«Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հերթական թողարկման հյուրը ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ընտանիքի սոցիալական գնահատման բաժնի պետ Էդգար Բզնունին է։
Զրուցել ենք անապահովության գնահատման նոր համակարգի, նախկին «Փարոս» համակարգից դրա հիմնական տարբերությունների, նպաստի նշանակման նոր սկզբունքների, աշխատունակ քաղաքացիների զբաղվածության խթանման և թվայնացված դիմումների ընթացակարգի մասին։
Նոր համակարգի տրամաբանությունը չի սահմանափակվում միայն նրանով, թե ընտանիքը նպաստ կստանա՞, թե՞ ոչ։ Փորձ է արվում գնահատել ընտանիքի փաստացի եկամուտները, ակտիվները, սոցիալական կարիքներն ու աշխատունակ անդամների զբաղվածության հնարավորությունները և ըստ դրա որոշել աջակցության ձևը։
Ի՞նչ է փոխվել անապահովության գնահատման մեխանիզմում
Շուրջ երեք տասնամյակ Հայաստանում կիրառվող համակարգում ընտանիքի սոցիալական վիճակը գնահատվում էր հիմնականում սոցիալական տարբեր կարգավիճակների հիման վրա ձևավորվող անապահովության միավորով։ Սահմանված շեմը հաղթահարելու դեպքում ընտանիքը կարող էր նպաստի իրավունք ստանալ։
Էդգար Բզնունու խոսքով՝ ժամանակի ընթացքում այս մոտեցումը այլևս բավարար չէր ընտանիքի իրական սոցիալական վիճակը գնահատելու համար։ Նախկին համակարգում ընտանիքի եկամուտների և ակտիվների դերը համեմատաբար սահմանափակ էր, իսկ սոցիալական աջակցությունը թույլ էր կապված աշխատունակ անդամների զբաղվածության հետ։
Նոր համակարգում առաջնային է դառնում ընտանիքի փաստացի եկամտային վիճակը։
Գնահատման ժամանակ տարբերակվում են հեշտ և դժվար ստուգելի եկամուտները։ Հեշտ ստուգելի են այն եկամուտները, որոնց վերաբերյալ տեղեկատվությունն արդեն առկա է պետական շտեմարաններում՝ օրինակ կենսաթոշակը կամ պետական տարբեր նպաստները։ Դժվար ստուգելի կարող են լինել ոչ ֆորմալ աշխատանքի կամ այլ աղբյուրներից ստացվող եկամուտները, որոնք տեղեկատվական համակարգերում չեն արտացոլվում։
Այս պատճառով ներդրվել է նաև եկամտի վերագրման մեխանիզմը։ Եթե ընտանիքում կա աշխատունակ անձ, որը չի աշխատում և չունի աշխատանքից ազատող օբյեկտիվ հանգամանք, համակարգը հաշվի է առնում նաև նրա աշխատելու հնարավորությունը։
2026 թվականին անապահովության գնահատման համար կիրառվող եկամտային սահմանային շեմը մեկ հաշվարկային անդամի հաշվով 35 հազար 875 դրամ է։ Եթե ընտանիքի հաշվարկված եկամուտը դրանից ցածր է և մյուս պայմանները նույնպես պահպանված են, ընտանիքը կարող է սոցիալական աջակցության իրավունք ունենալ։
Սակայն նոր մոտեցմամբ նպաստը դիտարկվում է որպես սոցիալական աջակցության միջոցներից մեկը։ Ընտանիքի վիճակից և եկամտի մակարդակից կախված՝ կարող են հասանելի լինել նաև հրատապ օգնություն, առողջապահական, կրթական, կոմունալ և այլ սոցիալական ծառայություններ։
Այսինքն գնահատման նպատակը պետք է լինի ոչ միայն պարզել՝ ընտանիքը նպաստ ստանալո՞ւ է, թե՞ ոչ, այլև հասկանալ՝ ինչպիսի աջակցության կարիք ունի տվյալ ընտանիքը։
Զբաղվածությունը՝ նոր համակարգի առանցքային բաղադրիչ
Նոր համակարգի առանցքային փոփոխություններից մեկը սոցիալական աջակցության և զբաղվածության միջև ավելի ուղիղ կապն է։
Եթե ընտանիքում կա աշխատունակ անձ, որը չունի աշխատելու հնարավորությունը սահմանափակող հանգամանք, սոցիալական աջակցության հետ զուգահեռ նա պետք է ներգրավվի զբաղվածության գործընթացում։
