Ինչպես խափանվեցին մթերողների պլանները
Նախորդ տարիներին Մեղրիի թուզը հիմնականում արտահանվում էր Ռուսաստան։ Այս սեզոնին արտահանման խափանումը դժվար դրության մեջ դրեց թե՛ ֆերմերներին, թե՛ մթերողներին։ Թուզը երկար պահել հնարավոր չէ․ այն արագ կորցնում է ապրանքային տեսքն ու որակը, ուստի բերքի իրացման համար ժամանակը վճռորոշ է։
Արտահանման դժվարություններին զուգահեռ, նվազեցին նաև մթերման գները։ Մթերողների առաջարկած տեղեկությունների համաձայն՝ եթե նախորդ տարի մեկ կիլոգրամ թուզն ընդունվում էր 1000–1200 դրամով, այս տարի այն մթերվում էր 500–700 դրամով, իսկ չրի հումքի համար առաջարկվում էր շուրջ 300 դրամ։
Մեղրիում գործում է ավելի քան յոթ մթերման կետ, որոնք զարգացել են բերքի ծավալների աճին զուգահեռ։ Դրանցից «Meghri Fruits»-ը սկսել է գործել 15 տարի առաջ՝ որպես գյուղմթերքի ընդունման փոքր կետ։ Տարիների ընթացքում այն վերածվել է սառնարանային տնտեսությամբ ու ժամանակակից սարքավորումներով արտադրամասի՝ նպատակ ունենալով նաև Մեղրիից կազմակերպել արտադրանքի արտահանումը։
Նախորդ տարիներին ընկերության մթերած բերքի շուրջ 80 տոկոսն արտահանվում էր Ռուսաստան։ Այս սեզոնին, սակայն, արտահանումը դադարել է, և թուզն ուղղվել է Երևանի շուկա։ Ընկերության գնահատմամբ՝ տեղական պահանջարկը բավարար չէ ամբողջ բերքն իրացնելու համար։
«Առաջին անգամ Երևանը տեսավ Մեղրիի իսկական թուզը»
Նախորդ տարիներին Մեղրիի բարձրորակ թուզը մեծ պահանջարկ ուներ, հատկապես՝ ռուսական շուկայում։ Արտահանումը ֆերմերներին հնարավորություն էր տալիս բերքը վաճառել ավելի շահավետ գնով և խրախուսում էր որակյալ միրգ աճեցնել։ Տեղական շուկա հիմնականում ուղարկվում էր միջին որակի թուզը, որի համար ավելի ցածր գին էր առաջարկվում։
Այս տարի, սակայն, արտահանման դժվարությունների պատճառով թարմ թզի մեծ մասն ուղղվեց ներքին շուկա, հիմնականում՝ Երևան։ Արդյունքում սպառողները կարողացան ձեռք բերել նաև Մեղրիի ընտիր թուզը՝ նախորդ տարիների համեմատ ավելի մատչելի գնով։
Սպառողների համար թզի գնի նվազումը կարող էր շահավետ թվալ, սակայն արտադրողների եկամուտներն էլ նվազեցին։
Անժելան արդեն 25 տարի է՝ զբաղվում է բնական չրի արտադրությամբ։ Նրա խոսքով՝ իրենց չիրն առանց ծծմբահարման են պատրաստում, բայց ձեռքի աշխատանքի դիմաց առաջարկվող գինը հաճախ չի արդարացնում ներդրված ջանքը։

«Մեր չիրն անում ենք առանց ծծմբահարման՝ լրիվ բնական։ Բայց շատ վիրավորական է, երբ ձեռքի աշխատանքը չեն գնահատում։ Երբ մի կիլոգրամ թարմ տանձն արժե 1800 դրամ, իսկ քո պատրաստած բնական չիրը գնահատում են 2000 դրամ, այն դեպքում, երբ դրա վրա հոգի ես դրել՝ քաղել ես, չորացրել, հավաքել»,-ասում է նա։
Վնասով աշխատանք ու անորոշություն․ ի՞նչ գնով է փրկվում Մեղրու բերքը
Հարութ Խաչատրյանը գյուղմթերքի իրացմամբ, չրագործությամբ զբաղվում է 2018 թվականից։ Տարիների ընթացքում սեփական միջոցներով նոր այգիներ է հիմնել, չրանոց ու սառնարանային խցիկներից բաղկացած տնտեսություն ստեղծել:
«Օրեր շարունակ եկամտի մասին չենք մտածել։ Մտածել ենք՝ որքան կարող ենք, այնքան բերք մթերենք գյուղացիներից։ Վնաս էլ ենք կրել, բայց մթերման կետը չենք փակել․ սխալ կլիներ այդ դժվար պահին մարդկանց մենակ թողնել։ Գյուղացիներին խնդրում էինք՝ բերքի կեսը մեզ բերեք, մյուս կեսից էլ ինքներդ չիր պատրաստեք, որ վնասը փոքր-ինչ բաշխվի»,- ասում է Հարութը։
Այժմ մթերված ավելցուկային թուզը վերածվել է չրի։ Հազարավոր կիլոգրամներ պահվում են սառնարաններում, ծխեցվում ու տեսակավորվում, սակայն պատրաստի չրի իրացման գինը դեռ հայտնի չէ։
«Խնդիրն ամբողջությամբ չլուծեցինք, բայց հետևանքները մեղմեցինք»․ մարզպետարանի արձագանքը
