Սեյրան Խաչատրյանը սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցությամբ սեփական տուն կառուցելու ծրագրի առաջին շահառուներից է։ Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում է ապրում, նոր տուն է կառուցում մտածելով, որ իր երեք տղաներն էլ պետք է իր նման ամուր կառչած լինեն իրենց հայրենի հողն ու ջրին, և չմտածեն գյուղը լքելու մասին։
Կոռնիձորը 82 սահմանամերձ բնակավայրերից մեկն է, որտեղ տուն կառուցելու համար պետությունը 16միլիոն դրամ աջակցություն է տրամադրում կառուցապատման համար։ Սեյրանը ծրագրի մասին տեղեկանալուց հետո ստացել է համապատասխան շինթույլտվություն, կազմել նոր տան շինարարության համար նախագիծ, նախահաշիվ ապա գործընկեր բանկի հետ հիփոթեքային պայմանագիր կնքել, որից հետո փուլ-փուլ ստանում կառուցապատման գումարը, իսկ ձևակերպված վարկի գումարը վճարում է ՀՀ կառավարությունը։
Ծրագրից կարող են օգտվել այն շահառուները ովքեր ունեն գրանցված ամուսնություն, և նրանցից մեկը անպայման պետք է ունենա ՀՀ քաղաքացիություն, ինչպես նաև ունենան սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն, որը չունի ավարտական ակտ։ Տարիքն ու երեխա ունենալ կամ չունենալու հանգամանքը բնակարանային մատչելիության ապահովման ծրագրին մասնակցելու խոչընդոտ չեն:
***
Սեյրանի հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է։ «Իմ այգու անմիջապես վերևը ադրբեջանական 17 դրոշ կա դրած, իրենք իրենց համար են աշխատում, մենք՝ մեր համար: Ինձ թվում է, եթե տներ շատ կառուցեն, գյուղը կշենանա, թե չէ կդատարկվի»,- ասում է Սեյրանը։ Տան հիմքի ամրացման աշխատանքներն են սկսել, և տնական գինով աչքալուսանք են անում, ու իրենց օրինակով փորձում վարակել համագյուղացիներին։ Շինարարական աշխատանքները կատարում է հարևանի՝ Վազգենի հետ, ասում է դեռ շինարարների օգնության կարիքը չկա. «Աչքներն ինչ բացել են, մեծերը տուն են կառուցում, իրենք էլ սովորել են»։
***
23-ամյա Վազգենը ևս ուզում է տուն կառուցել, նոր է ամուսնացել և չի ցանկանում գյուղից հեռանալ։ Ի տարբերություն Սեյրանի, Վազգենը չունի տնամերձ հողամաս, որը պարտադիր պայման է ծրագրից օգտվելու համար։
Երիտասարդ տղան ասում է, որ մինչև իր բանկային թղթերի կազմելը, ուզում է արագացնել Սեյրանի տան հիմքերը դնեն, որ հետո իր տան աշխատանքները միասին սկսեն։ Նրա խոսքով տնամերձ հողամաս գնելու համար մեկ քմ․-ի համար պետք է վճարի 515դրամ, այսինքն 1200քմ․ տնամերձ հող գնելու համար պետք է վճարի 618հազար դրամ։Ասում է, հողամաս գնելու համար հնարավորության դեպքում, եթե պահանջվող գումարն էլ ընդգրկված լիներ 16միլիոն դրամ աջակցության մեջ կամ սուբսիդավորում արվի, շատ մեծ աջակցություն կլինի։
***
Ըստ ծրագրի՝ պետությունը 10 տարվա ընթացքում ամբողջությամբ կմարի մինչև 16մլն դրամի կառուցապատման հիփոթեքային վարկի մայր գումարն ու տոկոսագումարը՝ 13% տոկոսադրույքով։ Եթե ավարտական ակտը առավելագույնը երեք տարի հետո չի ներկայացվում, այսինքն տունը չի հանձնվում շահագործման աջակցությունը դադարեցվում է։
Կոռնիձոր բնակավայրում նոր թաղամաս է կառուցվում, որտեղ նախատեսվում է, որ 36 տուն պետք է կառուցվի։
-Տուն չունենանալը ենթադրում է ընտանիքների դուրս գալը գյուղերից, ինչը իհարկե ցանկալի չէ` նման ծրագրերը ողջունելի են և ոգևորում են մարդկանց։ Բնակիչներից արդեն չորս ընտանիք դիմել և հաստատում են ստացել, իսկ մոտ 40 շահառու դեռևս սպասում են, թե երբ պետք է հողամաս գնեն, որպեսզի սկսեն գործընթացը,- նշում է Կոռնիձոր բնակավայրի վարչական ղեկավար Արշակ Կարապետյանը։
***
Կոռնիձորում նոր կառուցվող թաղամասի անմիջապես հարևանությամբ Կարինե տատն իր ամուսնու հետ այգին է մշակում, որտեղ տներ դեռևս չկան, միայն հողատարածքներ են։ Անհամբեր սպասում են թե երբ են գյուղացիները սկսելու շինարարությունը իրենք էլ նոր հարևաններ կունենան, ու հիշում թե ինչ դժվարություններով են իրենց տունը կառուցել։
Ասում է, եթե սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցությամբ սեփական տուն կառուցելու ծրագիրը լիներ դեռ շատ տարիներ առաջ, շատերը արդեն տներ կունենային և չէին մեկնի արտերկիր կամ հանրապետության այլ բնակավայրեր։ Մինչև օրս ամուսնու հետ դեռ տուն են կառուցում, բայց ասում է, որ հիմա էլ ոչ մի բան անել չեն ուզում, տղան վաղուց է դուրս եկել գյուղից իրենք էլ մենակ են ապրում։
-Եթե դեռ այն ժամանակ նմանատիպ ծրագրեր լիներ, մեզ նորմալ տուն ունենայինք հաստատ դուրս գալու մասին չէր մտածի տղաս։ Խոնավ, մեկ հարկանի տան մեջ էինք ապրում։
Սեփական տուն կառուցելու ծրագրի նախնական տարբերակով վարկ ստանալու համար քաղաքացիները պետք է ունենային երկրորդ գրավադրվող գույք, բայց այս կետը հանվել է։ Վարչական ղեկավարի խոսքով այդ հանգամանքը ևս պատճառ հանդիսացավ, որ ավելի շատ մարդիկ սկսեցին դիմել, իսկ այն բնակիչները, ովքեր բանկի կողմից մերժում են ստանում ուրեմն վարկային վատ պատմություն ունեն։
Սյունիքի մարզում սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագրից օգտվում է արդեն 96 ընտանիք, ողջ հանրապետությունում՝ ավելի քան 790 ընտանիք։
