Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար

by Անահիտ Բաղդասարյան
Ապրիլ 15, 2026
0

Սյունիքի լեռնային բնակավայրերի համար ճանապարհը միշտ եղել է ավելին, քան պարզապես երթուղի։ Այն կապ է, անվտանգություն ու ապրելու հնարավորություն։ 2023թվականին շահագործման հանձնված Տաթև-Լծեն նորակառույց ճանապարհը և դրան հաջորդող Լծեն-Շամբ-Նորավանի վերանորոգված հատվածը նոր էջ բացեցին տարածաշրջանի  տրանսպորտային հաղորդակցության մեջ։

Ճանապարհի մաթեմատիկան. ժամանակի և անվտանգության հաշվարկը

Տաթև-Լծեն 20 կիլոմետրանոց հատվածը յուրահատուկ է նրանով, որ այստեղ երբևէ ճանապարհ չի եղել․ այն կառուցվել է, այլ կերպ ասած, զրոյից։ Շինարարությունը սկսվել է 2021թ․-ի հոկտեմբերին, ավարտվել 2023թ․-ի հուլիսին։ Կառուցապատող «ԱԱԲ Պրոյեկտ» ընկերության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը պատմում է, որ ստիպված են եղել գործ ունենալ ամենաբարդ բնահողերի հետ։

«Բարդությունն այն էր, որ այստեղ նախկինում ճանապարհ գոյություն չի ունեցել։ Հանդիպել ենք թե՛ ժայռային, թե՛ հողային և թե՛ ջրային մեծ պաշարներ պարունակող գրունտների։ Դժվարություններ կային, բայց կարողացանք հաղթահարել և ճանապարհը շահագործել ժամկետում»,- ասում է Խաչատրյանը։

Ճանապարհի շարունակությունը՝ Լծենից մինչև Շամբ գյուղի մուտք (մոտ 6.3 կմ), որը ձգվում է մինչև Նորավան տանող խաչմերուկ, նույնպես հիմնանորոգվել է 2022-2023 թվականներին։ Այս հատվածը վերջնականապես ամբողջացրել է Սյունիքի  ռազմավարական այլընտրանքը։

 

1 of 5
- +

Սովորությո՞ւն, թե՝ վախ. ինչու են վարորդները զգուշանում

Թեև նոր ճանապարհն ավելի քիչ թեքություններ ունի, քան Տաթևի հայտնի ոլորանները, շատերը դեռ շարունակում են օգտվել հին  ճանապարհից։ Շրջանառվող լուրերը քարաթափումների մասին երբեմն կանգնեցնում են վարորդներին։ Կառուցապատողը խոսքով, լեռնային ճանապարհի համար դա բնական  երևույթ է։

«Սա նորակառույց ճանապարհ է։ Երբ միջամտում ենք բնությանը, կպչում ենք գրունտին, ժամանակ է պետք, որպեսզի հողաշերտը նստի, ամրանա։ Վտանգը հասցված է նվազագույնի։ Ինձ թվում է՝ Տաթևի ոլորաններով երթևեկելը ընդամենը սովորության հարց է», – ասում է Արմեն Խաչատրյանը։

Սիսիանցի վարորդ Գրիշա Անգյանը, ով ավտոաշտարակով սպասարկում է տարածքի լուսավորությունը, ասում է, որ ճանապարհը հաջողված է. «Ճանապարհի որակը տեղն է, վերանորոգելու հարց չկա։ Փլուզումներ լինում են, բայց արագ վերացվում են։ Սա շատ լավ ուղի է, որը Սիսիանը կապում է Կապանի տարածաշրջանի հետ՝ շրջանցելով Գորիս քաղաքը»։

Խաչատուր Պետրոսյան

Նոր ճանապարհը, սակայն, անհարմարություններ ևս ունի։ Սիսիան համայնքի Լծեն բնակավայրի վարչական ներկայացուցիչ Խաչատուր Պետրոսյանը մտահոգությամբ նշում է, որ նեղ, բայց բանուկ ճանապարհին հաճախ են ավտովթարներ լինում։

Բնակիչների խոսքով՝ խնդիրն այն է, որ որոշ վարորդներ բարձրադիր լեռնային ճանապարհով երթևեկելու փորձառություն չունեն և   որոշ առումով, «գերագնահատում են» իրենց հնարավորությունները։

 

Ձմեռային փորձություն ավելի քան 2100 մետր բարձրության վրա

Քանի որ ճանապարհն անցնում է ծովի մակերևույթից ավելի քան 2100 մետր բարձրության վրա, ձմեռն այստեղ սկսվում է շատ շուտ և ավարտվում ուշ։ Սառցակալումներն ու ձյան առատ տեղումները մշտական ուղեկիցներ են։ Այդուհանդերձ, բնակիչներն ու վարորդները փաստում են՝ ճանապարհը սպասարկող ընկերությունները պատվով են կատարում իրենց աշխատանքը։