Սա նշանակում է, որ պետությունը փորձում է ոչ միայն լրացնել ընտանիքի եկամտի պակասը, այլև աշխատունակ անդամին ուղղորդել աշխատանքի, վերապատրաստման կամ զբաղվածության այլ ծրագրերի։
Բզնունու խոսքով՝ նախկին համակարգի խնդիրներից մեկն այն էր, որ նպաստի և աշխատանքի միջև երբեմն ձևավորվում էր հակասություն․ ընտանիքը կարող էր մտավախություն ունենալ, որ աշխատանքի անցնելու դեպքում անմիջապես կկորցնի սոցիալական աջակցությունը։
Նոր համակարգը նախատեսում է անցումային մեխանիզմ։ Աշխատանքի անցնելուց հետո նպաստը միանգամից չի դադարեցվում․ Բզնունու խոսքով՝ մինչև 12 ամիս հնարավորություն է տրվում համատեղել աշխատանքն ու սոցիալական աջակցությունը։
Այս ժամանակահատվածը պետք է մարդուն հնարավորություն տա ամրապնդվել աշխատաշուկայում և աստիճանաբար մեծացնել ընտանիքի սեփական եկամուտը։ Հետագա աջակցության ծավալն արդեն կախված է ընտանիքի եկամտային վիճակից։
«Մեր նպատակը համակարգում երկար պահելը չէ, այլ աջակցելը, որպեսզի ընտանիքը գնա դեպի զբաղվածություն»,- զրույցում նշում է Բզնունին։
Միևնույն ժամանակ նույն պահանջը չի կիրառվում բոլորի նկատմամբ։ Համակարգում նախատեսված են բացառություններ այն անձանց համար, որոնք առողջական վիճակի, երեխայի խնամքի կամ այլ օբյեկտիվ հանգամանքների պատճառով չեն կարող աշխատել։
Առանձին անցումային մոտեցում է նախատեսված նաև, օրինակ, պարտադիր զինվորական ծառայությունից կամ քրեակատարողական հիմնարկից վերադարձած անձանց համար։ Նրանց դեպքում հաշվի է առնվում հասարակությանը և աշխատաշուկային վերաինտեգրվելու համար անհրաժեշտ ժամանակը։
Որտե՞ղ և ինչպե՞ս դիմել
Նոր համակարգի ամենատեսանելի փոփոխություններից մեկը թվայնացումն է։
Եթե նախկինում քաղաքացին հաճախ ստիպված էր տարբեր պետական կառույցներից տեղեկանքներ հավաքել և մի քանի անգամ այցելել սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, այժմ անհրաժեշտ տեղեկատվության մեծ մասը համակարգը ստանում է պետական տարբեր շտեմարաններից։
Անապահովության գնահատման համար հնարավոր է դիմել առցանց՝ e-social.am հարթակի միջոցով։
Քաղաքացին պետք է՝
- մուտք գործի e-social.am,
- ստեղծի կամ մուտք գործի իր անհատական օգտահաշիվ,
- ներկայացնի անապահովության գնահատման դիմումը և լրացնի պահանջվող տվյալները,
- ստուգի համակարգում արտացոլված տեղեկատվությունն ու ներկայացնի դիմումը։
Տվյալների զգալի մասը համակարգում ստացվում է ինքնաշխատ՝ պետական տեղեկատվական շտեմարաններից։ Միայն անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
Աշխատանք փնտրելու և զբաղվածության հնարավորություններին ծանոթանալու համար գործում է նաև e-work.am հարթակը, որտեղ ներկայացվում են աշխատանքի առաջարկներ և զբաղվածության ծրագրեր։
Եթե քաղաքացին չի կարողանում ինքնուրույն օգտվել էլեկտրոնային հարթակներից, կարող է դիմել իր բնակության վայրը սպասարկող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն և ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն ու ուղղորդում։ Սոցիալական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր է ստանալ նաև 114 թեժ գծով։
Բզնունին շեշտում է, որ թվային գրագիտության պակասը չի կարող սոցիալական աջակցությունից զրկելու հիմք լինել։ Միևնույն ժամանակ տարածքային կենտրոնի աշխատակիցները չեն կարող քաղաքացու փոխարեն ազատորեն տնօրինել նրա անձնական տվյալները․ այստեղ գործում են անձնական տվյալների պաշտպանության պահանջները։
