2016թ.-ին Սիսիան համայնքում միավորված 32 բնակավայրերը միասին (նախկին Սիսիանի շրջանից դուրս է թողնվել 4 գյուղ) ընդամենը 1 լրդ 590 մլն դրամ բյուջե ունեն: Սա համայնքի վարչական բյուջեն է, որից 1 մլրդ 167մլն դրամը կազմում է պետական բյուջեից համայնքին տրվող դոտացիան: Այսինքն, համայնքի սեփական եկամուտները կազմում են 423 մլն դրամ կամ ընդհանուր բյուջեի մոտ 27%-ը: Սիսիան համայնքի բյուջեն վերջին երեք տարիներին աճել է մոտ 500 մլն-ով, որից 434 859 800 մլն դրամը՝ դոտացիան ավելացնելու հաշվին, 54 198 120 դրամը՝ այլ եկամուտների։
Սիսիան համայնքի բյուջեի եկամուտները հավաքագրվում են հարկերից ու տուրքերից, 2022թ.-ին պլանավորել են հավաքագրել 217 մլն 641 հազար դրամ: Սեփական եկամուտների մեջ ամենամեծ բաժինը կազմում է փոխադրամիջոցներից գանձվող գույքահարկը՝մոտ 107 մլն դրամ:
Այս տարվա ապրիլին ավագանին Սիսիան համայնքում գրանցված որոշակի թվով փոխադրամիջոցների համար գույքահարկի արտոնություն է սահմանել: Իրականում, այն ոչ թե արտոնություն է, այլ՝ հանգամանքների բերումով համայնքային բյուջեից է վճարվելու դրանց մի մասի գույքահարկը (փոխադրամիջոցների քանակը չի հրապարակվել):
Ավագանին որոշել է՝ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած պատերազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած, ինչպես նաև շահագործման համար ոչ պիտանի դարձած փոխադրամիջոցներն ազատել գույքահարկի պարտավորությունից և հաշվարկված տույժի վճարումից: Միաժամանակ, մինչև նշված փոխադրամիջոցները խոտանելը՝ դրանց գույքահարկը վճարողի փոխարեն վճարումը կատարել համայնքի բյուջեից:
Սիսիան համայնքը 2022թ․ ֆոնդային բյուջեում եղած բացը լրացրել է 2021թ․-ի տարեվերջին վարչական բյուջեի մնացորդը ֆոնդային բյուջե փոխադրելով՝ շուրջ 323 778 566 դրամ։ Այն կծախսվի համայնքում զարգացման ծրագրեր իրականացնելու համար։ 2022թ.-ին սուբվենցիա ստանալու նպատակով Սիսիան համայնքը երկու ծրագրային հայտ է ներկայացրել՝ «Սիսիանի համայնքի Աղիտու և Վաղատին բնակավայրերում խմելու ջրագծերի վերանորոգում» և «Սիսիանի համայնքի Ադամյան, Իսրայելյան և Պարույր Սևակի փողոցների կապիտալ վերանորոգում»: Համայնքի ներդրումների չափը չեն հրապարակել, սակայն դրանցից բացի, շարունակելու են ֆինանսավորել նախորդ տարիներին հաստատված սուբվենցիոն ծրագրերը։
Ֆոնդային բյուջեն համալրելու նպատակով պլանավորել են նաև 24 լոտ հողատարածք օտարել աճուրդային եղանակով, դրանք բնակավայրերի բնակելի կառուցապատման և գյուղնշանակության հողատարածքներ են: Քանի որ օտարվող հողամասերը հասցե ունեն և օտարման նպատակը հստակ նշված է՝ հասարակական սպասարկման կետ, ավտոտնակ, բնակելի տուն, պահեստ և այլն, հիմք է տալիս ասելու, որ դրանք արդեն կառուցված ինքնակամ շինություններ են, որոնք պատրաստվում են օրինականացնել մեկնարկային արժեքով:
Սիսիանն արդեն 4 տարի մասնակցում է Կառավարության կողմից ֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերին: Վերջին 4 տարիներին՝ 2018-2021 թվականներին, համայնքում իրականացվել և իրականացվում են 2 մլրդ 653974 178 դրամ ընդհանուր արժողությամբ թվով 13 սուբվենցիոն ծրագիր, որից 1 մլրդ 972 մլն 260 դրամը ներդրվել է համայնքային բյուջեից։
Ի տարբերություն Սյունիքի մարզի մյուս համայնքների, որոնց վարչական տարածքում գործող հանքավայրերի վճարած հողի և գույքի հարկը տեսակարար կշիռ ունի սեփական եկամուտների մեջ, Սիսիանը զրկված է նաև այդ հնարավորությունից:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» Սիսիան համայնքին տարեկան 54 000 դրամ գույքահարկ է վճարում, ևս 6000 դրամ՝ հողի հարկ: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» 2019թ.-ին որպես Դաստակերտի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված պարտավորություն և բարեգործական հատկացումներ համայնքին՝ 20 մլն դրամ է ներդրել «Դաստակերտի ջրահավաք և ջրամատակարարման համակարգի բարելավում» ծրագրի իրագործման համար:
