Վահագնի ձեռքում փեթակից նոր հանված մեղրամոմով մեղրը գեղեցիկ կտորների է վերածվում, որ նախ հյուրասիրի, հետո ինքը համտեսի սեփական աշխատանքի պտուղները:
3 տարի առաջ էր, երբ երիտասարդ կոռնիձորցին որոշեց մեղու պահել, փեթակները պատրաստեց, բայց խոստացված մեղուները այդպես էլ չստացավ: Վահագնի և ընտանիքի քաղցր բիզնեսը սկսվեց մայր փեթակից փախած ու այս կողմերում հանգրվան փնտրող միանգամից 7 նորամայրերով, որոնք սկզբում 2 փեթակում տեղավորեց, հաջորդ տարին արդեն բնության և կենդանիների նկատմամբ առանձնահատուկ սեր ունեցող երիտասարդը հմուտ մեղվաբույծ էր:
28-ամյա կոռնիձորցու բառերը չեն հերիքում մեղուների նկատմամբ սերը բացատրելու համար: Փոխարենը արագ-արագ ժրաջան միջատների կնքած պահոցներն է բացում. արդեն մեղրաքամ է:
Արոտավայրեր չկան, անասնապահությունը հեռանկար չունի, անասունը սահմանն անցնի հետ չի գա, մեղուներն ուրիշ են, մեղուները սահմաններ չեն ճանաչում:
Որքան էլ կարևոր է մեղվի հետ ճիշտ աշխատանքը, առատ բերքի գաղտնիքը սկսնակ մեղվաբույծը չի թաքցնում: Գարնանը դեպի գյուղի հարակից սահման է տանում փեթակները, ամռանը՝ Սպանդարյանի ջրամբարի մոտ՝ Գորայքի ծաղկաշատ սարեր: Վահագնի քաղցր երթուղին որքան երկար, այնքան էլ դժվար է, արդյունքը՝ այս տարի երկրորդ մեղրաքամն է անում:
Վահագնի մեղրն արդեն իր տեղն ունի շուկայում: Գնորդների պակաս չկա: Որպեսզի մեղրասերները տարբերեն իր արտադրանքը, բրենդ էլ ունեն: «Նեկտարիս». այսպես է կոչվում Աղաջանյանների ընտանեկան բիզնեսը:
Մեղրաքամի ակտիվ աշխատանքում օգնողների պակաս չի ունենում մեղվաբույծ Վահագնը: Թե փեթակներում հաստատված մեղվային կարգ ու կանոնից չհասկանան, մեղրաքամի բռնակը պտտել հո կկարողանան:
Փիլիսոփայելու ճամանակ իհարկե չունի։ Քանի օգնականներ կան, պիտի հասցնի շրջանակները դատարկել։ Կհանգստանա, երբ ձմեռը գա։ «Գյուղում, թե հողի, թե անասունների հետ աշխատանքը դժվար է: Դժվարություններ միշտ կան, հիասթափություն՝ երբեք»- փորձում է չտրտնջալ Վահագնը։ Ինքը դժգոհողներից չէ։
Արցախյան վերջին դեպքերից առաջ Կոռնիձորը կարճ ժամանակով Հայաստանի հետ կապող ճանապարհի գյուղ էր դարձել: Ակտիվ երթևեկություն նախկինի պես հիմա չկա. մի քանի գյուղացի, որ իրենց դաշտերն են շտապում: Արցախ-Հայաստան մայրուղու մարած շարժին ճանապարհի կողքի դաշտերում գյուղացիների աճեցրած արևածաղիկներն են հետևում՝ գլուխները դեպի արևելք՝ հայաթափված Արցախ, դեպի Հակարիի կամուրջ, որով հիմա միայն Վահագնի ու մյուս կոռնիձորցիների սահմանախախտ մեղուներն են անցնում ու…. ու էլ ոչ ոք:
Լրագրող՝ Տիգրան Հովսեփյան