«Ճանապարհի սպասարկումը բաժանված է երկու մասի. Լծենից դեպի Սիսիան հատվածը հսկում է Սիսիանի ճանշինը, իսկ շարունակությունը՝ դեպի Տաթև, սպասարկում է Գորիսի «Ոսմար» ճանապարհաշինարարական ընկերությունը։ Երկուսն էլ միշտ  տեղում են, և չնայած բարդ կլիմայական պայմաններին, ձմռանն օպերատիվ ձնամաքրման աշխատանքները կատարում են։ Բայց սարի պայմաններն այնպիսին են, որ մինչև ներքև են հասնում, վերևում կարող է նորից փլուզումներ կամ ձնաբուք լինի»,-զրույցին խառնվում են գյուղի բնակիչները։

Լծեն. լռության ու աղմուկի արանքում


Լծենը 23 մշտական բնակիչ ունի, 13 հիմնական տնտեսություն, ամռանն այս թիվն ավելանում է, որովհետև ամռանը մեղվապահներ ու այգեգործներ են գալիս։ Նոր ճանապարհը, սակայն, գյուղի կենցաղային խնդիրները  չի լուծել. Լծենը գազաֆիկացված չէ, խմելու ջրի հարցը շարունակում է մնալ օրակարգում։

Տնտեսական աշխուժությունը ևս դեռ սպասեցնել է տալիս։ Ճանապարհով հիմնականում երթևեկում են իրանական բեռնատարները, որոնց տեղական մթերքը չի հետաքրքրում։

Բնակիչները հիմնականում անասնապահությամբ և այգեգործությամբ են զբաղվում, բայց չեն կարողանում  բերքն իրացնել։ «Տնտեսական առումով գյուղացին դեռ մեծ փոփոխություն չի զգացել, բայց զարգացման հեռանկար կա։ Նախկինում  Սիսիան տանող ճանապարհը քանդված էր, հիմա բարեկարգվել է», -ասում է Լծենի վարչական ղեկավարը:

Գյուղի ամենացավոտ հարցը վեց աշակերտ ունեցող դպրոցի օպտիմալացումն է։ Այն փակվելու շեմին է,  երեխաները պետք է հաճախեն Վաղատինի նոր դպրոց։  Սա կարող է պատճառ դառնա, որ հատկապես երիտասարդ ընտանքիները հեռանան, չնայած հակառակ երևույթն էլ կա։

«Նով Լեռնատուն». գյուղի ապագան՝ մեկ տանիքի տակ

Լծենի ապագան  ստեղծվում է նաև Աբգար, Ռուբեն Մարգարյան եղբայրների շնորհիվ։ 44-օրյա պատերազմից հետո նրանք կայացրին իրենց կյանքի ամենակարևոր որոշումը՝ վերադառնալ ու շենացնել պապական օջախը։ Հիմնադրել են «Նով Լեռնատուն» հյուրատունը, որն այսօր դարձել է գյուղի զարգացման գլխավոր խթանը։

Սակայն սա միայն եղբայրների պատմությունը չէ։ Գյուղում շատերն են Լծենի վերածնունդն ու նոր աշխատատեղերի ստեղծման հույսը կապում հյուրատան հետ։

««Նով Լեռնատունը» պարզապես հյուրատուն չէ, սա մեր գաղափարն է՝ գյուղի զարգացման ծրագիր»,- ասում է Ռուբենը։

Ռուբենի և նրա նվիրումի ամբողջական պատմությունը կարող եք կարդալ այստեղ։

Լծենն այսօր կանգնած է խաչմերուկում։ Մի կողմից՝ ծանրաքաշ մեքենաների աղմուկն ու փոշին, մյուս կողմից՝ զբոսաշրջային նոր հեռանկարը։ Ճանապարհը տվել է հնարավորություն, բայց գյուղը շենացնելու բեռը մնացել է այն մի քանի նվիրյալների ուսերին, ովքեր հավատում են Լծենի վերածննդին։

Ռազմավարական առաքելություն և այլընտրանք

Չնայած բնակիչների մի մասի օբյեկտիվ դժգոհությանը, որ ճանապարհն իրենց տնտեսության վրա դեռ մեծ ազդեցություն չի ունեցել, բոլորը գիտակցում են դրա ռազմավարական նշանակությունը։ Երբ Կապան- Շուռնուխ ճանապարհի մի հատվածը շրջափակվեց,մարզի հաղորդակցության ապահովման համար Տաթև-Լծեն-Շամբ-Նորավան երթուղին դարձավ անվտանգային միջանցք  ամբողջ Սյունիքի համար։

Տնտեսական ազդեցությունը գուցե դանդաղ է հասնում յուրաքանչյուր տուն, բայց ենթակառուցվածքների թարմացումը և զբոսաշրջային նոր կետերի ի հայտ գալը հույս են տալիս, որ Տաթևը, Լծենը, Շամբը, Որոտանը, Վաղատինն ու Նորավանը կդադարեն լինել միայն «անցողիկ» կետ և կդառնան զարգացող հանգույց։

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Հոդվածներ

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար

    Ապրիլ 15, 2026
    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար
    Համայնք

    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար

    Ապրիլ 13, 2026
    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում
    Հոդվածներ

    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում

    Ապրիլ 12, 2026
    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ
    Համայնք

    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ

    Ապրիլ 7, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.