Սյունիքի մարզի Տեղ համայնքում աղբահանություն սկսել են իրականացնել 2016թ.-ից, երբ համայնքը խոշորացվեց: Համայնքի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը կազմակերպված աղբահանություն սկսեց իրականացնել 2018թ.-ից, երբ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը» նոր աղբատար մեքենաներ տրամադրեց: Մինչ նոր աղբատար մեքենաներով համալրվելը, համայնքում գործածում էին երկաթյա աղբամաններ, որոնք չեն համապատասխանում աղբատար մեքենայի կառուցվածքին, ու աշխատանքը կրկնակի բարդանում է։ Աշխատողները ստիպված են լինում աղբը լցնել գետնին, հետո բարձել մեքենան։ Այս աղբատար մեքենաների համար անհրաժեշտ են պլաստմասե անիվավոր աղբամաններ, այժմ փնտրում ենք հնարավորություններ, որպեսզի համայնքը վերազինենք նոր ու համապատասխան աղբամաններով,- ասում է համայնքի ղեկավարի տեղակալ Արամ Միրզոյանը։
Աղբահանությունը իրականացվում է համայնքի բոլոր յոթ բնակավայրերում։ Աղբատար մեքենաներից մեկը սպասարկում է Խոզնավար, Վաղատուր, Խնածախ բնակավայրերին՝ շաբաթական երկու օր, իսկ մյուս մեքենան սպասարկում է Տեղ, Կոռնիձոր, Արավուս, Քարաշեն բնակավայրերին՝ շաբաթական երեք օր։ Մեքենաները փողոցներով շրջում են ու աղբը հավաքում, իսկ բնակավայրերի ավելի բանուկ հատվածներում տեղադրված է երկաթյա աղբամաններ։
Նոր աղբամաններ ունենալու դեպքում հարցի լուծմանը զուգահեռ առաջանում են նոր խնդիրներ, քանի որ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի հոդված 12-ի 2-րդ կետի համաձայն՝ աղբավայրերում աղբի տեղադրումն իրականացվում է աղբավայրերի շահագործման և սանիտարահիգիենիկ պայմանների պահպանմամբ, որը ենթադրում է հավելյալ ֆինանսական ռեսուրսների հատկացում։
Համայնքի 2022թ. բյուջեում նախատեսված է 2 մլն 900 հազար դրամ աղբահանության ծախսերի համար, իսկ ամբողջ տարվա ընթացքում նախատեսվում է հավաքագրել 2 մլն 400 հազար դրամ։ Հավաքագրվող գումարը չի ծածկում կատարված ծախսը:
Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021թ. դեկտեմբերի 29-ի N 51-Ն որոշման համաձայն սահմանվել է համայնքում տեղական տուրքերի գոտիավորումը, որի համաձայն Տեղ, Կոռնիձոր և Քարաշեն բնակավայրերը 1-ին գոտիավորման մեջ են մտել, իսկ Արավուս, Խնածախ, Վաղատուր և Խոզնավար բնակավայրերը՝ 2-րդ։ Ըստ այս գոտիավորման, հաստատվել է տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը։ Տեղ համայնքում աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար առաջին գոտում գտնվող բնակելի նպատակային նշանակության շենքերում և շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար, յուրաքանչյուր բնակչից գանձվում է 150 դրամ, իսկ 2-րդ գոտում՝ վճարի չափը 100 դրամ է: Ոչ բնակելի նպատակային նշանակության, այդ թվում՝ հասարակական և արտադրական շենքերում և շինություններում հետևյալ դրույքաչափերն է սահմանվել.
Վերը սահմանված տեղական վճարների դրույքաչափերը փոփոխության չեն ենթարկվել վերջին տարիների ընթացքում։
Ավագանու որոշմամբ վարձավճարի արտոնություն է սահմանվել միայնակ կանանց, ծերերի, սոցիալապես անապահով ընտանիքների համար և նրանք ազատված են կոշտ կենցաղային թափոնների համար վճարվող գումարներից: Մյուս ընտանիքների հետ պայմանագիր են կնքում՝ ըստ ընտանիքում առկա շնչերի թվի:
Հավաքաված աղբը շաբաթական երկու անգամ տեղափոխվում է Գորիս քաղաքի աղբավայր՝ վճարովի հիմունքներով: Գորիսի համայնքապետարանի հետ յուրաքանչյուր տարի կնքվում է պայմանագիր։ Տեղ համայնքում աղբը չի տեսակավորվում։
Շինարարական աղբի դեպքում աղբը տեղափոխում է տվյալ շինանարարական մրցույթն հաղթած կազմակերպությունը, իսկ առանձին փոքր ծավալով շինարարական աղբ առաջանալու դեպքում՝ աղբի տեղափոխումը կազմակերպում է համայնքը։ Հաճախ անբարեխիղճ բնակիչների պատճառով, ովքեր կարծր, մետաղական և շինարարական թափոնները թաքցնում են կենցաղային աղբի մեջ աղբատար մեքենայում աղբի ճնշման ժամանակ ճնշող խողովակները փչանում են: Ուստի որոշել են ամիսը մեկ անգամ առանձին հավաքել բնակիչների շինարարական աղբը, որի համար վարձավճար չեն գանձում։ Պատերազմից հետո ՀՈԱԿ-ը աղբահանություն է իրականացնում նաև ռուսական հենակետերում՝ առանց պայմանագրիր կնքելու, սակայն արդեն ունեն պայմանավորվածություն։
«Ամբողջ համայնքում ունենք 34 աղբաման, ու նույնիսկ համայնքում աղբամանների պակասն լրացնելուց հետո հարցն ամբողջությամբ չի լուծվելու, քանի որ համայնքի ոչ բոլոր բնակավայրերն են պլանային: Աղբատարները ոչ բոլոր փողոցներն են կարողանում մտնել, ուստի աշխատանքի մեծ մասի ծանրությունը կրկին կրում է աղբատարին կցված բանվորը»,- նշում է «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատարը Մերուժան Ավետիսյանը։
