Անահիտ Բաղդասարյան
Վերջին տարիներին Գորիսի զարգացման հեռանկարները կապում են զբոսաշրջության հետ։ Համայնք, որտեղ չկա արդյունաբերական որևէ գործարան, հանքավայր, ուստի տեղացիների զբաղվածությունը մինչև նախորդ տարի մեծ ծավալներով ապահովվում էր զբոսաշրջության զարգացմանն ուղղված ենթակառուցվածքների ստեղծման, մասնավորապես, հյուրանոցային բիզնեսի միջոցով։ Ներկայումս միայն Գորիս քաղաքում հյուրանոցների, հյուրընկալող ընտանիքների, հյուրատների թիվը հասնում է հարյուրի։ Նրանցից շատերը մեծ ներդրումներ են կատարել՝ ակնկալելով համայնք այցելած զբոսաշրջիկների հաշվին շահույթ ստանալ, բայց 2020 թվականի համավարակի ու պատերազմի պատճառով ակնկալիքները ձախողվեցին։
«Նախորդ տարին ճակատագրական նշանակություն ունեցավ հյուրանոցային տնտեսության համար։ Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ոչինչ մեզնից կախված չէր։ Համավարակի պատճառով 20 աշխատակից է կրճատվել։ Նախկինում մինչև 50 աշխատակից ունեինք»,–ասում է «Դիանա» հյուրանոցային համալիրի մենեջեր Մանե Վարդանյանը։
Զբոսաշրջիկները Գորիս են գալիս հիմնականում տարվա յոթ ամիսներին՝ ապրիլից հոկտեմբեր։ Մանեի խոսքով՝ այդ ամիսների շահույթով գործատուն փորձում է պահել հյուրանոցային տնտեսությունը։
2020թվականին այդ «օրինաչափությունը» փոխվեց․ կորոնավիրուսի պատճառով հաստատված սահմանափակումների պատճառով հաստատվեց կարանտին, զբոսաշրջիկները չեղարկեցին ամրագրումները․ միայն Դիանայում նախորդ տարի չեղարկվել է 5530 ամրագրում։
«Ոչ ոք պատրաստ չէր դրան․ մենք՝ նույնպես։ 2020թվականի զբոսաշրջիկների, հյուրերի ամրագրումներն աննախադեպ էին․ ապրիլից մինչև նոյեմբեր ամրագրված էր օրական միջինը 40 անձ։ Այդ փաստից ոգևորված, նաև ներդրումներ էինք կատարել։ Եվ ամենամեծ սթրեսն այդ չեղարկման նամակներն էին․ ամրագրումը չեղարկվում էր ոչ թե խումբ–խումբ, այլ՝ ամբողջ ամսով»,– նշում է «Եղևնուտ» հյուրանոցի տնօրեն Անուշ Հայրապետյանը։
Համավարակի ընթացքում Եղևնուտը դարձել էր կորոնայով վարակվածների մեկուսարան։
Համավարակի ընթացքում՝ ամառվա կեսերից, երբ հասկանալի էր, որ սահմանները կշարունակվեն փակ մնալ, զարգացավ ներքին տուրիզմը։ Հյուրանոցային տնտեսություններն այդպես սկեցին «գոյատևել» մինչև սեպտեմբեր։
«Հաշվի առնելով ստեղծված տնտեսական ծանր վիճակը, ծառայությունների գինը ստիպված էինք նվազեցնել, երկու ամիս բավականին ծանրաբեռնված էինք՝ մինչև պատերազմը»,- ավելացնում է Մանե Վարդանյանը։
Սեպտեմբերին սկսված պատերազմի ընթացքում Գորիս համայնք տեղափոխված մոտ 10 հազար արցախցիների մեծամասնությունը տեղակայվել էր հյուրանոցներում․ նրանցից ոմանք այսօր էլ շարունակում են բնակվել այնտեղ։
Այժմ համավարակային սահմանափակումները կրճատվել են, պատերազմական գործողություններն ընդհատվել, սակայն դրանց հետևանքները շարունակում են ավելի խորացնել հյուրանոցային բիզնեսի ճգնաժամը։
«Հիմա ավելի ծանր վիճակում ենք, քանի որ Սյունիքը, դառնալով սահմանամերձ գոտի, տուր օպերատորները խուսափում են Սյունիքը ներառել երթուղիներում»,- իր մտահոգությունն է հայտնում Անուշ Հայրապետյանը։
Այն, որ մինչև համավարակ, պատերազմ՝ Գորիսը մշտապես ներառված է եղել տուր-փաթեթներում, հաստատեցին նաև զբոսավարները։ «Գորիսը տուր-փաթեթների թոփ ուղղություններից է, որն իր մեջ հիմնականում ներառում է այցելություն Տաթև, Խնձորեսկի ճոճվող կամուրջ և Գորիսում՝ գիշերակաց։ Եթե նույնիսկ կարճ ժամանակով էին գալիս, պարտադիր ուզում էին տեսնել Տաթևը, իսկ գիշերակացը կազմակերպվում էր Գորիսում։ Վերջինս իր ճարտարապետությամբ, կոլորիտով, բարեկարգ տեսքով ձգում է զբոսաշրջիկերին»,- ասում է զբոսավար Ռուբեն Հովսեփյանը։
Հիմնականում ռուս զբոսաշրջիկների հետ աշխատող զբոսավարի խոսքով՝ 2020 թվականից մինչ այժմ բավական կրճատվել է ռուս զբոսաշրջիների թիվը։ Թե որքանով է այն կապված պատերազմի հետ, Ռուբենը նշում է, որ «ռուսական շուկայում մի տեսակ ապահովության զգացում կա, քանի որ ռուս խաղաղապահներն են, այդպես ավելի անվտանգ են զգում»։ Դեպի Գորիս և Խնձորեսկ փոքր խմբերով տուրեր են կազմակերպվել մարտին, նախատեսվում է նաև մայիսին։
Այնուամենայնիվ, օտարերկրյա գործընկերների կողմից հաճախ են հարցադրումներ արվում․ սահմանների փոփոխություններից հետո, արդյոք, ապահո՞վ է, թե՝ ոչ։ Հարցերը հաճախ Խնձորեսկին են վերաբերում, ու երբ ներկայացվում է, որ խոսքը տարբեր Խնձորեսկների մասին է, խնդիրը կարծես լուծվում է։ «Հիմա ստուգված տեղեկատվության պակաս կա։ Ճիշտ է, այն փաստը, որ Գորիսը մոտ է Արցախին և, որ այստեղ սահմանների փոփոխություն է տեղի ունեցել, իր հետքը թողել է, բայց ժամանակի խնդիր է․ դա էլ կանցնի», -ասում է նա։
Զբոսաշրջիկների ներհոսքը ամբողջովին դադարել է Ամերիկայից, Եվրոպական երկրներից։
Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Լրագրող