Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Դեկտեմբեր 2025»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« ՆոյեմբերՀունվար »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Դեկտեմբեր 2025»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« ՆոյեմբերՀունվար »
No Result
View All Result
Գլխավոր Մուլտիմեդիա

«Հիմա ես Գորիսը սիրում եմ նենց, հունց մարդը մարդուն»

by Անահիտ Բաղդասարյան
Սեպտեմբեր 2, 2024
0

2023թվականի սեպտեմբերի 24-ին Նարինեի ու հինգ երեխաների հետ Հակարի կամրջով անցել է նաև երկու պատերազմ տեսած կաշվե փոքրիկ մի պայուսակ, որի մեջ կանոնակարգված դասավորված էին երեխաների ծննդյան վկայականները, այլ փաստաթղթեր և լուսանկարներ։ Ինչպես Նարինեն է ասում, «ճանապարհ անցած պայուսակ, որն ականատեսն է խաղաղ կյանքի ժամանակներից մինչև Գորիսում հանգրվանելը»։
-Թե՛ ներքին ձայն էր, թե՛ սովորություն, միշտ կոկիկ հավաքած պահում էի էս պայուսակը․ որ մի երեխա մի նոր «վինետկա» էր ունենում, ոչ թե պահարանի գլխին էի դնում, ինչպես շատերը, այլ տեղավորում էի պայուսակում՝ մյուսների կողքին։ Ու հենց 2020 թվի հոկտեմբերին Ակնաղբյուրից դուրս գալուց, չնայած, որ հույս ունեինք 2016թվի պատերազմի նման մի քանի օր կտևիб ու էլի կվերադառնանք մեր տուն,  ճանապարհից հետ դարձա ու վերցրեցի այն։

34-ամյա Նարինե Պետրոսյանը ծնունդով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքից է, ամուսնացել ու տեղափոխվել է Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղ։ Նրա կյանքի 34 տարին անցել է չորս պատերազմի միջով։
44-օրյա պատերազմին  գյուղը, ամուսնու հայրական տունը կորցնելուց հետո հինգ երեխաների, ամուսնու հետ տեղափոխվել են Ասկերան, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Գորիս։
-Ասում են՝ մի բանը մի քանի անգամ նայելուց կշտանում ես, բայց համարյա ամեն օր նայում ու ամեն անգամ յուրովի նորություն ենք գտնում, պատմություններ վերհիշում, թե որ նկարն ինչ հանգամանքներում է նկարվել, որ նկարը ինչ պատմություններով է սկսվել և նույնիսկ հարազատների զրույցներն ենք սկսում մտաբերել տվյալ իրավիճակներում։

Ալբոմներում հիմնականում ընտանեկան նկարներ են։ Ափսոսում է, որ շատ նկարներ չունի Ակնաղբյուրից։ Ամեն նկար յուրովի ապրումներ է առաջացնում, բայց հեռախոսի մեջ Ասկերանի տան ամեն անկյունը երևացող տեսանյութը անփոխարինելի է․ «20 թվից հետո իմ մոտեցումները լրիվ փոխվել են․ էն կորստի վախը կար, որ կարող ա մի օր էլ էս կորցնենք ու որտեղ գնում նկարում էի։ Արդեն շատ նկարներ ունեմ հենց Ասկերան քաղաքից․ ինչ արարողություն, հավաքույթ լինում էր, նկարում էի»,- պատմում է նա։

 

 

Հատուկ խնամքով ցույց է տալիս մեծ տղայի՝ Մաքսիմի դպրոցական, ինչպես նաև իսկ փոքր աղջկա՝ Յանայի նախակրթարանի վկայականները։ Նրանք Լեռնային Ղարաբաղի Ասկերան քաղաքի վերջին շրջանավարտներն են։
Պայուսակում առանձնահատուկ տեղ ունի 16 տարի առաջ Նարինեի հարսանեկան արարողության լուսանկարներից մեկը։ Այդ ժամանակ հաճախ էին Արցախում«կոլեկտիվ» հարսանիքներ, և նրանք 700 զույգից 625-րդն էին։

 

«Գյուղի հետ երեխաները կորցրել են նաև իրենց մանկությունը»

 