Թվայնացումն ունի նաև մեկ այլ նպատակ՝ նվազեցնել որոշումների կայացման ընթացքում մարդկային գործոնի ազդեցությունը։ Ըստ Բզնունու՝ գնահատումն իրականացվում է համակարգում առկա տվյալների և սահմանված չափանիշների հիման վրա, և սոցիալական աշխատողը չի կարող իր հայեցողությամբ որոշել՝ ընտանիքը նպաստ ստանա՞, թե՞ ոչ։
Փորձնական փուլից հետո իրականացված վերանայումները
Նոր համակարգը մինչև ամբողջ հանրապետությունում ներդրվելը փորձարկվել է Կոտայքի և Սյունիքի մարզերում։ Բզնունու խոսքով՝ պիլոտի նպատակներից մեկը հենց գործնական կիրառության ընթացքում այն իրավիճակները բացահայտելն էր, երբ առանձին չափորոշիչ կարող էր ընտանիքի իրական սոցիալական վիճակին անհամաչափ ազդեցություն ունենալ։
Փորձնական փուլում արձանագրված մերժումների զգալի մասը, ըստ նրա, կապված էր մի քանի գործոնի հետ՝ վարկային պարտավորությունների և երաշխավորությունների, շարժական ու անշարժ գույքի, գույքահարկի, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի սպառման սահմանաչափերի։
Վարկային պարտավորությունների և երաշխավորությունների մասով պարզվել էր, որ գործող չափանիշները որոշ դեպքերում կարող էին համակարգից դուրս թողնել ընտանիքների, որոնք իրականում այդ միջոցներից չէին օգտվել։ Օրինակ՝ ընտանիքի անդամը կարող էր մեկ այլ անձի վարկի երաշխավոր լինել, սակայն այդ գումարը երբևէ չստանալ և չօգտագործել իր ընտանիքի կարիքների համար։ Միայն երաշխավոր լինելու փաստը, սակայն, կարող էր գնահատման ժամանակ դիտարկվել որպես ընտանիքի ֆինանսական վիճակը բնութագրող հանգամանք։ Պիլոտային փուլից հետո այս մոտեցումը մեղմացվել է։ Բզնունու ներկայացմամբ՝ երաշխավորության դեպքում կիրառվող սահմանաչափը բարձրացվել է 100 հազար դրամից մինչև 1 միլիոն դրամ։
Վերանայվել է նաև ընտանիքների վարկային պատմության գնահատման մոտեցումը։ Համակարգն արդեն փորձում է տարբերակել այն իրավիճակները, երբ վարկային պարտավորությունը իրական ֆինանսական կարողության ցուցիչ է, և այն դեպքերը, երբ ընտանիքը սոցիալական ծանր վիճակի պատճառով երկար ժամանակ չի կարողացել կատարել վճարումները։ Բզնունու խոսքով՝ նման հանգամանքը կարող է դիտարկվել որպես բացատրություն և ինքնին չդառնալ ընտանիքին սոցիալական աջակցությունից բացառելու պատճառ։
Փոփոխություններ են կատարվել նաև գույքահարկի հետ կապված չափորոշիչներում։ Փորձարկման ընթացքում պարզվել էր, որ գույքահարկի նախկին սահմանաչափերը որոշ դեպքերում ևս կարող էին հանգեցնել ընտանիքի մերժման՝ առանց նրա ընթացիկ սոցիալական վիճակը լիարժեք արտացոլելու։
Բզնունու խոսքով՝ գույքահարկի կիրառվող շեմերը բարձրացվել են ինչպես մարզային բնակավայրերի, այնպես էլ Երևանի համար։ Նպատակը միայն գույք ունենալու փաստը չդիտարկելն է որպես բավարար հիմք ընտանիքի սոցիալական կարիքը կասկածի տակ դնելու համար, այլ գնահատել նաև տվյալ գույքի արժեքն ու ընտանիքի իրական եկամտային վիճակը։
Վերանայվել են նաև էլեկտրաէներգիայի և գազի սպառման չափորոշիչները։ Պիլոտի ընթացքում եղել են դեպքեր, երբ ընտանիքի անապահովության գնահատման վրա ազդել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տվյալ հասցեում արձանագրված բարձր սպառումը։ Սակայն հետագայում պարզվել է, որ դիմող ընտանիքն այդ ժամանակահատվածում տվյալ բնակարանում առհասարակ չի բնակվել։
Այսինքն՝ համակարգը գնահատում էր ոչ թե տվյալ ընտանիքի իրական սպառումը, այլ տվյալ հասցեի նախկին սպառման պատմությունը։
