Հադրութի շրջանի Արևշատ գյուղից է տեղահանվել Զաքարյանների ընտանիքը։
Արցախյան երկրորդ պատերազմը գլխիվայր շրջեց նրանց կյանքը: Կորցրեցին հայրենի գյուղը, ունեցվածքը և ամենաթանկը՝ որդիներին։ Ռազմաճակատից չվերադարձան Սամվելի և Մագդայի երկու որդիները: Կրտսեր որդին` Կորյունը, ժամկետային զինծառայող էր, Ֆիզուլիի շրջանում էր ծառայում, ավագ որդին` Գևորգն, աշխատում էր Արցախի ԱԱԾ սահմանապահ զորքերում, մասնակցել էր նաև ապրիլյան քառօրյա պատերազմին։
Մագդան հիշում է այդ չարաբաստիկ օրվա նախօրեն, թե ինչպես էր մինչ ուշ գիշեր պահածո պատրաստել և ուշ պառկել քնելու։ Վաղ առավոտյան արթնացել էր խուլ դղրդյուններից, պատուհանների շխշխկոցից․ մտածել է, որ ամուսինն է իր բեռնատարով «ծմակից» փայտ բերել և բեռնաթափելու ձայնն է լսվում: Մինչդեռ Սամվելը բակում էր, փայտի էլ չէր գնացել, արդեն լսել էր պատերազմի բոթը:
Հայրը որոշել էր, որ ընտանիքին`կանանց, թոռանն ու հաշմանդամություն ունեցող որդուն ապահով վայր պետք է հասցնի: Երբ վերջին անգամ՝ սեպտեմբերի 27-ին, խոսեցին Կորյունի հետ, վերջինս հորն ասաց, որ տնեցիներին Գորիս հասցնելուց հետո վերադառնա, չմնա, թեև լավ գիտեր, որ հայրը հետ է գալու: Մայրը մտաբերում է, որ այդ օրը հեռախոսով նույնիսկ որդին իրեն «դուխ» էր տալիս ու վստահեցնում, որ հաղթելու ենք։
Գևորգի մահվան գույժն ավելի շուտ իմացան, հոկտեմբերի 15-ին էր զոհվել։
Ընտանիքը «Միրհավ» հյուրանոցում էր ապաստանել, որտեղ շրջապատված էին կարեկցանքով, հոգատարությամբ։ Մագդան հիշում է, ինչպես էր ամեն օր եկեղեցի գնում, այն հույսով ու սպասումով, որ պատերազմը շուտ կավարտվի, և որդիները հաղթանակով կվերադառնան։ Մի օր էլ, երբ հարևանուհու հետ վերադառնում էին եկեղեցուց, ճանապարհին հանկարծ ինչ որ չարագուշակ կանխազգացում պատեց։ Ծնկի եկավ և գոռաց՝ կպաա՜վ, կպաա՜վ․․․Հետո պարզվեց, որ Գևորգը նույն օրն էր զոհվել․․․
Օրեր անցան, ամիսներ, Կորյունից այլևս ոչ մի լուր չունեին:
Մայրը հույսը չէր կորցնում, որ անհետ կորած որդին ողջ է, մտածում էր՝ գուցե վիրավոր գերի էր ընկել․․․ Կարմիր խաչին են դիմել, հետո Կորյունի նկարը համացանցում տարածելով, երբ փորձում էր որդուց լուր իմանար, ծառայակից ընկերներից մեկը գրել էր, թե ինչպես է Կորյունն ընկերոջ հետ գնացել վիրավոր ընկերների հետևից ու ինքն էլ վիրավորվել․․․բայց մնացել էին թշնամու վերահսկողության տակ անցած տարածքում։ Երազում շատ քիչ էր տեսնում որդուն, սիրտը վկայում էր, համոզված էր, որ որդին ողջ է, որ կվերադառնա, բայց ամիսներ անց ԴՆԹ-ի փորձաքննությամբ հաստատվեց․․․ տղայի մահը։
Մարմինն այդ ամիսներին անճանաչելի էր դարձել, բայց որդու իրերը հանձնեցին Սամվելին, բանկային քարտը, հեռախոսը․․․
Եղբայրները շատ էին սիրում Գորիսը, Գևորգն էլ Գորիսում էր ծնվել․ որոշել էին, որ մի քանի տարի հետո պետք է տուն գնեին ու ապրեին հենց Գորիսում։
Հիմա եղբայրների մարմինները հանգչում են Արցախյան երկրորդ պատերազմի հերոս նահատակների Գորիսի պանթեոնում՝ կողք–կողքի։ «Դա սովորական գերեզման չի, այլ սրբավայր է»,–ասում է հերոս եղբայրների մայրը։ Ինքն իր հետ այլևս հաշտ չի կարողանում ապրել հերոս որդիներին կորցրած Մագդան, բայց մի փոքր սփոփվում է նրանով, որ որդիներին կարողացել են գոնե հողին հանձնել, կարողանում է նրանց այցի գնա, գրկի սառն ու ողորկ շիրմաքարը, ծաղիկներ դնի, զրուցի հետները, իսկ շատ սևազգեստ մայրերի որդիներ շիրիմներ չունեն․․․
