Այդ պատմությունների հերոսները Գորիսի քրեակատարողական հիմնարկի բնակիչներ են, ովքեր դատապարտվել են ցմահ ազատազրկման․ նրանք իրական մարդիկ են, իրենց անուն ազգանուններով, բնակության վայրերով։
Առաջին պատմությանը ծանոթացեք այստեղ
Բ․ Լ 44 տարեկան․
Ասում է, որ սարքել են գլխին, «ինքն էն մարդը չի», որ նման արարք գործեր, որի համար ցմահ ազատազրկել են։ Ո՛չ զղչում, ո՛չ անհանգստություն կա ձայնի մեջ, խոսակցության ժամանակ նույնիսկ երբեմն-երբեմն բարձր ծիծաղում է։
Առաջին անգամ ձի գողանալու համար դատապարտվեցի, ասա կենդանու համար մարդ կդատե՞ն, անասունը լեզու ունի՞, որ բողոքի, տիրոջն էլ մերս դեռ մի բան էլ ավելի, փողը տվեց, բայց չէէէ, ասին՝ խմբակային գողություն է ու դատեցին։ Մի անասունի պատճառով էս ճամփան բռնեցի։ Ասում էի դուրս գամ, էդ ձիուն քարով տալու եմ, սպանեմ, հետո իմացա, որ դաշտում կայծակը խփել էր, սատկել, տեղն ա իրան։
Գողացանք, որ մի քիչ կայֆավատ լինեինք, մի քանի օր կքշեինք, հետ կտայինք, հո նախապես չէինք պլանավորել, որ լավ գին տվող էր լինելու, ծախելու էինք։
Հաջորդ անգամ էլի գողության համար դատեցին․ էս անգամ էլ բարդացրին, թե բա մի քանի հոգով եք եղել։ Մի հարցնող լինի, ո՞վ ա գողության համար մենակ գնում։ Փողի պակաս չկար, մի 60 ոչխար ունեինք, տանն ամեն ինչ կար, «պրոստը» էդ ուրիշ ցավ ա, որ սկսում ես, էդ կրուգից էլ չես կարա դուրս գաս։ Քո ապրելու տեղից էլ չես կարա փախչես, մարդիկ կլինեն, կգտնեն, կբռնեն, կբերեն, կասեն՝ եսիմ էինչ ես պարտք, պիտի գաս մեզ հետ, կասեն՝ քեզ փող պետք չի, մեզ պետք ա, չես կարա «պոկվես» իրանցից։ Էնպես չի, որ բոլոր գողությունները բացահայտվում են, բայց էնպես էլ չի, որ բոլոր գողություններից քեզ բաժին ա հասնում։ Միշտ մեկը գտնվում ա, որը պիտի մի քանի «փայ» ավելի վերցնի։ Մի անգամ էլ էդ գողացածը բաժանելիս դանակով խփեցի, դրա համար մի քանի տարի տվին, բայց, որ ասեմ՝ հասնում էր, ինձ «հարիֆի» տեղ էին ուզում դնեն։ Դատավորը գիտեր, որ գողություն ենք արել ու դանակով խփելու պատճառը գողացածն անարդար բաժանելն ա եղել, բայց դատարանում ձեն չհանեց, որովհետև փող էին տվել, ինձ էլ համոզեցին, որ եթե ասեմ՝ սրոկս կավելանա։ Էդպես էլ մենակ ես նստեցի, չնայած տղերքից երկուսը հետո կայարանում ավտո գողանալու համար դատվեցին։
Էսքան տարի, որ նստել եմ,տեսնում եմ, որ տղերք կան, որ նստած օրենքը կարդում են, ամեն մեկը մի փաստաբանի չափ խելք ունի, արա, բայց ինչի՞ են սովորում(բարձր ձայնով ծիծաղում է), կարո՞ղ ա մի օր իրանք իրանց պաշտպանեն, մեկ ա, ինչ էլ լինի, ստեղից մի անգամ ազատվողը հաստատ նորից ա գալիս։ Անհնար ա, որ մի քանի տարի էս պատերի տակ ապրողը ազատվելով պրծնի դրանից։ Ստեղ ում ճանաչում եմ, երրորդ, չորրորդ անգամ են, բայց ասեմ, որ մեկ ա, «դաժե» ցմահ դատապարտվածները հույս ունեն, որ կարող ա մի բան փոխվի։ Ես էլ եմ «ըտհենց» մտածում։ Դրա համար ամեն օր մարզանք եմ անում, որ առողջությունս պահեմ, արևի երես շատ քիչ ենք տեսնում, դրա համար գույնս էն չի, բայց, որ բան ա, դուրս եկա, պիտի գնամ բուժման, շատ եմ հազում․․
Ցմահ ազատազրկվել է․․․բառերով չի ասում, բայց ինքն իրե՞ն, թե անորոշ խոսում է՝ սարքել են ինձ վրա։
․․․Մեկ մեկ ուզում եմ մտաբերեմ, բայց անմիջապես մտքերս խառնվում են, ոնց գցում-բռնում եմ, ես չէի կարա, ես էլ վեց երեխա ունեմ, իրանք անտեր դուրսն են, մերս էլ իրա աշխատածն էլ, երեխեքի նպաստն էլ ինձ համար վեշ ա կապում, բայց ուրիշ եկող չունեմ, ազգուծուպս խռոված են։ Երեխեքս էլ չեն գալիս, բայց, որ դուրս եկա, լավ հերություն եմ անելու։
Կնիկս էլ ա ջհանդամվել, կյանքում քեֆին կպած չկամ, բայց դատիս էլ չեկավ, թե բա երեսդ չեմ ուզում տեսնեմ, գլխին գալիքը չգիտի, մի թող դուրս գամ։ Չնայած ինքը մեղավոր չի, որ երեխեքի ծնողական ժողովներին էր գնում, միշտ գալիս էր, թե բա մնացածի երեխեքի հերերը գոնե տարին մի անգամ դպրոց են գնում։ Խի, ես ղզի՞կ եմ, որ ժողովի գնամ։ Էդ նրանից ա, որ ինքը պակասություն չի տեսել, մեծ-մեծ փրթում ա, դե թող հիմա ապրի, չնայած մերս իրա կողմն ա պահում։ Ինչ էլ արած լինեի, ինքը պիտի ինձ պաշտպանի։
Ստեղ էլ են ասում՝ քեզ խի չեն գնդակահարում, դա դիմանալու չի, որ իմանաս երրորդ տարինա, բոլորը քո մահն են ուզում, դրա համար ցմահ են տվել, ու մի օր չկա, որ ես էդ մասին չմտածեմ։
Հոր հետ մոտիկ էինք, գնալ-գալ ունեինք իրար տներ։ Ո՞նց կարայի։
Մի անգամ բերանս կարեցի, բանի տեղ դնող չեղավ, ասես ես մարդկության մեջ չկամ։ Մարդահաշիվ չեմ։
Դատի ժամանակ դատավորը համարյա ֆշշացնում էր, չթողեց էլ վերջին խոսք ասեմ, ձեռքին ճար ըլներ, էն չաքուջը կտար գլխիս։ Միլիցեքն էլ հասցրին մի քանի անգամ խփեն, բայց դե ու՞մ բողոքեմ։ Հույսս էն ա, որ կարող ա ամնիստիա հայտարարեն, ես էլ ազատվեմ, կարո՞ղ ա էդ հարցում օգնես, խոսք եմ տալիս, մարդավարի կապրեմ։





