Ճաշի ժամը մոտենում էր, «Մինա» հյուրանոցի խոհարար Անժելան փութկոտ` սեղանին է դնում լոբով աղցանը, հետո գազօջախի վրա դրված մեծ կաթսայի վրայից վերցնում կափարիչը, և խոհանոցով մեկ տարածվում է նոր պատրաստված տոլմայի բույրը։ Սիրուն, հատ– հատ մեծ ափսեի մեջ դասավորում է կաղամբի տերևներով փաթաթված տոլման․ «Մեզ մոտ ժամանակավոր բնակվող արցախցիների համար է, ովքեր Լաչինի միջանցքի փակվելու օրվանից չեն կարողանում տուն վերադառնալ»,-ասում է Անժելան։ Օրական երեք անգամ սնունդ են պատրաստոււմ նրանց համար՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք, նաև ցանկացած ժամանակ՝ սուրճ, թեյ։ Նախասրահի պատի վրա փակցված էր արցախցիների ճաշի ժամերը։
Օրական պարտադիր մեկ անգամ մսային ուտեստ ենք մատուցում, քմահաճ հյուրեր չունենք․ «Ձավարով պատրաստված շիլաներն, ապուրներն էլ են սիրում, –ասում է Անժելան ու ժպիտով ավելացնում, որ արցախցիները ձավարին էլ «կուրկուտ» են ասում»։
Հյուրանոցի երիտասարդ աշխատակիցը՝ Սերոբը, ով օգնում էր խոհարարին սեղանը պատրաստել՝ պատմում է, որ Նոր տարվա գիշերը արցախցի հյուրերի համար սեղան էին պատրաստել, անգամ երաժշտություն են փորձել միացնել՝ մի փոքր ուրախացնելու համար, սակայն նրանք թույլ չեն տվել, սիրտ չունեին։ «Կանայք շուտ են բարձրացել իրենց համարները, իսկ տղամարդիկ փոքր ինչ երկար են նստել, մինչև կեսգիշերվա ժամը 01։00»։ Հեռախոսի նկարները թերթելով, Սերոբը ցույց է տալիս նախորդ օրերին հյուրերի համար պատրաստված տարատեսակ ուտեստների նկարները»,–հետո հիշում, թե մի քանի օր առաջ ինչպես են արցախցի մի տղամարդու երեխայի ծննդյան օրն իրենց հյուրանոցում նշել։ «Ընտանիքի հայրն էստեղ էր, իսկ կինն ու երեխան Արցախում, և նա որոշել էր, որ իր երեխայի 4-ամյակը պետք է մեր հյուրանոցում ապատսանած բոլոր արցախցիներով նշեն․ 14 տարի անց են այդ երեխային ունեցել։ 70 հոգու համար սեղան է պատվիրել այդ տղամարդը։ Հյուրանոցի կողմից նույնպես հյուրասիրություն եղել»,-պատմում է Սերոբը։
Հյուրանոցում հիմնականում բեռնատարների, տաքսիների վարորդներ են, բնակիչներ էլ կան։ Հասմիկն ու ամուսինն էլ Երևանում էին, երբ ճանապարհը փակվելու լուրն առան, մի քանի օր մնացին Երևանում՝ բարեկամների մոտ, և երբ լսեցին, որ իբր ճանապարհը մի քանի ժամով բացվելու է՝ ժամանակ չկորցնելու համար շտապեցին Գորիս։
«Եկանք ու մնացինք էստեղ։ Հիմա էլ ասում են, որ առաջիկա օրերին կբացվի ճանապարհը։ Ես մտածում եմ, որ դա ուղղակի մեզ ապրեցնելու համար են ասում»,–նեղսրտում է արցախցի կինը։
Նա ամուսնու հետ դեկտեմբերի 8-ին Երևան է մեկնել, ասում է՝ բժշկի է այցելել, ամուսինն էլ իր գործերով, քանի որ առևտրով է զբաղվում՝ իրենց մեքենայով (ֆորդով) բանջարեղեն ու այլ մթերքներ պետք է տանեին Ստեփանակերտ։
4 երեխա ունեն, երկու անչափահաս երեխաները մնացել են վատառողջ տատի ու պապի խնամքին։ Հասմիկի ընտանիքը Արցախյան վերջին պատերազմի օրերին Հադրութի շրջանի Ջրակուս գյուղից է տեղահանվել։ «Մեր գյուղում ապահովված էինք ամեն ինչով, լավ տուն–տեղ ունեինք, երկկհարկանի խանութ, մեքենաներ, առևտուր էինք անում, հող մշակում, անասուն պահում, և ոչինչ չենք կարողացել հետներս վերցնել, միայն երկու ձեռք շոր ենք վերցրել,–խորը հոգոց հանելով ասում է Հասմիկը,–սա ինձ համար երկորդ հարվածն է։ Կարոտը խեղդում է, այսքան ժամանակ երեխաներիցս հեռու գտնվելը բավականին դժվար է, անդադար նրանց մասին եմ մտածում»։ Կինը 17 տարի իրենց գյուղի դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է աշխատել, ասում է, որ քաղաքի ու գյուղի երեխաները շատ տարբեր են․գյուղի երեխաներն ավելի պարտաճանաչ են, խելացի, իսկ քաղաքի դպրոցներում շատ ավելի դժվար է ուսուցչի աշխատանքը։ Տեղահանվելուց հետո, Հասմիկը չի ցանկանում իր մասնագիտությամբ աշխատել Ստեփանակերտի դպրոցում։ Ասում է՝ հաստատապես որոշել է՝ընտանիքով կտեղափոխվեն Արցախից, կամ Երևանում կհաստատվեն կամ կմեկնեն Ռուսաստանի Դաշնություն, քանի որ կինը մտավախություն ունի, որ ճանապարհը բացվելուց հետո էլ, հնարավոր է ադրբեջանցիները կրկին փակեն․ «Կորցնելու բան չունեմ, տուն–տեղ չունենք, պահող բան այլևս չկա, կիսավեր տան մեջ ենք ապրում, որի համար 130 հազար վարձ ենք տալիս, էդպիսի պայմաններում ինչպե՞ս ապրենք»։ Մինչ Արցախ վերադառնալը՝ ասում է, որ միայն տաք վերնահագուստի կարիք ունի․ «Սրանով եմ Երևան գնացել, –ցույց է տալիս իր հագի թեթև կիսաբաճկոնը,– և մեկ–մեկ հյուրանոցից դուրս գալու համար տաք հագուստի կարիք եմ զգում»,–անհարմար ժպիտով ասում է նա։
Արթուրն ու Անդրանիկը ազգականներ են, նրանք Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղից են,մինչ ճանապարհի փակվելը՝ շաբաթը երկու անգամ Երևանից գյուղմթերք, սննդամթերք էին տանում իրենց մեքենայով (ֆորդ) Անդրանիկի խանութի համար։ Այս անգամ էլ, ադրբեջանցիների կողմից ճանապարհը փակելու պատճառով, մնացին Գորիսում։ Մթերքի մեծ մասը փչացել է և միայն մի փոքր մասն են կարողացել քաղաքի մեկ–երկու խանութում իրացնել, իսկ որոշ մթերքների պիտանելության ժամկետը լրանալուն հաշված օրեր են մնացել( կաթնամթերք, խմորեղեն, քաղցրեղեն), որոնք սակայն ոչ մի կերպ չեն կարողանում անգամ ինքնարժեքով վաճառել։ Անդրանիկն ասում է, որ խնդրել են ռուս խաղաղապահներին, որպեսզի մնացած ամբողջ մթերքը՝ որպես հումանիտար օգնություն հասցնեն Արցախ, սակայն վերջիններս հրաժարվել են օգնել․«Սուխոյ ատկազ կանգեցին ռուսները,պատասխանեցին՝ նիկակ նե պոլուչաետսյա»,–ասում է Անդրանիկը։ Օր–օրի մարդկանց հույսը մարում է, որ ճանապարհը շուտ կբացվի։ Սնունդ տեղափոխող բեռնատար մեքենաների և, հատկապես սննդամթերքի առևտրով զբաղվող մարդիկ, ովքեր ճանապարհին են մնացել, այս օրերին մեծ վնասներ են կրում։ Սպասում են, գոնե ինչ որ մեկը օգնության ձեռք մեկնի և կարողանան վաճառել գյուղմթերքը, կամ այդ ամենը Արցախ ուղարկելու հնար են փորձում գտնել։
Անդրանիկը համոզված է, որ այս իրադարձություններից հետո, իրենց գյուղը ոչ ոք չի լքելու, քանի որ պատերազմից հետո էլ 1200 բնակիչ ունեցող գյուղից միայն մի ընտանիք է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն, քանի որ ընտանիքի անդամների մի մասն էնտեղ էր բնակվում։
Այգեստան գյուղի բնակիչ Արայիկ Հայրապետյանը, ով ևս չի կարողանում վաճառել իր խանութի համար Երևանից ձեռք բերած սննդամթերքն ու նպարեղենը, կնոջ հետ ևս ապաստանել է «Մինա» հյուրանոցում, ասում է, որ երկու անչափահաս երեխաները մնացել են մոր մոտ․«Գոնե մի ելք լիներ կինս տուն գնար՝երեխաներիս մոտ, կամ էլ իրենց բերեին մեզ մոտ՝Գորիս, մինչև էս խնդիրը լուծվեր»։