Սուսաննա Շահնազարյան
Փոփոխություն դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրվող տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգում։ Փոփոխության պատճառով գյուղական դպրոցները կարող են այլևս մասնագետներ չունենալ
Տեղ համայնքի Խոզնավարի միջնակարգ դպրոցի յոթ ուսուցիչներ, ովքեր հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրվող տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում էին ստանում մինչև անցյալ տարվա վերջ, դիմել են Սյունիքի մարզպետին՝ խնդրելով նրա աջակցությունը՝ վճարման կարգի փոփոխությունը վերանայելու համար։ Չնայած ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին և աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են երթևեկում կարգի փոփոխությունը կատարվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից, այնուամենայնիվ, ուսուցիչները հույս ունեն, որ մարզպետարանի միջամտությունը կարող է նպաստել խնդրի լուծմանը, քանի որ մարզում նշված փոխհատուցումից օգտվող ուսուցիչների թիվն անցնում է հինգ հարյուրը։
Ըստ նամակագիրների, 2017թվականի հունվարի մեկից, այլ բնակավայրից Խոզնավարի դպրոցում աշխատող ուսուցիչներից յուրաքանչյուրը ստանում էր օրական 1170դրամ, իսկ նոր կարգի կիրարկումից հետո այն դարձել է 200դրամ, այն դեպքում, երբ ներհամայնքային տրանսպորտ չի գործում, և ուսուցիչները հիմնականում օգտվում են տաքսի ծառայություններից։
Դիմող ուսուցիչների խոսքով այս պայմաններով նրանք չեն կարող աշխատել դպրոցում, ինչը նշանակում է, որ դպրոցն այլևս չի ունենա ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, մաթեմատիկայի, օտար լեզվի մասնագետ, ինչպես նաև երեք դասվար։
ՀՀ Կառավարության կողմից կրթության ոլորտին կատարվող հատկացումներն իրականացվում են պետական պատվերի ձևով և ուղղվում կրթական ոլորտին: Ի թիվս այլ հատկացումների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ծախսային ուղղությունների մեջ ընդգրկվում է նաեւ` «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» հոդվածը, ըստ որի, մինչև 2020 թվականը յուրաքանչյուր մարզի համար տարեկան նախատեսվում էր մի քանի տասնյակ միլիոն դրամ: Այդ գումարները բաշխվում էր մարզպետարաններին՝ մարզում ուսուցիչների և աշակերտների երթևեկության ծախսերը փոխհատուցելու համար: Սյունիքի մարզպետարանին այս նպատակի համար անցյալ տարի հատկացվել է մոտ 29, միլիոն 209 հազար դրամ և այն կատարվել է 97, 4 տոկոսով (2014 թվականին հատկացվել է 19 մլն 732,9 հազար դրամ, 2015 թվականին՝ 25 մլն 800,5 հազար դրամ, նույնքան էլ՝ 2016 թվականին):
2016թվականին «Գորիսի մամուլի ակումբ» հկ լրագոողական նյութերի, հետազոտության, վերլուծության, հանրային քննարկումների միջոցով անդրադարձավ պետական բյուջեից Սյունիքի Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրվող տրանսպորտային փոխհատուցումների արդյունավետությանը, նպատակ ունենալով նպաստել նաև այդ հարցում կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը։
Հետազոտության արդյունքներով պարզվեց, որ այդ գործընթացն իրականացվում է ոչ հրապարակային, չէր գործում հաշվետվողականության համակարգ, թե նշված միջոցներն ինչպես են նպաստում կրթական որակի բարելավմանը: Մեծ թվով ուսուցիչներ, աշակերտներ դժգոհում էին, որ չեն ստանում իրենց հասանելիք երթևեկության համար նախատեսված փոխհատուցումները, չկային ֆինանսավորման հստակ հաշվարկներ։
Նախաձեռնությունը մեծ արձագանք գտավ նաև այլ մարզերում/ չնայած նշված հոդվածով ֆինանսավորում նախատեսված էր ընդամենը յոթ մարզում/։ Այնուհետև համապատասխան կառույցների հետ քննարկումների արդյունքում իրավիճակը Սյունիքում էականորեն փոխվեց։
Սակայն 2019թ․ վերջին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով` 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման նոր կարգ: Հրամանի համաձայն` փոխհատուցում է տրվում ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին և աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են երթևեկում:
Առաջին հայացքից այս որոշումը կարծես թե շահեկան է երթևեկող ուսուցիչների համար, քանի որ 2020թ. ՀՀ պետական բյուջեի նախագծում հանրակրթական դպրոցների մանկավարժների և սովորողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման նպատակով 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացվելու՝ 276 մլն դրամ ՝ 2019 թվականի 79 մլն դրամի փոխարեն` ընդգրկելով բոլոր մարզերը։ Սակայն փոխվել են ֆինանսավորման չափանիշերը։ Փոխհատուցում կտրամադրվվի այն մանկավարժներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրից տարբերվող այլ բնակավայրում տեղակայվածհանրակրթական դպրոցի ուսուցիչ են և 0.5-ից ավելի հաստիքային դրույքով են աշխատում։
«Փոխհատուցման առավելագույն չափը տվյալ տարվա համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հրապարակած միջմարզային և միջհամայնքային երթուղային ցանցի մրցույթով ներկայացված սակագների միջին թվաբանականն է: Դրանց բացակայության դեպքում հիմք է ընդունվելու 200 դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար): Տվյալ բնակավայրի անվանման բացակայության դեպքում հիմք է ընդունվում դրան ամենամոտ բնակավայրի համար սահմանված սակագինը»-նշված է «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման մասին»։
Այս կարգի սահմանումը լուրջ դժվարություններ է առաջացնելու հատկապես գյուղաբնակ բնակավայրերի դպրոցների ուսուցիչների համար, քանի որ նախ, կոնկրետ Սյունիքի մարզում իրենց բնակավայրից դուրս գտնվող դպրոցներում աշխատող ուսուցիչների թիվը մեծ է, ինչպես նաև դրանք հիմնականում փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներ են, որտեղ ուսուցիչների դրույքաչափը 0.5-ից ցածր է։ Բացի այդ, մեծաթիվ գյուղական բնակավայրերում միջհամայնքային երթուղային ցանցի բազմաթիվ մրցույթներ չեն կայանում՝ տրանսպորտային ծառայություն մատուցելու համար հայտ չներկայացնեու պատճառով։ Եվ անհասկանալի է, թե ինչ հաշվարկով է փոխհատուցում վճարվելու, եթե սահմանված 200 դրամով, ապա դա որոշ բնակավայրերում 5-6անգամ ավելի ցածր է, քան երթևեկող ուսուցիչների փաստացի վճարածը, քանի որ հաճախ հարկադրված են տաքսի վարձակալել։
Բնականաբար, ինչպես նշում են այս որոշման համար անհանգստացող ուսուցիչները, առանց այն էլ ոչ բավարար մասնագետներով ապահվված դպրոցներից կսկսվի ուսուցիչների ձնհալ։