«Ակնաղբյուրը լքելիս ասել եմ՝ տեսնես էս ճանապարհը նորի՞ց կանցնենք, կվերադառնա՞նք։ Հետո վերադարձանք այլ ճանապարհով, քանի որ մեր գյուղն այլևս օտարներինն էր, մեր չէր»,-ասում է Նարինեն և ցավով հիշում աղջկա՝ Մարիամի խոսքերը․ «20 թվին աղջիկս ասաց՝ մա՛մ, մենք գալու ենք տուն, վստահեցրի, որ՝ այո՛, բայց չեկանք։ Երկրորդ անգամ Ասկերանում ռմբակոծության ժամանակ նկուղ իջնելիս, աղջիկը հիշեցնում է, որ մոռացել են վերցնել իրենց սենյակից փակցված իր ու քույրիկի լուսանկարը․ մայրը հետ է վերադառնում, այդ նկարը պատից պոկում ու վազում նկուղ։

 

 

 

«Եթե Գորիսից էլի տեղափոխվել, ապա՝ միայն Ղարաբաղ»

Նարինեի ընտանիքը ոչ մի ծանոթ, բարեկամ չուներ Գորիսում, սակայն, ինչպես ինքն է ասում է, առաջին անգամ 2023 թվականի սեպտեմբերին, երբ հարկադրաբար տեղահանվել են, Գորիս հասնելով մի պտույտ  է արել հրապարակում, քաղաքը շրջապատող ժայռերը նմանեցնել Լեռնային Ղարաբաղի քերծերին ու  սիրահարվել Գորիսին․ «էս քաղաքը մեզ շատ ջերմ դիմավորեց։ Բոլորը բոլորին գրկում էին, հարցնում՝ ինչի՞ կարիք ունենք։  Հիմա ես Գորիսը սիրում եմ նենց, հունց մարդը մարդուն»։
Բազմազավակ ընտանիքը ինտեգրման խնդիր չի ունեցել․ դրանում կարևոր դեր ուներ նաև բարբառների նմանությունը, և իր համար կարևոր է, որ իր երեխաները շարունակում են խոսել իրենց բարբառով․ «որ ինձ ասում են խի չես գնում ավելի ապահով տեղ, ասում եմ ձեր «ազիզ»-ը ձեզ լինի, ես մեր բարբառավն եմ օզում խոսամ»։
Նարինեի ընտանիքն Ակնաղբյուրում խոզաբուծությամբ է զբաղվել, Ասկերանում՝ թռչնաբուծությամբ։ Հիմա էլ պարապ չեն մնում․ հասարակական կազմակերպությունների, բարերարների աջակցությամբ հասցրել են վարձակալված տան բակը վերանորոգել, կրկին թռչնաբուծությամբ են զբաղվում, հավի ճտեր են գնել, թռչնի միս են վաճառում, մտադիր են ընդլայնել տնեսությունը։ Պատվիրել են նաև ինկուբատոր շուտով արդեն կսկսեն ճուտ վաճառել։
 «Եթե մարդ ունի ձեռք, ոտք, առողջություն, մտածողություն ու երեխա, հանուն նրա դու պիտի ապրես։ Երեխան չի սպասում պետական աջակցության։ Երեխայի համար ծնողը պարտավոր է իրեն հավաքի ու պիտի ապրի»,- նշում է նա։ Նա  նախընտրում է այնպիսի աջակցություն, որը երկարաժամկետ եկամուտ կարող է ապահովել։
Համատեղելով հինգ երեխաների խնամքը` Նարինեն նաև մատնահարդարման հմտություններ է ձեռքբերել,  հիմա էլ  սոցիալական աշխատողների վերապատրաստումների է մասնակցում։ Ասում  է, որ կյանքը, որքան էլ դժվար, շարունակվում է։
Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Գորիս

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Դեկտեմբեր 21, 2025
    Անապահովության գնահատման նոր համակարգ
    Գորիս

    Անապահովության գնահատման նոր համակարգ

    Դեկտեմբեր 19, 2025
    «Փարոսից» դեպի նոր համակարգ. երբ աշխատելը չի զրկում նպաստից
    Իրազեկում

    «Փարոսից» դեպի նոր համակարգ. երբ աշխատելը չի զրկում նպաստից

    Դեկտեմբեր 10, 2025
    Գորիսի տներն այնպես են կառուցված, որ տնից ձեն դուրս չգա
    Գորիս

    Գորիսի տներն այնպես են կառուցված, որ տնից ձեն դուրս չգա

    Հոկտեմբեր 18, 2025
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    © 2025 Mediapoint | All rights reserved.