Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդող 37 հազար մանկավարժներից 1414-ը չունի բարձրագույն կրթություն․ 1350-ի կրթությունը միջին մասնագիտական է, 64-ինը՝ միջնակարգ:
2009 թվականին ընդունված ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի հոդված 26-ով ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, ով ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ։
Օրենքի կիրակման վերջնաժամկետ է սահմանվել 2023թ․ օգոստոսի 20-ը, այսինքն եկող ուսումնական տարվանից այն ուսուցիչները, ովքեր չունեն բարձրագույն կրթություն և մանկավարժի որակավորում, չեն կարողանա դասավանդել դպրոցում։
Օրենքը չի տարածվի միայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթություն ստացած մասնագետների վրա, ովքեր ձեռք են բերել 30 կրեդիտ, նրանք հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում։
ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանի խոսքով որոշման կիրակման ժամկետի փոփոխություն չի նախատեսվում:
Նշված որոշումը անցանկալի կլինի հատկապես գյուղական այնպիսի դպրոցների ուսուցիչների համար, որտեղ տարիներ շարունակ տարբեր առարկաների մասնագետների թափուր տեղերը չեն համալրվում բարձրագույն կրթություն ունեցող մանկավարժներով։
Ֆիզկուլտուրա, տեխնոլոգիա, նախնական զինվորական պատրաստություն, շախմատ և գերմաներեն դասավանդող Քարահունջի միջնակարգ դպրոցի ուսուցիչները չունեն բարձրագույն կրթություն և այս օրենքը կազդի նաև նրանց վրա։
«28 տարվա աշխատանքային փորձ ունեմ, հինգ տարին մեկ պարտադիր վերապատրաստվել եմ, երբևէ խնդրի առաջ չեմ կանգնել։ Չեմ հետաքրքրվել ճիշտն ասած, քանի որ որ միշտ վարձատրվել եմ բարձրագույնի դրույքաչափով»,-ասում է Քարահունջ գյուղի դպրոցի գերմաներենի ուսուցչուհի Մանուշակ Ղահրամանյանը։
«Իհարկե, խնդիրներ կառաջանան, և դեռևս չեմ պատկերացնում, թե ինչպես կհաղթահարենք։ Եթե տեխնոլոգիա առարկան վերապատրաստում անցած դասվարները կարող են պարապել, ապա գերմաներենի, ֆիզկուլտուրայի առումով դժվար թե հաջողվի բարձրագույն կրթությամբ մանկավարժներ գտնել»- ասում է նույն դպրոցի տնօրեն Արմեն Մկրտչյանը։ Վերջինս նշում է, որ նախազգուշացրել է ուսուցիչներին, որ կան ԲՈՒՀ-եր, որտեղ հնարավոր է համապատասխան որակավորում ձեռք բերել, սակայն արձագանքներ չեն եղել, և ավելի վաղ ընդունված օրենքի կիրարկման հետաձգում նրանց համար անարդյունավետ է եղել։
Դպրոցի տնօրենի կարծիքով, սակայն, որոշակի բացառություններ, այնուամենայնիվ, պիտի կիրառվեն,․ «Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջն ավարտած մասնագետը չի կարող դասավանդել դպրոցում»,-ասում է նա։
Պատկերն այլ է Շինուհայր գյուղի միջնակարգ դպրոցում․ օրենքի ընդունումից հետո դպրոցի 12 ուսուցիչ հեռակա ուսուցմամբ բարձրագույն կրթություն է ստացել, ինչպես, օրինակ, դպրոցի տնօրեն Ժաննա Բարսեղյանը, ով, ունենալով ինժեների մասնագիտություն, բայց աշխատելով դպրոցում, այժմ արդեն մանկավարժական բարձրագույն կրթություն ունի։
«Ուսուցիչներ կան, ովքեր երկարամյա փորձ ունեն, բայց օրենքի ընդունումից հետո մոտ 14 տարի է անցել, և մի օր այս վերջնաժամկետը կանխատեսելի էր»,-ասում է Ժաննա Բարսեղյանը։ Նրա կարծիքով առավել մտահոգված են տարեց ուսուցիչները։
«Եվ եթե այդ մարդկանց «հանում ենք» դպրոցից՝ պատճառաբանելով, որ չունեն բարձրագույն կրթություն, արդյո՞ք, նրանց կարողանում ենք փոխարինել համապատասխան կադրերով։ Հիմնականում խորհրդային տարիներին միջնակարգ մասնագիտական կրթություն ստացած փորձառու ուսուցիչներն են, որ ստիպված կլինեն թողնել ուսուցչի աշխատանքը, բայց նկատի ունենանք, որ այն ժամանակներում միջին մասնագիտական կրթությունը բարձր հիմքերի վրա էր, և կարողությունների առումով այդ ուսուցիչների մեծ մասը չի զիջում բարձագույն կրթություն ունեցողներին։ Եթե մենք չենք բերում համարժեք փոխարինողներ, ստացվում է, որ նախարարության քաղաքականության պատճառով կրթության որակն ընկնելու է․ եթե մեզ համար կարևոր է թուղթը, ոչ թե որակը, գնանք թղթի հետևից և կորցնենք որակը»,- ասում է կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Աշխատանքը կորցնելու վտանգի առաջ հայտնված ուսուցիչներից ոմանք չեն թաքցնում, որ թերահավատ են վերաբերվել այս որոշմանը, ավելին, կասկածել են, որ կրթական այս բարեփոխումը, ինչպես և այլ նորամուծություններ, երկար կյանք կունենան։ Որոշներն էլ նշում են, որ անցած տարիներին ոսոuցիչների աշխատավարձը շատ ցածր էր, խրախուսման մեթոդներ չէին կիրառվում և այդ պատճառով, այսպես ասած, մոտիվացիա չկար բարձրագույն կրթություն ստանալու համար։
