Գորիսի համայնքի ավագանին 17 կողմ և մեկ ձեռնպահ ձայնով հաստատեց համայնքի 2022 թվականի բյուջեն, որը կազմում է 1 միլիարդ 186 միլիոն 011 հազար դրամ։ Այն նախորդ տարվանից պակաս է մոտ 20 միլիոն դրամով։
Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Նարեկ Մնացականյանի տեղեկությամբ, բյուջեի նվազումը կապված է ՀՀ Պետական վերահսկողության ստուգումների արդյունքում համայնքի՝ գույքահարկի և հողի հարկի բազաների ճշգրտման հետ։ Այս հիմքով տեղական բյուջեի համար նախատեսված պետական դոտացիան նվազել է 27մլն, 678,800 դրամով։ Բաժնի պետի խոսքով տարբերությունը մասնակի լրացվել է եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշերի շնորհիվ։
Առաջիկա տարվա բյուջեում հիմնականում բոլոր հոդվածներն անփոփոխ են մնացել, ավելացել են միայն նախակրթության ոլորտի համար նախատեսված միջոցները․ նախատեսվում է Հարթաշեն բնակավայրում նոր նախակրթարանի կազմավորման, ինչպես նաև համայնքի այլ նախակրթարաններում նոր խմբերի ավելացման համար։ Ոչ էական, բայց նվազել են մի շարք ուղղությունների համար նախատեսված ծախսերը, ինչպես, օրինակ, մշակույթ (մոտ 10մլն դրամ), փողոցների լուսավորություն, բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն և այլն։
Օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր տեղական տուրքերի տեսակների և դրույքաչափերի հաստատմանը․ այն նախորդ տարվա համեմատությամբ չի փոխվել, բացի այն, որ ավելացել է տիկնիկային թատրոնի ներկայացման վճար՝ մինչև 30 րոպե տևողությամբ ներկայացումների պարագայում մեկ անձի համար 250, իսկ 30 րոպեից ավելիի դեպքում՝ 400 ՀՀ դրամ։
Անփոփոխ են մնացել համայնքային ենթակայության հիմնարկներում կրթության վճարների դրույքաչափերը։
Ավագանին փոփոխություն կատարեց նաև նոյեմբերի 22-ի թիվ 113 որոշման մեջ, ըստ որի համայնքի ղեկավարն այսուհետ կունենա երկու տեղակալ (բացի առաջին տեղակալից)։ Նույն որոշմամբ, վեց հաստիքով նվազել է համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակը, մանավորապես, համայնքի չորս բնակավայրերի մշակույթի տներն այլևս չեն ունենա ակումբավար։ Կրճատվել են նաև հանդապահների հաստիքները։
Ավագանու նիստում քննարկման առարկա դարձան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարի՝ օրենքով սահմանված լիազորությունների պատշաճ մակարդակով իրականացման նկատմամբ հանրային վերահսկողության, թափանցիկության ապահովման խնդիրների վերհանման, բնակիչների ահազանգման հետ կապված հարցեր։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից ընտրված ավագանու անդամ Կարեն Լազարյանն, անդրադառնալով վարչական ղեկավարների պարտականություններին, առաջարկեց, որպեսզի նրանք պարբերաբար քարտեզագրեն բնակավայրերի խնդիրները, դրանց լուծման համար առաջարկություններ ներկայացնեն ավագանու քննարկմանը։ Նրա կարծիքով որոշ բնակավայրերում տեղական իշխանությունների ներկայացուցիչներն իրենց պատասխանատու չեն զգում համայնքի մարդկանց կյանքի որակի փոփոխության համար։
Արձագանքելով քննադատություններին, Հարթաշեն բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Խաչատրյանն իր անհամաձայնությունը հայտնեց, ասելով, որ բնակավայրերի խնդիրների լուծման համար իրենց աշխատանքը թերագնահատելն արդարացի չէ։ Հետաքրքրական է, որ նիստին մասնակցող վարչական ղեկավարներից որևէ մեկը չանդրադարձավ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքով նախատեսված պահանջին, ըստ որի վարչական ղեկավարի նստավայրի պահպանման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վարչական ղեկավարի գործառույթների իրականացման համար ծախսերը առանձին տողով ներկայացվում են համայնքի բյուջեում: Եվ բյուջեի քննարկման ընթացքում այս հարցին ուշադրություն չդարձրեցին վարչական ղեկավարները։
Ավագանու անդամ Նարեկ Օրդյանը մտահոգություն հայտնեց այն մասին, որ այլևս սահմանամերձ դարձած Վերիշեն, Ակներ բնակավայրերում մարդիկ իրենց ապրուստի հիմնական միջոցի՝ անասնապահության կազմակերպման մարտահրավերների առաջ են կանգնած, և համապատասխան կառույցներն այդ ուղղությամբ վճռական քայլեր չեն ձեռնարկում։
Գորիս համայնքի ավագանու կազմը, ձևավորվել է համամասնական ընտրակարգով՝ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում։ Ըստ այդմ, ընտրություններին մասնակցած «Առուշ Առուշանյան» դաշինքից ավագանու կազմում ներառվել է տասներեք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ յոթ և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից՝ մեկ ավագանու անդամ: Ավագանու հերթական նիստն ի գիտություն ընդունեց ավագանու անդամ Երվանդ Մալունցի դիմումը՝ մանդատը վայր դնելու մասին։ Նրան փոխարինեց Հարություն Բակունցը։
Օրակարգային հարցերից դուրս, ավագանում քննարկման թեմա դարձավ նաև հետպատերազմական խնդիրների հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքների համար ռեսուրսների ապահովման հարցը։
Ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա 2022թ․փետրվարի 9-ին։
