Սոցիալական պաշտպանության ոլորտում առանցքային մարտահրավերը տարիներով ձևավորված պասիվ սպասումն է, երբ պետական աջակցությունը հանգում է միայն չնչին դրամական նպաստի, իսկ ընտանիքը շարունակում է մնալ խոցելիության նույն շրջափուլում։ Ինչպես կոտրել աղքատության այս շղթան, անցնել փաստահենք համակարգի և մարդուն տալ ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև ոտքի կանգնելու իրական գործիքներ։
Սոցիալական աջակցության նոր օրենսդրության, անապահովության գնահատման «հիբրիդային» մոդելի և մանկական աղքատության հաղթահարմանն ուղղված համապարփակ բարեփոխումների շուրջ զրուցել ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի Սոցիալական քաղաքականության բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանի հետ։
Տասնհինգամյա գործընկերություն սոցիալական պաշտպանության ոլորտում և բարեփոխումների 3 առանցքները
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ աշխատանքը սոցիալական պաշտպանության ոլորտում սկսվել է դեռևս 2010 թվականից՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման գործընթացից, միջազգային փորձի ուսումնասիրությունից մինչև 2014-ի «Սոցիալական աջակցության մասին» օրենքի մշակումը, իսկ այժմ՝ արդեն նոր օրենսդրական փաթեթի ձևավորումը։
Արմենուհի Հովակիմյանի փոխանցմամբ՝ աջակցությունը կառուցված է 3 հիմնական մակարդակների վրա․
- Քաղաքականության և իրավական դաշտի բարելավում․ Օրենսդրական փոփոխություններ, որոնք ընդգրկում են հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրումը, երեխայի պաշտպանության ոլորտի բարեփոխումներն ու սոցիալական աջակցության և նպաստների համակարգի վերանայումը։
- Ծրագրերի ու ծառայությունների մշակում․ Երեխաներին և ընտանիքներին թիրախավորող ծառայությունների ստեղծում, դրանց ծախսահաշվարկում (պետության հետագա ֆինանսական ներդրումը գնահատելու նպատակով) և փորձարկում համայնքային մակարդակում։
- Կարողությունների զարգացում և թվայնացում․ Թե՛ համայնքային, թե՛ Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների մասնագիտական վերապատրաստում և թվային տվյալահենք համակարգերի ներդրում՝ բացառապես փաստահենք որոշումներ կայացնելու համար։
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի նպատակն է փոխլրացնել ազգային և տեղական փորձագիտական կարողությունները:Մենք օգնում ենք պետությանը մշակել և պիլոտավորել ծրագրերը, որպեսզի հետագայում պետությունն ինքնուրույն կարողանա դրանք պահպանել ու շարունակել պետական կամ համայնքային բյուջեներով»,- ընդգծում է Արմենուհի Հովակիմյանը։
Աղքատության գնահատման նոր «հիբրիդային» մոդելը
Այս պահին Հայասստանում ընթանում են երկու զուգահեռ, բայց փոխլրացնող հիմնարար բարեփոխումներ՝ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքն ու Ընտանիքի անապահովության գնահատման համակարգի փոփոխությունը։
90-ականներից գործող համակարգը հիմնված էր սուբյեկտիվ գործոնների վրա և չէր խրախուսում զբաղվածությունը, իսկ միջինում 26 հազար դրամ կազմող նպաստը, թեև մեղմում էր ծայրահեղ վիճակը, ընտանիքին չէր հանում աղքատությունից։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Համաշխարհային բանկի կողմից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացվող նախագծի շրջանակում ուսումնասիրվել է ավելի քան 19 երկրի փորձ և ընտրվել միջոցների ստուգման հիբրիդային մոդելը։
«Զարգացած երկրներում ստուգվում են միայն ֆորմալ եկամուտները։ Քանի որ Հայաստանում դեռևս առկա է ոչ ֆորմալ տնտեսություն, գործարկվում է հիբրիդային մոդելը։ Այն դիտարկում է թե՛ տեսանելի եկամուտները, թե՛ որոշակի ակտիվները, ինչպես նաև ընտանիքի կազմն ու խնամքի բաղադրիչները։ Հիմնական նպատակն է՝ հասնել ճշգրիտ թիրախավորման, բայց նաև խրախուսել աշխատունակ անդամների ակտիվացումն ու զբաղվածությունը»,- պարզաբանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը։
Թղթաբանությունից դեպի ընտանիքի հետ աշխատանք
Աղքատության գնահատման նոր համակարգը մինչև հուլիսի 1-ը փորձարկվել է Կոտայքի և Սյունիքի մարզերում, հավաքագրվել են առաջացած խնդիրներն ու կատարվել շտկումներ։ Դրան զուգահեռ՝ իրականացվել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ու համայնքային սոցիալական աշխատողների համապարփակ վերապատրաստումներ։
Փոփոխության արդյունքում վերացվել է ավելորդ փաստաթղթաշրջանառությունը, և այժմ սոցիալական աշխատողներն իրենց ժամանակն ավելի շատ ուղղում են անմիջապես ընտանիքների հետ աշխատանքին։
Հաջորդ տարվանից համակարգում ներդրվելու են նաև նոր բաղադրիչներ՝ ծնողավարման և կենցաղավարման հմտությունների զարգացումը։ Բացի այդ, մշակվում են Սոցիալական աջակցության մասին օրենքից բխող ավելի քան 50 ենթաօրենսդրական ակտեր, որոնք կսահմանեն բնաիրային, սոցիալ-հոգեբանական, կենսապահովման և այլ նոր ծառայություններ, ինչպես նաև որոշ ծառայությունների չափորոշիչներն ու ծառայություն մատուցողներրի հավաստագրումը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներգրավվածության հիմնական նպատակը
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Սոցիալական քաղաքականության բաժնի ղեկավարն ընդգծում է, որ այս բոլոր բարեփոխումների կիզակետում երեխան է․ «Աղքատությունը, հատկապես ծայրահեղ աղքատությունը, ծանր ազդեցություն է թողնում երեխաների ապագայի վրա։ Երբ ընտանիքը չի կարողանում հոգալ կրթական ծախսերը, հագուստ գնել կամ երեխան ստիպված է գիշերը քնել գետնին՝ մահճակալ չունենալու պատճառով, այդ շղթան կոտրելն անհնար է դառնում առանց համալիր միջամտության։ Միայն դրամական նպաստը բավարար չէ․ անհրաժեշտ է դրամական աջակցություն նաև որակյալ ծառայությունների և սոցիալական աշխատանքի ամբողջական փաթեթ։ Միայն այդ դեպքում կհասնենք մանկական աղքատության կրճատմանն ու ընտանիքների իրական հզորացմանը»,-ամփոփում է Արմենուհի Հովակիմյանը։
——————
Այս շարքը պատրաստվում է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի կողմից՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դիմակայուն և միասնական նախաձեռնություններ ընդդեմ ապատեղեկատվության» ծրագրի ներքո։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Լրագրող