Մագդան կսկիծով է պատմում որդիների ցանկությունների, կիսատ թողած նպատակների մասին, թե ինչպես պետք է Կորյունը ծառայությունն ավարտելուց հետո օգներ հորը՝ իրենց գնած բեռնատարով, և ինչեր պետք է անեին եղբայրներով, «ախր, պետք է թև ու թիկունք լինեին հորը»։
«Պատերազմի օրերին գյուղից չենք փախել, միայն ուզում էինք, որ որդիներս մեր մասին չմտածեն, չանհանգստանան,–կարծես արդարանում է Մագդան։ Մեր գյուղի կանանցից ու տղամարդկանցից շատերն էին մնացել գյուղում, տղամարդիկ անգամ իրենց որսորդական հրացաններով են պաշտպանվել։ Մտածում էինք, որ այս պատերազմն էլ ապրիլյանի նման մի քանի օր կտևի, ու մենք մեր տները կվերադառնանք»։ Տնից դուրս գալուց միայն հասցրել էր Կորյունի կիսաբաճկոնն ու տղայի՝ նռաձև «կասը» վերցնի․ տղան գումար էր հավաքում, որ զորացրվելուց հետո բջջային հեռախոս գնի։
«Ցավալի է, որ մեր Արևշատ գյուղի մասին ոչ մի տեղ չի հիշակատվում, կարծես քարտեզի վրա չի էլ եղել»,-նեղսրտում է Մագդան։
Ամուսինը քառօրյա պատերազմին էլ էր մասնակցել՝իրենց «ժիգուլիով» գիշեր–ցերեկ սնունդ ու հաց է հասցրել մարտական դիրքերում գտնվող զինվորներին, ամենաթեժ կետեր հասել մութ գիշերով, առանց մեքենայի լուսարձակները միացնելու․ և այս պատերազմին էլ, քանի–քանի անգամ է իրենց բեռնատարով սնունդ ու զինամթերք հասցրել դիրքեր։
Դեռ կասկածներով, հիշողություններով, ինքն իր հետ կռիվ տալով ապրում է Մագդան, ասում է․ «Չգիտեմ ինքս ինձ ինչպես համոզեմ, որ տղաներս այլևս չկան»․․․Հիմա միայն մխիթարվում է իր թոռներով, Գևորգի երկու երեխաներով՝ Սամվելիկով ու փոքրիկ Մարիով, ում այդպես էլ չտեսավ Գևորգը․իր մահից մի քանի ամիս անց էր ծնվել Մարին։ «Իրենցով եմ ես ապրում և ուժ առնում,- ասում է Մադգան՝ կրծքին ամուր սեղմելով փոքրիկին,- իրենց ամեն ինչով որդուս են հիշեցնում։ Պետք է պինդ լինեմ, գոնե հանուն նրանց, չնայած սիրտս էլ չի ապրում, ներսումս կյանք չկա»։
Պետության աջակցությամբ տուն են գնել Գորիսում,ապահովված են անհրաժեշտ իրերով, բայց ասում է՝ ինչներիս է պետք այդ ամենը, եթե որդիներս մեզ հետ չեն։ Չի կարողանում գտնել իր բազմաթիվ ինչու–ների պատասխանները․ «Մենք գնահատեցինք մեր ունեցածը, իսկ մեզնից բարձր մարդիկ իրենց աթոռն ու պաշտոնն ավելի նախընտրեցին, դա էլ ոչնչացրեց մեր ստեղծածը, ունեցածը, ու մենք կորցրինք ամեն ինչ,- վշտացած ասում է կինն ու ավելացնում, որ հիմա էլ շարունակում են այդ «բարձր» մարդիկ չհասկանալ, որ անդառնալիորեն ամենաթանկն են կորցրել իրենց պես շատ ծնողներ, ընտանիքներ․․․
«Մեր տղաները չեն պարտվել, ուղղակի նրանց հոգիները հանգիստ չեն, որ մեր հողերը թշնամին վերցրել է, հանգիստ կլինեն միայն, երբ մեր հողերը վերադարձնենք»։
Մագդան չհամաձայնվեց լուսանկարվել, սիրտ չուներ։ Այնքա՜ն էր փոխվել որդիների հետ լուսանկարներում ժպտացող երիտասարդ գեղեցկադեմ կինը։
Հոդվածը պատրաստվել է «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագրի շրջանականերում։
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Գորիսի Մամուլի Ակումբ» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները: