։ Արմեն Խաչատրյանը 2026 թ․ հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակի 19-րդ հորիզոնականում է։
Նարեկ Ղահրամանյան
Ընտրացուցակի 71-րդ տեղում հանգրվանած կապանցի 35-ամյա Նարեկ Ղահրամանյանը նույնպես խորհրդարանական աշխատանքի 6-ամյա փորձ ունի։ Բանակում ծառայելուց հետո Նարեկ Ղահրամանյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երկրաֆիզիկա բաժինը, հետո՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի «Գործարար վարչարարություն (կառավարում)» բաժինը՝ ստանալով մագիստրոսի կոչում։ 2018 թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր։
Կարեն Համբարձումյան
Ծննդով սիսիանցի, 44-ամյա էներգետիկ-տնտեսագետ Կարեն Համբարձումյանը «Քաղաքացիական պայմանագիր» է տեղափոխվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ Ըստ համացանցային բաց աղբյուրների՝ Համբարձումյանը երկար տարիներ եղել է ԲՀԿ անդամ, իսկ 2011 թվականից հանդիսացել է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։ Նա նաև ղեկավարել է ԲՀԿ Սյունիքի երիտասարդական թևը։ Սիրո ու թավշյա հեղափոխությունից հետո նա 2018 թ. հունիսին «Ծառուկյան» դաշինքի քվոտայով նշանակվել է Սյունիքի մարզպետ։ Հետագայում՝ 2018 թ. դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է «Իմ քայլը» դաշինքով (որպես անկուսակցական)։ 2019-2021 թթ.՝ ԱԺ պատգամավոր՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից, այդ ընթացքում դարձել է «Քաղաքացիական պայմանագրի» անդամ ու 2021 թ․-ին նորից ընտրվել պատգամավոր։ Խորհրդարանում 7 տարի աշխատած Կարեն Համբարձումյանն այս անգամ ընտրացուցակում 73-րդն էր։
Աննա Գրիգորյան
Եթե սիսիանցի Կարեն Համբարձումյանը ԲՀԿ-ից է գնացել դեպի իշխանություն, ապա 2020 թվականի դեկտեմբերի 29-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով պատգամավոր ընտրված կապանցի Աննա Գրիգորյանը 2021 թվականին պատգամավոր ընտրվել է «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով։ 35-ամյա Աննա Գրիգորյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի «Թարգմանչական գործ» բաժինը, 2013 թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Խորհրդարանական 6 տարվա փորձառություն ունեցող Աննա Գրիգորյանը, ըստ ԱԺ կայքի, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ է, հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Հայաստան» դաշինքի ընտրացուցակով։ Նա 3-րդ հորիզոնականում է եղել, 9-րդ գումարման ԱԺ-ում կղեկավարի «Հայաստան» խմբակցությունը։
Արթուր Սարգսյան
Քաղաքական նույն ուժի ցուցակով պատգամավոր է ընտրվել նաև սիսիանցի 48-ամյա Արթուր Սարգսյանը, որը ընտրացուցակի 11-րդ հորիզոնականում է։ Մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատանը, 2017-2021 թթ․ Սիսիան համայնքի ղեկավարն էր։ 2021 թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ 2021-2022 թթ. «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ էր։ Արթուր Սարգսյանը ներկայումս տնային կալանքում է, նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել Բագրատ սրբազանի գլխավորած «Սրբազան պայքար» շարժման շրջանակում, ըստ որի՝ Արթուր Սարգսյանը մի շարք այլ անձանց հետ մեղադրվում է ահաբեկչություն և իշխանության յուրացման նախապատրաստման մեջ։
Իրինա Յոլյան

Խորհրդարանական ընդդիմադիր մյուս ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակով պատգամավորի մանդատ են ստացել երկու հոգի։ Գորիսեցի, 43-ամյա Իրինա Յոլյանը երկար տարիներ լրագրող է աշխատել, զբաղվել է հասարակական գործունեությամբ։ 2018 թ.-ից նա Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալն էր։ Այս տարվա մարտի 16-ին նա հայտարարեց պաշտոնը թողնելու մասին՝ նշելով, որ «Սյունիքի հետ կապը կմնա անխզելի»։ Այնուհետև Իրինա Յոլյանը համալրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության շարքերը։ Նա ընտրացուցակի 12-րդ համարն է։
Անուշ Միրզոյան

«Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակի 30-րդ հորիզոնականում գտնվող քաջարանցի, 31-ամյա Անուշ Միրզոյանը նույնպես լրագրող է։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ մինչև պատգամավոր ընտրվելը Միրզոյանը ոչ մի տեղ չէր աշխատում։
Ի դեպ՝ սյունեցի պատգամավորներից Անուշ Միրզոյանն ու Լևոն Լևոնյանը չեն ամուսնացել։ Աննա Գրիգորյանն ունի մեկ զավակ, Նարեկ Ղահրամանյանը, Կարեն Համբարձումյանը, Իրինա Յոլյանը, Արմեն Խաչատրյանն ունեն երկուական զավակ։ Արթուր Սարգսյանը բազմազավակ հայր է, նա ունի 4 զավակ։
Ամբողջական հոդվածը՝ https://www.aravot.am/2026/08/01/1572089/



