Սյունիքի մարզկենտրոն Կապանում ԳորիսԼԱԲ-ը կազմակերպել էր «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը » թեմայով քննարկում։
Միջոցառման նպատակն էր վերլուծել Սյունիքի շուրջ ձևավորվող ապատեղեկատվական և մանիպուլյատիվ նարատիվները ժողովրդավարության տեսանկյունից: Քննարկվեց, թե ինչպես են քաղաքական ուժերն ու գործիչները Սյունիքի թեման մեդիայում օգտագործում սեփական օրակարգերն առաջ մղելու համար, և ինչպես է դա ազդում հանրային քննարկման որակի, տեղեկացված ընտրության ու ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության վրա:
Քննարկման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց «ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում ԳորիսԼԱԲ-ի կողմից իրականացվող Սյունիքի շուրջ ձևավորվող քաղաքական նարատիվների մեդիա մշտադիտարկման նախնական արդյունքները:
Զեկույցը ներկայացրեց ծրագրի փորձագետ Հայկ Աբրահամյանը: Ուսումնասիրությունն իրականացվել է 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում՝ ընդգրկելով տարբեր ձևաչափերով շուրջ 70 մեդիա նյութ ՝ լուր, հարցազրույց, տեսանյութ և մեկնաբանություն:
Վերլուծության արդյունքում պարզվել է, որ Սյունիքի թեման մեդիա խոսույթում հիմնականում ներկայացվում է մի քանի գերակա համատեքստերում՝ անվտանգություն, խաղաղություն, ինքնիշխանություն և ներքաղաքական պայքար: Մարզը հազվադեպ է ներկայացվում զարգացման տեսանկյունից, և առավելապես դիտարկվում է որպես քաղաքական և անվտանգային բախումների կենտրոն:
Ներկայացման ընթացքում շեշտվեցին շրջանառվող հիմնական նարատիվները՝ «Սյունիքը հանձնում են», «ազգային կործանման վտանգ», «արտաքին ուժերի ազդեցություն» ,«խաղաղություն և հարմարվողականություն» և այլն։
Քննարկման ընթացքում նշվեց, որ այս խոսույթները կարող են լինել նպատակաուղղված՝ քաղաքական օրակարգեր ծավալելու համար, կամ վնասակար՝ շփոթեցնելու կամ խտրականության նոր ձևեր առաջացնելու նպատակով։ Այդ պատճառով էլ հարցի շուրջ կարծիքները տարբեր էին. մերժողականներն ընդգծում էին մեդիայի պոպուլիստական և շահարկող բնույթը, որի պատճառով հանրային զգայունությունը խեղաթյուրվում է, իսկ կառուցողականները շեշտում էին պատասխանատու լրագրության, բազմակողմանի լուսաբանման և մեդիագրագիտության կարևորությունը, որը կարող է ընտրողներին տեղեկացված և քննադատական մտածող դարձնել։
***
Սույն նյութը հրապարակվել է «Սյունիքը՝ ընտրական օրակարգում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ կողմից «ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Transatlantic Foundation-ի և ERIM-ի գործընկերությամբ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
Ծրագրի նպատակն է ապահովել՝ Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության դերակատարները ներգրավված, կարողունակ և տեղեկացված լինեն ընտրությունների մշտադիտարկման, ինչպես նաև ժողովրդավարական հաշվետվողականության մեխանիզմների խթանման մասին։