Օգոստոսի կեսերին Մեղրիում մրգի իրացման ահազանգերը նաև Սյունիքի մարզպետարան հասան։ Ակնհայտ էր, որ եթե պետությունը չաջակցի արտադրողներին, վերամշակողներին, մթերողները հրաժարվելու են բերքն ընդունել, որովհետև արտադրվող ծավալների իրացման ռեսուրսներ չկան։
«Մեդիափոինթ»-ի նկարահանումների օրերին՝ օգոստոսի վերջին, արդեն գործում էր կառավարության որոշումը, որով օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը Սյունիքի մարզից վերամշակման նպատակով մթերված թզի յուրաքանչյուր կիլոգրամի համար նախատեսվել էր 125 դրամ փոխհատուցում։ Թարմ թզի արտահանման համար գործող աջակցության չափը յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց 200 դրամ էր։
Սյունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արա Նահապետյանի գնահատմամբ՝ աջակցությունն օգնեց մեղմել լարվածությունը և մթերողներին վերադարձնել շուկա։
«Խնդիրը, ճիշտ է, ամբողջական չլուծեցինք, բայց բավականին թեթևացրինք հետևանքները։ Վերամշակման ենթակա թուզը Մեղրիում, կարելի է ասել, սպառվեց։ Ճիշտ է, նախորդ տարիների համեմատ գինը կտրուկ իջել է, բայց այն տարիներին այն նորմայից ավելի բարձր էր։ Ժողովրդին լիովին հասկանում եմ, սակայն սա ճգնաժամային իրավիճակ էր, որը մեզ պետք է ստիպի ուժեղանալ»,- ասում է նա։
Նահապետյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը նաև ցույց տվեց իրացման շուկաները բազմազանեցնելու և մեկ երկրի շուկայից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտությունը։
Սակայն սեպտեմբերի 1-ին բերքահավաքը դեռ շարունակվում էր, հատկապես՝ բարձրադիր գոտիներում։ Կառավարության հաջորդ որոշմամբ թզի վերամշակման նպատակով մթերման աջակցության ժամկետը երկարաձգվեց մինչև հոկտեմբերի 1-ը՝ ևս մինչև 200 տոննա թզի համար պահպանելով մեկ կիլոգրամի դիմաց 125 դրամ փոխհատուցումը։
Կարո՞ղ են ջեմն ու մուրաբան դառնալ թարմ թզի այլընտրանքը․ ինչո՞ւ վերամշակումը ձեռնտու չէ
Նման իրավիճակում հնարավոր լուծումներից մեկը մրգի վերամշակումն է՝ ջեմի կամ մուրաբայի արտադրությունը։ Սակայն Մեղրիից հումքը մայրաքաղաքի գործարաններ հասցնելը ծախսատար է, և, ինչպես նշում են տեղացի արտադրողները, այդ գործարանները հաճախ նախընտրում են մրգեր ձեռք բերել ավելի մոտ գտնվող Իջևանից ու Նոյեմբերյանից։

Մեղրիում վերամշակումը ևս ծախսեր է պահանջում։ 1930 թվականից գործող Մեղրիի պահածոների գործարանի տնօրեն Գրիշա Հարությունյանի խոսքով՝ ջրից ու մրգից բացի գրեթե ամեն ինչ՝ ապակյա տարաները, կափարիչները, շաքարավազն ու վառելիքը, բերում են Երևանից։ Այնուհետև պատրաստի արտադրանքը պետք է տեղափոխեն շուրջ 400 կմ հեռու գտնվող մայրաքաղաք։ Նրա հաշվարկով՝ միայն փոխադրումը մեկ կիլոգրամ արտադրանքի ինքնարժեքին ավելացնում է առնվազն 100–120 դրամ։
«Ժամանակավոր լուծում՝ առանց հիմնարար ելքի»․ գյուղատնտեսի գնահատականը
Գյուղատնտեսության փորձագետ Գևորգ Մարգարյանի գնահատմամբ՝ մթերված թզի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց նախատեսված 125 դրամ պետական աջակցությունը իրավիճակային քայլ է, որը չի լուծում բերքի իրացման հիմնական խնդիրը։
Նրա խոսքով՝ Մեղրիում պակասում է գյուղատնտեսական մասնագիտական աջակցությունը․ անհրաժեշտ է դեռևս սեզոնից առաջ գնահատել սպասվող բերքի ծավալները և ֆերմերներին օգնել պլանավորել դրա իրացումը։
Փորձագետը մտահոգություն է հայտնում նաև աջակցության մեխանիզմի վերաբերյալ։ Փոխհատուցումը տրամադրվում է վերամշակման նպատակով թուզ մթերող ԱՁ-ներին և իրավաբանական անձանց։ Անհատ ֆերմերներն ուղղակի վճարում չեն ստանում, իսկ թե աջակցությունն ինչպես է անդրադառնում նրանց ստացած մթերման գնի վրա, դեռ պարզ չէ։
«Մեղրիում խնդիրը ոչ թե բերքի ծավալն է, այլ պետական կանխատեսման ու իրական դիվերսիֆիկացիայի բացակայությունը»,- ընդգծում է փորձագետը։
