Երբ խոսում ենք նոր սերնդի և ընթերցանության մասին, հաճախ կարելի է լսել տարբեր կարծրատիպեր, թե երիտասարդները չեն սիրում կարդալ, գիրք կարդալու «ժամանակը» անցել է։ Սակայն Գորիսում պատկերը մի փոքր այլ է։ Տեղի երիտասարդների հետ շփումը և գրախանութների աշխատակիցների հետ հարցումները ցույց են տալիս, որ ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը ոչ միայն չի նվազել, այլ վերջին տարիներին որոշակի ակտիվություն է նկատվում։ Ուրախալի է լսել, որ երիտասարդներն պատրաստ են գումար ծախսել գիրք գնելու համար, քանի որ համոզված են, որ դրանով ներդրում են կատարում իրենց ինքնազարգացման մեջ։
Քաղաքի գրքի վաճառքով զբաղվող խանութների աշխատակիցները նշում են, որ գրքի գնորդների թիվը ավելանում է, որոշ օրերի շատ ավելի ակտիվ են հատկապես երիտասարդները։
Հետաքրքրական է, որ գիրք նվիրելու նոր մշակույթ է ձևավորվել ոչ միայն գրքի տոնի շրջանակներում։ Միաժամանակ նկատվում է, որ ընթերցանությունն այլևս չի սահմանափակվում միայն ուսումնական գործընթացով։ Այն աստիճանաբար վերածվում է ազատ ժամանակի կազմակերպման արդյունավետ ձևի՝ հնարավորություն տալով կտրվել առօրյա խնդիրներից, տեղափոխվել այլ իրականություն և նույնականանալ գրքի հերոսների զգացողությունների հետ։ Գրքի ժանրերի ընտրությունների մեջ էլ հետաքրքիր միտում կա, երիտասարդները հաճախ կարդում են օտարազգի հեղինակների գրքեր՝ Ագաթա Քրիստի, Էրիխ Մարիա Ռեմարկ, Ալեքսանդր Դյումա։ Բայց պահանջարկ ունեն նաև հայ գրողների հրատարակված ստեղծագործությունները։
Երիտասարդների խոսքով՝ կարդալը օգնում է նաև զարգացնել քննադատական մտածողությունը։ Եվ վերջին տարիներին «չկարդացող սերունդ» ձևակերպումը կարծես թե այլևս ժամանակավրեպ է դառնում։

Լրագրող




