Վերջին տարիներին վերանորոգվել է Սյունիքի արյան փոխներարկման կայանը՝ Առողջապահության
նախարարության և «Յոլյան» արյունաբանական կենտրոնի ֆինանսավորումով: Օժանդակել է նաև Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը՝ և՛ սարքավորումներով, և՛ արևային կայանով:
Սակայն կայանի առաջնային խնդիրներից է մնում դոնորական ակտիվության բարձրացումը։ Անհրաժեշտ արյան բաղադրամասերի պաշարն ապահովելու նպատակով մասնագետները պարբերաբար արտագնա այցելություններ են կատարում մարզի տարբեր քաղաքներ ու բնակավայրեր։ Միայն ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում 5 արտագնա այց է կազմակերպվել Կապանի բժշկական կենտրոն, որտեղ էլ իրականացվել են արյան դոնորության ակցիաներ։ Նմանատիպ դոնորական ֆոնդ է ձևավորվել նաև Սիսիանում։
Մինչ արյունատվությունը, դոնորների առողջությունը պահպանելու նպատակով, իրականացվում է անվճար բժշկական հետազոտություն։ Միայն մշտական կամ ժամանակավոր հակացուցումների բացակայության դեպքում է քաղաքացուն թույլատրվում արյուն հանձնել։ Առաջնակի դոնորներից վերցվում է 350 գրամ, իսկ կադրային դոնորներից՝ մինչև 450 գրամ արյուն։ Բոլոր դոնորներին տրամադրվում է պետության կողմից սահմանված հատուկ սնունդ՝ հյութի, շոկոլադի և թխվածքաբլիթի տեսքով, իսկ վճարովի դոնորներին հատկացվում է 15․000 դրամ։
Արյան բաղադրամասերն ունեն պահպանման տարբեր պայմաններ և պիտանելիության ժամկետներ։ Թարմ սառեցրած պլազման կարող է պահպանվել մինչև 3 տարի (ներկայումս կայանում առկա է շուրջ 1000 միավոր պլազմա), մինչդեռ էրիթրոցիտար մասսայի պիտանելիության ժամկետը ընդամենը 42 օր է։ Հենց էրիթրոցիտար մասսայի պահանջարկն է ամենաբարձրը, և այն մշտական լրացման կարիք ունի։