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը հստակ թվեր չի նշում, թե մարզի դպրոցներում միջնակարգ կամ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող քանի ուսուցիչ է աշխատում։ Նրա խոսքով հիմնականում դասվարներ են։
«Չեմ կարծում, որ օրենքի կիրառման առումով լուրջ խնդիր կարող է առաջանալ, քանի որ հերթագրված երիտասարդ մասնագետներ կան։ Դժվարություն կարող է լինել երգ-երաժշտության, կերպարվեստ, տեխնոլոգիա առարկաների մասնագետներով թափուր հաստիքները համալրելու առումով, քանի որ այդ առարկաների բարձրագույն կրթության ուսուցիչներ չկան։ Սպասենք, մինչև օգոստոս, ենթադրում եմ, որ կոնկրետ այս առարկաների մասով, հնարավոր է բացառություններ լինեն․ նման խոսակցություններ կան, բայց դեռ հստակ չէ»-ասում է վարչության պետը։
Նա նաև նշում է, որ առաջին փուլի հաղթահարումը անցնցում կանցնի։ Բայց մարդն ինքը պիտի որոշի, իրեն պե՞տք է բարձրագույն կրթությունը կամ ուսուցչի աշխատանքը։
Սերոբ Խաչատրյանի խոսքով հաշվի չեն առնվում ֆինանսական և կազմակերպչական խնդիրները․ «Եթե ուսուցիչը մի հեռավոր գյուղից է ու մոտակա համալսարանը առնվազն 70կմ հեռավորության վրա է գտնվում, ինչպե՞ս ամեն օր համալսարան հասնի։ Դասավանդողները չեն կարող առկա սովորել ու ստիպված են հեռակա ուսուցում ստանալ, որը վճարովի է, իսկ շատերն ի վիճակի չեն ուսման վարձ վճարելու։ Բովանդակային կողմը դիտարկելիս պետք է հաշվի առնել, արդյո՞ք երաշխիք կա, որ բարձրագույն կրթություն ունեցող ոսուցիչն առավել բարձր կարողություններ ունի, քանի որ ակնհայտ է, որ հաճախ կիսատ-պռատ, շատ բացակայություններով և միջակ գնահատականներով են ավարտում բուհը»,-ասում է Ս․ Խաչատրյանը։
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը կարծում է, որ օրենքի անցնցում կիրառումը հնարավոր է, եթե «միքսվեն նախարարության, ԱԺ-ի և տեղական մակարդակից եկող առաջարկները, որի արդյունքում չի տուժի կրթության որակը, առավել ևս չի ոտնահարվի կրթության իրավունքը»։
-Ինչպիսին կլինի նախարարության վերջնական որոշումը, ես չեմ կարող ասել, բայց մեծ դժգոհություն կա ուսուցիչների ու տնօրենների կողմից․ մեծ հարց է՝ մենք կկարողանա՞նք սահուն կերպով լրացնել 1600 ուսուցչի թափուր հաստիքները, երբ արդեն իսկ տարբեր առարկաների շուրջ 300 թափուր տեղ կա։ Կարծում եմ ավելի համակարգված ու խորքային ուսումնասիրություն է պետք իրականացնել։ Իմ առաջարկն այն է եղել, որ կարելի է փուլային կերպով անդրադառնալ այս ամենին՝ հաշվի առնելով նաև համայնքում, մարզում բարձրագույն կրթություն ունեցողների թիվը,- ասում է պատգամավորը։
Սյունիքի մարզպետարանի տեղեկությամբ, Սյունիքի մարզի ուսումնական հաստատություններում չդասավանդվող առարկա չկա։ Թափուր հաստիքները համալրվում են սահմանված կարգով։ Չհամալրվելու դեպքում ՀՀ ԿԳՄՍՆ կողմից սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգի համաձայն կամ շարունակվում է դասավանդվել տվյալ ուսումնական հաստատության ուսուցիչների կողմից։
Մարզպետարանի կրթության վարչության պետի խոսքով՝ հիմնականում բնագիտական առարկաների մասնագետների հաստիքներն են թափուր, որի պատճառը նաև ցածր աշխատավարձն է։ Այդ առումով արդեն փոփոխություն է արվել, որով 30% հավելավճար է սահմանվել, որը կարող է մոտիվացիա լինել ուսուցիչների համար՝ փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում դասավանդելու համար:
Նշված մեկնաբանությունների կողքին, այնուամենայնիվ արձանագրենք, տարիներ շարունակ պետությունը ներդրում է կատարել ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումների ուղղությամբ, կրթական բարեփոխումների շրջանակներում ուսուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններ իրականացրել, սակայն նա այժմ, այսպես ասած, նոր անջրպետ հաղթահարելու առաջ է կանգնած։
Այս Նախագիծն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։ Նախագիծն իրականացվում է Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիայի շրջանակում Անահիտ Բաղդասարյանի կողմից։ Նախագծում արտահայտված կարծիքներն ու դիրքորոշումները կարող են չհամընկնել ֆինանսավորող կողմի տեսակետների հետ։