«Շուկաների դիվերսիֆիկացիա՝ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով, իսկ վնասների փոխհատուցումը՝ դեռ քննարկման փուլում»․ Էկոնոմիկայի նախարարության պատասխանը
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման և հայկական արտադրանքի նոր շուկաներում առաջմղման նպատակով համագործակցում են «Արտաքին գործերի նախարարության, արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև օտարերկրյա առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ»։
Անդրադառնալով արտահանողների համար պետական աջակցության գործիքներին՝ նախարարությունը նշում է, որ Կառավարության 2026 թվականի հունիսի որոշումներով նախատեսվել է թարմ պտղի արտահանման յուրաքանչյուր միավորի համար տրամադրել փոխհատուցում՝ «լոգիստիկ ծախսերի մասնակի փոխհատուցման և արտահանման շուկաներում գնային առումով մրցունակություն ապահովելու նպատակով»։ Բացի այդ, գործում է Եվրոպական Միության երկրներ, Միացյալ Թագավորություն և Կանադա արտահանման ժամանակ «ներմուծող երկրում գանձված մաքսատուրքի արժեքի» փոխհատուցման ծրագիրը։
Սակայն այս գործիքները չեն փակում ամենակարևոր հարցը՝ սահմանային արգելքների պատճառով արդեն իսկ կրած ֆինանսական վնասները։ Պաշտոնական պատասխանում նշված է․ «Լոգիստիկ կամ մաքսային խոչընդոտների և դրանց հետևանքով տնտեսավարողների կրած ֆինանսական վնասների փոխհատուցման հնարավորությունները քննարկվում են Էկոնոմիկայի նախարարությունում, որի վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացվել»։

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ի փոխանցած տվյալները ցույց են տալիս թզի արտահանման շուկաներում տեղի ունեցած զգալի տեղաշարժերը։ 2026 թվականի տվյալները վերաբերում են հունվարի 1-ից սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածին։
Եթե 2024 թվականին Հայաստանից արտահանված ամբողջ թարմ թուզը ուղղվել էր բացառապես Ռուսաստան, իսկ 2025 թվականին ՌԴ-ն շարունակում էր մնալ արտահանման հիմնական ուղղություններից մեկը, ապա 2026 թվականի սեպտեմբերի 22-ի դրությամբ դեպի Ռուսաստան թարմ թզի արտահանում չի գրանցվել։ Փոխարենը հիմնական արտահանման ուղղություններն են եղել Վրաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Լեհաստանը և Մոլդովան, Բելառուսն ու ԱՄԷ-ն։
Զգալի նվազում է արձանագրվել նաև թզի չրի՝ Ռուսաստան արտահանման դեպքում։ Եթե 2024 և 2025 թվականներին Ռուսաստանը չրի արտահանման հիմնական շուկան էր, ապա 2026-ին այդ ուղղությամբ արտահանման ծավալը կտրուկ նվազել է։ Այս տարի թզի չիր է արտահանվել նաև Ուզբեկստան, ԱՄԷ, Վիետնամ և Սինգապուր։
Թզի սեզոնն ավարտվել է, սակայն իրացման խնդիրը դեռ լուծված չէ․ բերքի մի մասը տեղափոխվել է Մեղրիի չրանոցներ ու սառնարաններ։ Թարմ մրգի արտահանման դժվարությունների պայմաններում չրի արտադրությունը դարձել է բերքը պահպանելու հնարավորություններից մեկը, թեև դեռ պարզ չէ, թե պատրաստի արտադրանքի վաճառքն ինչ ազդեցություն կունենա մարդկանց եկամուտների վրա։
Կառավարության տրամադրած սուբսիդիան որոշ չափով մեղմեց առաջին դժվարությունները, սակայն դեռ պարզ չէ, թե որտեղ և ինչ գնով է վաճառվելու պատրաստի չիրը, ինչպես նաև ինչպես է կազմակերպվելու թարմ մրգի իրացումը հաջորդ տարի։ Կայուն շուկաների և լոգիստիկ լուծումների բացակայությունը շարունակում է դժվարություններ ստեղծել այգեգործների ու չրագործների համար և ազդել մեղրեցու աշխատանքի եկամտաբերության վրա։
Առաջիկա ամիսներին Մեղրիում կմեկնարկի արքայանարնջի ու նռան բերքահավաքը։ Այդ բերքի իրացման համար ևս կարևոր կլինի արտահանման հնարավորությունների ընդլայնումն ու տեղական վերամշակման կազմակերպումը, որպեսզի արտադրողները չբախվեն նույն դժվարություններին։

Լրագրող


