«Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հերթական թողարկման հյուրը «Համագործակցության Կամար» ՀԿ–ի նախագահ Կարինե Ավետիսյանն է, ում հետ զրուցել ենք Գորիսում միայնակ տարեցների խնամքի, պետության և համայնքի հետ գործակցության ու ոլորտի խնդիրների մասին։
Տարիների պատերազմական ծանր հետևանքները, սոցիալական անապահովությունն ու երիտասարդների արտագաղթը Գորիսում թողել են անպաշտպան ու միայնակ մնացած տասնյակ տարեցների։
Այս խնդրին համակարգային լուծում տալու նպատակով «Համագործակցության Կամար» հասարակական կազմակերպությունը, որն իր գործունեությունը սկսել է 1992 թվականից, սկզբում որպես բարեգործական ճաշարան, վերջին տարիներին ընդլայնել է իր առաքելությունը։ Ցերեկային կենտրոնից և հիգիենիկ խնամքից հետո, 2024 թվականին պետական հավաստագրում ստանալով, ՀԿ-ն սկսել է միայնակ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային խնամքի ծառայություն տրամադրել։
Պետություն – համայնք – հասարակական կազմակերպություն․ եռակողմ համագործակցության արդյունքը
Այսօր Գորիսում տնային խնամքի ծառայությունից օգտվում է ընդհանուր 37 շահառու։ 25 տարեց և հաշմանդամություն ունեցող անձ խնամք է ստանում պետական աջակցությամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրակված ծրագրի շրջանակում։ Հաշվի առնելով ծառայության պահանջարկն ու մարդկանց աջակցելու անհրաժեշտությունը Գորիսի համայնքային իշխանությունը լրացուցիչ ֆինանսավորում է տրամադրել 12 անձի տնային խնամքի կազմակերպման համար։
«Մենք հավասար իրավունքներով ու սերտ համագործակցությամբ աշխատում ենք և՛ Միասնական սոցիալական ծառայության, և՛ համայնքապետարանի հետ։ Մեր ծառայության հետ կապված ցանկացած նորություն, ծ փոփոխություն անմիջապես տեղեկացնում ենք երկու կողմերին էլ։ Մեզ դիմում են թե՛ ՄՍԾ-ի, թե՛ համայնքային սոցաշխատողների միջոցով, ու այդ միասնական աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում արագ արձագանքել կարիքներին»-նշում է Կարինե Ավետիսյանը։
Թեև ծառայությունն այս պահին մատուցվում է միայն Գորիս քաղաքում, կազմակերպությունը նպատակ ունի ընդլայնվել նաև խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում, քանի որ պահանջարկն ու կարիքավորների թիվն ավելանում է։
Ի՞նչ է ներառում տնային խնամքը
Ծառայությունը ներառում է ինչպես կենցաղային, այնպես էլ առաջնային բժշկական աջակցություն․
- Բուժքրոջ այցելություն շաբաթական մեկ անգամ․ զարկերակային ճնշման չափում, ընդհանուր վիճակի վերահսկում, բժշկական միջամտություններ (օրինակ՝ ներարկումներ, կաթիլայիններ), իսկ վիճակի վատթարացման դեպքում՝ շտապօգնության կանչ և կապ տեղամասային բժշկի հետ։
- Խնամողի այցելություն շաբաթական երկու անգամ՝ մեկական ժամով․ առաջնային գնումների կատարում, տան մաքրություն, հիգիենայի և լոգանքի ապահովում, սննդի պատրաստում։
Ֆինանսական թափանցիկությունն ու վստահությունն ապահովելու համար ՀԿ-ն մշակել է հատուկ մեթոդաբանություն․օրինակ խնամողները գնումների բոլոր ՀԴՄ կտրոնները փոխանցում են շահառուին։
Ինչպե՞ս դիմել ծառայությանը
Ծրագրից կարող են օգտվել 18 տարեկանից բարձր հաշմանդամություն ունեցող անձինք և 63-ից բարձր միայնակ տարեցները։ Դիմելու երեք հիմնական ճանապարհ կա․
- Առցանց գրանցում․ Պետական հարթակում ներդրվել է առցանց հերթագրման համակարգ, որտեղից դիմումներն ուղղորդվում են ծառայություն իրականացնողին։
- Միասնական սոցիալական ծառայություն (ՄՍԾ) կամ համայնքապետարան․ Քաղաքացին կամ նրա հարազատը կարող է դիմել տեղի ՄՍԾ կամ համայնքի սոցիալական աշխատողին։ Մասնագետներն այցելում են բնակարան, գնահատում կարիքը և ներառում ցուցակներում։
- Ուղիղ դիմում «Համագործակցություն կամար» ՀԿ-ին․ Քաղաքացիները կարող են դիմել հենց կազմակերպությանը, որտեղից նրանց կուղղորդեն կամ տեղում կօգնեն լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը։
Թվայնացման խոչընդոտը․ ահազանգ ոլորտի պատասխանատուներին
Կարինե Ավետիսյանը շեշտում է, որ պետական ծառայությունների թվայնացումը դժվարություններ է առաջացրել է հատկապես միայնակ տարեցների համար։ Խոսքը վերաբերում է տեխնիկական հմտություններին։
«Մեր տարեցների մեծ մասը սմարթֆոն կամ համակարգիչ չունի․ նրանք օգտագործում են պարզ հեռախոսները և ֆիզիկապես ի վիճակի չեն օնլայն հարթակներով թղթեր ներկայացնել։ Ցանկալի է, որ ստեղծվի աջակցության կետ, որն այս խոցելի խմբին կօգնի շրջանցել թվային անհաղթահարելի խոչընդոտները»,-ավելացնում է նա։
***
Այս շարքը պատրաստվում է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ–ի կողմից՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ–ի Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դիմակայուն և միասնական նախաձեռնություններ ընդդեմ ապատեղեկատվության» ծրագրի ներքո։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ–ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Լրագրող