Բզնունու խոսքով՝ դրանից հետո մոտեցումը վերանայվել է․ սպառման չափորոշիչներն ավելի են կապվել ընտանիքի դիմելու պահին առկա փաստացի իրավիճակի հետ, որպեսզի նախորդ բնակիչների կամ նախորդ ժամանակահատվածի տվյալները չդառնան ընտանիքի մերժման պատճառ։
Պիլոտից հետո վերանայվել է նաև եկամտի վերագրման մեխանիզմի կիրառումը որոշ հատուկ խմբերի նկատմամբ։ Օրինակ՝ պարտադիր զինվորական ծառայությունից կամ քրեակատարողական հիմնարկից վերադարձած անձը կարող է օբյեկտիվորեն որոշակի ժամանակի կարիք ունենալ՝ նորից կրթության, աշխատանքի կամ հասարակական կյանքին ինտեգրվելու համար։ Այդ պատճառով նման դեպքերի համար նախատեսվել է վեցամսյա անցումային շրջան, որի ընթացքում տվյալ անձի նկատմամբ եկամտի վերագրման մեխանիզմը չի կիրառվում։ Այս ժամանակը պետք է հնարավորություն տա նրան աշխատանք գտնելու կամ վերաինտեգրվելու՝ առանց ընտանիքի սոցիալական աջակցության վրա անմիջապես բացասական ազդեցության։
Այս փոփոխությունները ցույց են տալիս նաև պիլոտային փուլի նշանակությունը․ համակարգը ոչ միայն փորձարկվել է տեխնիկապես, այլ դրա ընթացքում ուսումնասիրվել են մերժման պատճառները և այն դեպքերը, երբ ձևական չափորոշիչը կարող էր չհամապատասխանել ընտանիքի իրական սոցիալական վիճակին։
Բզնունու խոսքով՝ նպատակն այն էր, որ համակարգում կիրառվող բացառող գործոնները հնարավորինս հիմնված լինեն ընտանիքի փաստացի ֆինանսական կարողության վրա և մեկ առանձին տվյալ՝ վարկը, երաշխավորությունը, գույքը կամ կոմունալ սպառումը, ինքնաբերաբար չդառնա աջակցության մերժման պատճառ։
Փորձնական փուլում արված այս ճշգրտումներից հետո անապահովության գնահատման նոր համակարգը 2026 թվականի հուլիսի 1-ից ներդրվել է ամբողջ հանրապետությունում։
Բզնունու խոսքով՝ բարեփոխման հիմնական նպատակներից մեկն աջակցության հասցեականության բարձրացումն է։ Նախկին համակարգում կարող էին լինել ինչպես ներառման, այնպես էլ բացառման սխալներ՝ համակարգում մնային ընտանիքներ, որոնք այլևս առաջնային աջակցության կարիք չունեին, իսկ սոցիալապես ավելի ծանր վիճակում գտնվող որոշ ընտանիքներ տարբեր չափանիշների պատճառով դուրս մնային։
Նոր մոտեցմամբ փորձ է արվում ընտանիքը դիտարկել ավելի ամբողջական՝ նրա եկամուտների, ակտիվների, սոցիալական կարիքների և աշխատելու հնարավորությունների համադրությամբ։
Եվ այստեղ, ըստ Բզնունու, խնդիրը նպաստառուների թիվը մեխանիկորեն նվազեցնելը չէ։
Սոցիալական աջակցությունը պետք է հասնի այն ընտանիքին, որն իրականում դրա կարիքն ունի, իսկ աշխատելու հնարավորություն ունեցող մարդուն, հնարավորության դեպքում, նաև օգնի դուրս գալ երկարաժամկետ կախվածությունից և ձևավորել սեփական կայուն եկամուտ։
Այդ տրամաբանությամբ նպաստը դառնում է ոչ թե աղքատության հաղթահարման վերջնական լուծում, այլ կյանքի դժվար փուլում ընտանիքին աջակցելու գործիք։ Իսկ երկարաժամկետ արդյունքը համակարգը կապում է աշխատանքի, կրթության, մասնագիտական հմտությունների զարգացման և կայուն եկամտի ձևավորման հետ։
***
Այս շարքը պատրաստվում է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ–ի կողմից՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ–ի Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դիմակայուն և միասնական նախաձեռնություններ ընդդեմ ապատեղեկատվության» ծրագրի ներքո։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ–ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Լրագրող


