2023թվականի սեպտեմբերի 24-ին Նարինեի ու հինգ երեխաների հետ Հակարի կամրջով անցել է նաև երկու պատերազմ տեսած կաշվե փոքրիկ մի պայուսակ, որի մեջ կանոնակարգված դասավորված էին երեխաների ծննդյան վկայականները, այլ փաստաթղթեր և լուսանկարներ։ Ինչպես Նարինեն է ասում, «ճանապարհ անցած պայուսակ, որն ականատեսն է խաղաղ կյանքի ժամանակներից մինչև Գորիսում հանգրվանելը»։
-Թե՛ ներքին ձայն էր, թե՛ սովորություն, միշտ կոկիկ հավաքած պահում էի էս պայուսակը․ որ մի երեխա մի նոր «վինետկա» էր ունենում, ոչ թե պահարանի գլխին էի դնում, ինչպես շատերը, այլ տեղավորում էի պայուսակում՝ մյուսների կողքին։ Ու հենց 2020 թվի հոկտեմբերին Ակնաղբյուրից դուրս գալուց, չնայած, որ հույս ունեինք 2016թվի պատերազմի նման մի քանի օր կտևիб ու էլի կվերադառնանք մեր տուն, ճանապարհից հետ դարձա ու վերցրեցի այն։
34-ամյա Նարինե Պետրոսյանը ծնունդով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքից է, ամուսնացել ու տեղափոխվել է Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղ։ Նրա կյանքի 34 տարին անցել է չորս պատերազմի միջով։
44-օրյա պատերազմին գյուղը, ամուսնու հայրական տունը կորցնելուց հետո հինգ երեխաների, ամուսնու հետ տեղափոխվել են Ասկերան, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Գորիս։
-Ասում են՝ մի բանը մի քանի անգամ նայելուց կշտանում ես, բայց համարյա ամեն օր նայում ու ամեն անգամ յուրովի նորություն ենք գտնում, պատմություններ վերհիշում, թե որ նկարն ինչ հանգամանքներում է նկարվել, որ նկարը ինչ պատմություններով է սկսվել և նույնիսկ հարազատների զրույցներն ենք սկսում մտաբերել տվյալ իրավիճակներում։
Ալբոմներում հիմնականում ընտանեկան նկարներ են։ Ափսոսում է, որ շատ նկարներ չունի Ակնաղբյուրից։ Ամեն նկար յուրովի ապրումներ է առաջացնում, բայց հեռախոսի մեջ Ասկերանի տան ամեն անկյունը երևացող տեսանյութը անփոխարինելի է․ «20 թվից հետո իմ մոտեցումները լրիվ փոխվել են․ էն կորստի վախը կար, որ կարող ա մի օր էլ էս կորցնենք ու որտեղ գնում նկարում էի։ Արդեն շատ նկարներ ունեմ հենց Ասկերան քաղաքից․ ինչ արարողություն, հավաքույթ լինում էր, նկարում էի»,- պատմում է նա։
Հատուկ խնամքով ցույց է տալիս մեծ տղայի՝ Մաքսիմի դպրոցական, ինչպես նաև իսկ փոքր աղջկա՝ Յանայի նախակրթարանի վկայականները։ Նրանք Լեռնային Ղարաբաղի Ասկերան քաղաքի վերջին շրջանավարտներն են։
Պայուսակում առանձնահատուկ տեղ ունի 16 տարի առաջ Նարինեի հարսանեկան արարողության լուսանկարներից մեկը։ Այդ ժամանակ հաճախ էին Արցախում«կոլեկտիվ» հարսանիքներ, և նրանք 700 զույգից 625-րդն էին։
«Գյուղի հետ երեխաները կորցրել են նաև իրենց մանկությունը»
«Ակնաղբյուրը լքելիս ասել եմ՝ տեսնես էս ճանապարհը նորի՞ց կանցնենք, կվերադառնա՞նք։ Հետո վերադարձանք այլ ճանապարհով, քանի որ մեր գյուղն այլևս օտարներինն էր, մեր չէր»,-ասում է Նարինեն և ցավով հիշում աղջկա՝ Մարիամի խոսքերը․ «20 թվին աղջիկս ասաց՝ մա՛մ, մենք գալու ենք տուն, վստահեցրի, որ՝ այո՛, բայց չեկանք։ Երկրորդ անգամ Ասկերանում ռմբակոծության ժամանակ նկուղ իջնելիս, աղջիկը հիշեցնում է, որ մոռացել են վերցնել իրենց սենյակից փակցված իր ու քույրիկի լուսանկարը․ մայրը հետ է վերադառնում, այդ նկարը պատից պոկում ու վազում նկուղ։