2020թ.-ին համայնքին 3615 դրամ հողի հարկ է վճարել «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն, որին Սիսիան համայնքում գտնվող Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրը 12 տարով շահագործելու թույլտվություն էր տրվել: Ընկերությունը 2012թ.-ից ստանձնել էր այս մետաղական հանքավայրի շահագործումը, սակայն հանքավայրը մինչ օրս չի գործում:
2020թ. հուլիսի 28-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի հրամանով http://www.mtad.am/files/legislation/664.pdf, այդ հիմքով դադարեցվեց «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի ընդերքաօգտագործման իրավունքը Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի նկատմամբ: Վարչական վարույթը քննարկելու ժամանակ ընկերության ներկայացուցիչը նախարարությանը հայտնել է, որ մինչև 2018թ.-ը ընդերքօգտագործման աշխատանքներ չեն իրականացրել, քանի որ Սիսիանի համայնքապետը միայն 2020թ. ապրիլի 14-ին է ընկերությանը թույլատրել հետախուզական աշխատանքներ կատարել տարածքում:
«Դաստակերտ բնակավայրի սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության հողերից «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ին շահագործման հետախուզում կատարելու համար 1 տարի 8 ամիս ժամկետով, տրամադրել 51.036 հա հողամասերից սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ), 1 հեկտարը՝ 3000 դրամ տարեկան վճարով»,- որոշել է ավագանին:
Ընկերության ներկայացուցչի ասելով՝ բանավոր զրույցների ժամանակ համայնքի ղեկավարն իրենց փոխանցել է, որ նախարարությունը թույլ չի տալիս սերվիտուտ տրամադրել: Բացի այդ, հայտնել է, որ 2013-14թթ.-ին մոլբդենի և պղինձի գներն այնքան էին իջել, որ արդյունահանումն անարդյունավետ էր և տնտեսապես ոչ շահավետ:
Ավագանու որոշումը, սակայն, չի կենսագործվել, քանի որ այս որոշումից մոտ երկու ամիս հետո ՏԿԵ նախարարի որոշումով դադարեցվել էր ընկերության ընդերքօգտագործման իրավունքը: «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն դիմել է վարչական դատարան և խնդրել ճանաչել այն իրավահարաբերության առկայությունը, որն ունի «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն՝ Սյունիքի մարզի Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն 12 տարի ժամկետով՝ սկսած 06.11.2012 թվականից:
Այս գործով դատաքննությունը դեռևս չէր ավարտվել, երբ Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառեց Դաստակերտի մետաղական հանքավայրի նկատմամբ նոր հետաքրքրություն ցուցաբերող ընկերության անունը: «Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ» ՓԲԸ-ն հայտնեց, որ 2021-2024թթ.-ին մտադիր է երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել Սյունիքի մարզի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում: Ըկերությունը նախարարություն փորձաքննության էր ներկայացրել Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: «Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ» ՓԲԸ-ն երկու հանրային քննարկում է իրականացրել համայնքում, երկրորդ քննարկումը տեղի էր ունեցել 2021թ. հոկտեմբերի 14-ին:
Այդ ընթացքում վարչական դատարանն ավավեր էր ճանաչել ՏԿԵ նախարարի կայացրած իրավական ակտը: Դատարանի 02.06.2021թ. վճռով «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի հայցը բավարարվել է՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 28.07.2020 թ. թիվ 1008-Ա հրամանն անվավեր է ճանաչվել:
Վճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել դատավարության մասնակից չդարձված «Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ» ՓԲԸ-ն: «Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով դատարանի 02.06.2021թ.-ի գործն ըստ էության լուծող դատական ակտի մասին ընկերությունն իմացել է ավելի վաղ՝ առնվազն 12.11.2021թ., երբ վերաքննիչ դատարան մուտքագրված դիմումով ընկերության ներկայացուցիչ Տիգրան Նահապետյանը խնդրել է սույն վարչական գործով դատավարության մեջ ընկերությանը ներգրավել որպես երրորդ անձ: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ընկերությունը բաց է թողել սահմանված եռամսյա ժամկետը և վերադարձրել է ընկերության վերաքննիչ բողոքը։ Դատական ակտը 2021թ.-ի հուլիսի 5-ին մտել է օրինական ուժի մեջ:
Այսպիսով, մոտ մեկ տարի առաջ դատարանի վճռով «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն վերականգնել է Սյունիքի մարզի Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի նկատմամբ ունեցած ընդերքօգտագործման իրավունքը: Սակայն, հայտնի չէ՝ պատրաստվո՞ւմ է շահագործել հանքավայրը, թե՝ ոչ, որի համար դեռևս երկու տարի ժամանակ ունի: Համենայնդեպս, սա համայնքային բյուջեն հողի և գույքի հարկերով, նաև՝ բնապահպանական վճարով համալրելու ռեալ հնարավորություն է:
Սիսիան համայնքի համար կայուն եկամուտ են բջջային կապի կայանները, որից երկար տարիներ զրկված է եղել կոռուպցիոն բնույթ կրող գործարքների հետևանքով:
2020թ.-ի մայիսին գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերը սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են հանձնվել համայնքների ղեկավարներին (վարչական ղեկավարներին), նրանց մերձավորներին կամ ենթականերին, ապա այդ հողամասերի փոքր մասը բազմապատիկ ավելի բարձր վարձավճարներով հեռահաղորդակցության կայանքների տեղադրման և շահագործման նպատակով վարձակալության են հանձնվել կապի օպերատոր ընկերություններին:
Այս հանցագործությունը, որ տարածում էր գտել ողջ հանրապետությունում, ներգրավված էին Սյունիքի մարզի 8 համայնքներից 6-ը (բացառությամբ Գորիսի և Տեղի): Ալեհավաքների հետ կապված անօրինական գործարքների մեծ մասը բաժին է ընկնում Սիսիանին: Սիսիան համայնքում ընդգրկված նախկին համայնքների ղեկավարների կողմից չարաշահման դեպքեր գրանցվել էր Սիսիան խոշորացված համայնքի 11 բնակավայրերում՝ Անգեղակոթ, Շաքի, Թանահատ, Արևիս, Վաղատին, Աղիտու, Սոֆլու (Գ.Նժդեհ), Բնունիս, Ախլաթյան, Լոր և Դարբաս:
Կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել են քրեական գործեր, քննության ընթացքում Քննչական կոմիտեն հաշվարկել է համայնքին պատճառված վնասը, որը նրանք պարտավորվել են վերականգնել: Միաժամանակ, համայնքապետարաններին հանձնարարվել էր լուծել վարձակալության պայմանագրերը և նոր պայմանագրեր կնքելու գործընթաց նախաձեռնել:
Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի գլխավոր մասնագետ Նարեկ Հարությունյանը տեղեկացնում է, որ մինչ օրս լուծվել են՝ Անգեղակոթ, Թանահատ, Արևիս, Բնունիս, Լոր և Դարբաս համայնքների և վարձակալների միջև կնքված գյուղնշանակության հողամասերի վարձակալության պայմանագրերը: Հողերի նպատակային նշանակությունը փոփոխելը ընթացքի մեջ է: Մնացյալ 5 բնակավայրերում շարունակում են ուժի մեջ մնալ նախկինում կնքված պայմանագրերը, քանի որ վարձակալները չեն համաձայնում մեղադրանքի հետ և չեն ցանկանում լուծարել կապի օպերատորների հետ կնքված պայմանագրերը։
Նույն պատասխանը համայնքապետարանը տրամադրել է ավելի քան մեկ տարի առաջ: Այսինքն՝ 5 բնակավայրերում շարունակում են ուժի մեջ մնալ ալեհավաքների օպերատորների հետ նախկին վարձակալների ունեցած պայմանագրերը։ Միաժամանակ, երկու տարվա ընթացքում հողերի նպատակային նշանակության փոփոխությունն ավարտին չեն հասցրել, որպեսզի նոր պայմանագրեր կնքեն օպերատորների հետ և ավելացնեն բյուջեի եկամուտները։
Սառա Պետրոսյան