«2026-2027 ուսումնական տարում առկա ուսուցման բակալավրի կրթական ծրագրերով ունենք 74 դիմորդ։ Ընդունելության գործընթացը դեռ շարունակվում է, սակայն նախնական տվյալներն արդեն թույլ են տալիս արձանագրել, որ Գորիսի պետական համալսարանի նկատմամբ հետաքրքրությունը պահպանվում է»,- www.mediapoint.am –ի հետ զրույցում նշում է ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը։
Ռեկտորի խոսքով՝ վերջին երեք տարիներին առկա ուսուցման համակարգում դիմորդների թիվը պահպանվել է 70-75-ի սահմաններում։ Մոտավորապես նույնքան է եղել նաև հեռակա ուսուցման դիմորդների թիվը։ Սակայն դիմորդների մի մասը միասնական քննությունների արդյունքում չի կարողանում հաղթահարել ընդունելության շեմը, ինչի հետևանքով առկա ուսուցման համակարգ ընդունվում է շուրջ 50 ուսանող։
Հեռակա ուսուցման համակարգում միասնական քննությունների ներդրումը սկզբնական շրջանում հանգեցրել էր ընդունելության ցուցանիշների կտրուկ նվազման։
Ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ համալսարանն ունի 704 ուսանող, որոնց մի մասն այս տարի ավարտում է։ Նրանցից 546-ը սովորում է բակալավրի, 158-ը՝ մագիստրոսի կրթական ծրագրերով։ Ընդհանուր ուսանողներից շուրջ 500-ը սովորում է հեռակա, իսկ 204-ը՝ առկա կրթաձևով։
2026-2027թթ․ ուսումնական տարվա առկա ուսուցման բակալավրի ընդունելության համար համալսարանը ներկայացրել է անվճար և վճարովի տեղերի հայտեր։ Ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի՝ նախատեսված է 22 անվճար և 62 վճարովի տեղ։ Միաժամանակ, բակալավրի կրթական ծրագրերում բնագիտական-մանկավարժական ուղղություններով դիմորդների թիվը դեռ շարունակում է ցածր մնալ։ Այդ ցուցանիշների բարելավման ուղղությամբ պետության կողմից իրականացվում են տարբեր ծրագրեր։
Հաշվի առնելով տարածաշրջանի, հատկապես գյուղական բնակավայրերի դպրոցներում մանկավարժական կադրերի կարիքը, 2026 թվականին համալսարանը ստացել է երեք նոր կրթական ծրագրերով գործունեության արտոնագիր։ Արդեն 2027-2028թթ․ ուսումնական տարվանից ԳՊՀ-ն ընդունելություն կիրականացնի «Մաթեմատիկա և ֆիզիկա», «Կենսաբանություն և քիմիա» և «Անգլերեն, ֆրանսերեն և գրականություն» կրթական ծրագրերով։ Այս ծրագրերով սովորող ուսանողները չորս տարվա ուսուցման արդյունքում կստանան ուսուցչի որակավորում միանգամից երկու մասնագիտությամբ։
ԳՊՀ-ում ուսանողներն առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերում տնտեսագիտական, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ինչպես նաև մանկավարժական որոշ կրթական ծրագրերի նկատմամբ։ Մասնավորապես, պահանջարկ ունեն «Անգլերեն և գրականություն», «Կերպարվեստ», իսկ այս տարի նաև «Պատմություն» և «Հայոց լեզու և գրականություն» ծրագրերը։
Մագիստրատուրայում մեծ պահանջարկ ունեն «Իրավագիտություն» և «Կրթության կառավարում» կրթական ծրագրերը։ Վերջին երկու տարիներին դիմորդների հոսք է ավելացել նաև «Մաթեմատիկա», «Կենսաբանություն և քիմիա» մագիստրոսական ծրագրերում։
