Ռիտա Ֆարամազյանը իր ընտանիքի հետ ապրում էր Ստեփանակերտում, արցախյան վերջին պատերազմից հետո տեղահանվել և բնակություն են հաստատել Գորիսում։
Արցախից դուրս գալուց առաջին հերթին իր հետ վերցրել է ոչ թե նյութական իրեր, այլ Արցախի ողջ հուշերը, որոնք ամփոփված էին մեկ լուսանկարչական ալբոմի մեջ։
Երազանքներ շատ ունի և բոլորը կապված են Արցախի հետ։ Արցախի մասին հաճախ է խոսում, երազում հետ վերադառնալու մասին։ Երազում է բերդաքաղաք Շուշին, «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը («Տատիկն ու պապիկը») նկարել ոչ թե հիշելով, այլ հենց այնտեղ։
Նկարում է հինգ տարեկանից։ Հիշում է, որ դպրոցական տարիներին՝ դասերի ժամանակ, սովորելու փոխարեն միշտ վերցնում էր մատիտը և իր հույզերը հանձնում թղթին։
«Ուսուցիչներս միշտ նկատողություն էին անում, բայց ես չէի դադարում նկարել, և այդպես էլ որոշել եմ ուսումս շարունակել այդ ուղղությամբ, և արդեն տարիներ հետո, երբ ուսուցիչներս տեսնում էին իմ աշխատանքերը, ասում էին, որ փոշմանել են ինձ վրա ջղայնանալու համար»,- պատմում է Ռիտան։