Արդեն երկու տարի է՝ մագիստրատուրայում շրջանավարտներ են թողարկվում «Անգլերեն և գրականություն» կրթական ծրագրով։ Իսկ անցյալ տարի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» զարգացման ծրագրի շրջանակում ներդրվել է 1,5 տարվա ուսման տևողությամբ, առկա ուսուցմամբ «Կայուն զարգացման տնտեսագիտություն և կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը։ Ռեկտորի խոսքով՝ այս տարի այդ ծրագրի նկատմամբ ուսանողների հետաքրքրությունն ավելացել է։
Նոր կրթական ծրագրերի մշակման ընթացքում համալսարանում ուսումնասիրվում են գործատուների առաջարկությունները, տարածաշրջանի զարգացման առաջնահերթությունները և աշխատաշուկայի միտումները։
«Մենք ակտիվորեն ներգրավում ենք նաև գործատու մասնագետներին դասավանդման և պրակտիկաների կազմակերպման գործընթացներում։ Վերջերս մեր համալսարանի հավատարմագրման փորձագիտական խումբը սա գնահատել է որպես ԳՊՀ-ի ուժեղ կողմերից մեկը։ Մեր նպատակը պարզապես դիպլոմ շնորհելը չէ, այլ աշխատաշուկայում մրցունակ մասնագետ պատրաստելը»,- նշում է Տիգրան Վանդունցը։
Համալսարանում շարունակվում են նյութատեխնիկական բազայի համալրման և արդիականացման աշխատանքները։ Միջազգային ծրագրերի և գործընկեր կառույցների հետ համագործակցության շնորհիվ վերջին երեք տարիներին ԳՊՀ-ում ստեղծվել են համակարգչային ժամանակակից տեխնիկայով կահավորված յոթ նոր կենտրոններ։ Համալրվել են լսարանները, տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները, կրթական ռեսուրսներն ու լաբորատորիաները։ Այնուամենայնիվ, համալսարանի համար լաբորատոր բազայի շարունակական արդիականացումը մնում է առաջնահերթ խնդիր։
«Մենք կարևորում ենք նաև ուսանողների կարիերայի զարգացման ծառայությունները։ Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմի միջոցով ուսանողների համար կազմակերպում ենք փափուկ հմտությունների զարգացմանը նպաստող անվճար դասընթացներ, աջակցում շրջանավարտների աշխատանքի տեղավորմանը, ինչպես նաև ամեն տարի կազմակերպում աշխատանքի տոնավաճառներ։ Մեր համոզմամբ, եթե երիտասարդը բարձրորակ կրթություն ստանա մարզում, տեսնի մասնագիտական զարգացման հեռանկար և արժանապատիվ աշխատանք գտնի Սյունիքում, ապա կմնա այստեղ և իր գիտելիքներով կնպաստի մարզի զարգացմանը»,- զրույցը շարունակում է ռեկտորը։ Նրա խոսքով՝ Գորիսի պետական համալսարանը, որպես մարզային բուհ, շարունակում է պահպանել ուսման վարձերի մատչելիությունը, ինչը նույնպես ԳՊՀ-ում բարձրագույն կրթություն ստանալու կարևոր խթան է։
2026-2027 ուսումնական տարում Գորիսի պետական համալսարանը լավ նորություն ունի նաև տարածաշրջանի քոլեջների շրջանավարտների համար։ Մինչ այժմ գործող կարգի համաձայն՝ բուհում առանց ընդունելության քննությունների կրթությունը շարունակելու հնարավորություն ունեին քոլեջների միայն լավ և գերազանց առաջադիմություն ունեցող շրջանավարտները, որոնք ընդունվում էին միանգամից երկրորդ կուրս։ 2026-2027թթ․․ ուսումնական տարում քոլեջների բոլոր շրջանավարտները հնարավորություն կունենան առանց ընդունելության քննությունների, ընդունվել ԳՊՀ-ի հեռակա ուսուցման մանկավարժական կրթական ծրագրերի առաջին կուրս։





