Այդ պատմությունների հերոսները Գորիսի քրեակատարողական հիմնարկի բնակիչներ են, ովքեր դատապարտվել են ցմահ ազատազրկման․ նրանք իրական մարդիկ են, իրենց անուն ազգանուններով, բնակության վայրերով։
Նրանց հետ հանդիպել և կյանքի պատմությունները գրի եմ առել 20 տարի առաջ, բայց ոչ մի կերպ չէի կարողանում հրապարակել։ Գիտեին, որ պիտի հանրայնացնեմ իրենց պատմությունները, բայց մտավախություն ունեի, որ հնարավոր է, վնասեմ նրանց։ Ժամանակի հետ անհանգստությունս նվազեց, բայց նրանք մնացին իմ մտքի բնակիչները, և հազար անգամ, երևի մինչև այս հրապարակումը, կարդացել եմ գրառումներս։
Չգիտեմ, թե ճակատագիրը նրանց ուր է հասցրել, բայց հիմա, երբ հրապարակում եմ նրանց պատմությունները, ծանր զգացողություններն այնպես են ճնշում, ասես հենց երեկ եմ հանդիպել։
Հայոց լեզվի մասնագետներին պիտի խնդրեմ ներողամիտ լինեն, եթե բարբառային, երբեմն ժարգոնով բառեր, արտահայտություններ կարդան, չեմ ուզում աղճատել նրանց խոսքը, որովհետև գրեթե բոլորը, ում հետ զրուցել եմ, հարցրել են, թե, արդյո՞ք խմբագրելու եմ իրենց պատմությունը։ Համարյա չեմ փոփոխել, եթե չհաշվենք այն տեղեկությունները, որոնցով կարող էին նրանց ճանաչել։
Գնունի, 47 տարեկան․
Երրորդ անգամ է դատապարտվել՝ ցմահ։
Կոկիկ հագնված է, ինձ զարմացնում է վերնազգեստի թևի երկաjնքով խնամքով արդուկված ծալքը։ Խամրած լույսի՞ց, թե բնական էր, որ շատ գունատ էր։ Թուլտվություն է հայտնում ծխելու համար։ Խոսում է դանդաղ, ընդմիջումներով, մեկ-մեկ դեմքը թաքցնում է ծխի տակ։ Երկու ժամվա մեջ ոչ մի անգամ չի ժպտում, տպավորություն էր, որ ինքն իր հետ է խոսում։ Սեղանին դրված բաժակով ջուր կար, հենց նստեց դիմացի նստարանին, բաժակը կողք քաշեց, հեռացրեց իրենից։ Մի քանի բառով բացատրեցի, թե ինչու եմ խնդրել հանդիպել։ Թվա՞ց, թե իսկապես չլսեց էլ ինձ։
Դժվարն առաջին անգամ է, 17 տարեկանում 12 տարվա «սրոկ շալակեցի»։ Դրանից վերադարձ չկա, ով մեկ անգամ նստում է, նրան ավելի հաճախ են նստեցնում, նշանակում է՝ չես հասկացել։
Արդար չէր, մնացած երկուսի համար չեմ ասի, բայց էդ մեկը սխալ էր։ Գողության համար իմ կյանքը գողացան։ Կյանքս փոխվեց, փոխեցին, կարային ուրիշ ձև պատժեին, թող ձևը գտնեին, ես չեմ ասում թուշս պաչեին, բայց ոչ մեկը չի մտածում, թե 17 տարեկանում «սրոկ նստելն» ինչ ա․ էդ տարիքի ջահելներին ասում են՝ կյանք են մտնում, մեկը համալսարան, մյուսը փեշակ ա սովորում, մեզ նմաններին՝ հայդա դժոխք են ուղարկում։ Թող մատնացույց անեն մեկին, ով 17 տարեկանում 12 տարի բանտ ա նստել, հետո արդեն կարգավորվել ա իրա կյանքը։ Մարդուն անընդհատ բրթում են փոսը, հետն էլ ասում ՝ չպիտի բրթվես։
Էն բաները, որ ես պիտի 17-20 տարեկանում հասկանայի, հիմա եմ հասկանում, որովհետև ինքդ քեզ հետ մենակ չես կարա բան հասկանաս, ո՞ւմից սովորես, ո՞նց ուղղվես։
Ասում են՝ ուղղիչ աշխատանքային գաղութ, բայց դա ուղղվելու տեղ չի, շեղվելու տեղ ա, բթանալու։ Հացդ կա, ջուրը կա, պարապ ես, միտք աշխատում ա ու՝ լրիվ էն ուղղությամբ, թե որ դուրս եկար, ինչ ես անելու։ Դուրս ես գալիս, բայց քանի որ էնտեղ ամեն ինչից կտրված էիր, ոնց որ «գոռմալիշ լինես», ուզում ես ամեն ինչ տենաս, ստեղից, ընդեղից մի երկու կոպեկ ես փախցնում քեզ թվում ՝ դու ի՞նչով ես վատ, որ մյուսների նման ամեն ինչ չվայելես։
Դատավորն ասում ա՝ առաջին անգամ չուղղվեցիր, երկրորդ անգամ չուղղվեցիր, բայց իրեն չես կարող ասել՝ սա ուղղվելու տեղ չի, հակաճառես, «սրոկդ» կավելացնեն։ Դատավորն ինքն էլ գիտի, լավ էլ գիտի, որ սա ուղղվելու տեղ չի, բայց սպեկուլյացիա ա անում, իբր ինքը քեզնից շատ ա քո մասին մտածում, ինքը քեզ ուղարկեց, որ փոխվես, բայց դու ապերախտի պես նախկինից բեթարը դառար։ Ոչ մեկը չի մտածում էս մասին։
Որ դուրս եկողին են միանգամից գործ տալիս, որ մի դուրս եկողի տանը փող ունեն պահած, բոլորը դու ուզել ես, քեզ վրա են ծախսել, փաստաբան, դատավոր, տուլիկ մուլիկ, բայց դուրս ես գալիս, աչքդ ամեն ինչի վրա, ու մոռանում ես, որ քեզ արդեն ամեն ինչ տվել են։
Տարիք կա չէ՞, որ մարդը էդ տարիքում բան չի սովորում ու չի էլ սովորի, հիմա եթե մարդը չի ուղղվել, երկորդ անգամ, որ փակում են, փակի տակ ուղղվո՞ւմ ա։ Փակված բա՞ն կա, որ երկար ժամանակ փակվի, չփչանա, անշունչ երկաթը, քարը, բայց դրանք է,լ մեկ ա, տեսքից կընկնեն, բայց ոսկի չեն դառնա։ Մեզ մումիա են սարքում, մումիայից ի՞նչ մարդկություն են սպասում։
Նույն արարքի համար եվրոպաներում 50-60 տարի են տալիս, հետո «ամնիստիաներ» կիրառւմ, որ բարություն ցույց տան։ Հայաստանում 4-5 տարվա պատիժ ես շալակում, ու էդ ամբողջ ընթացքում անընդհատ կաթացնում են, որ կարող են դա էլ ավելացնեն, դրանով չարություն են սրսկում։ Մարդուն, որ երկու, երեք անգամ լավություն ես անում, դու նրան մի տեսակ պարտականություն ես ներարկում, նա փորձում է մի ձև քեզ փոխհատուցի, ստեղ ոչ լավությունը կա, ոչ էլ դու փոխհատուցելու մասին մտածում ես։
Ես հանցանք կատարող մարդուն չեմ կարող արդարացնել, պաշտպանել։ Կոմունիստների օրերին աշխատանք կար, հիմա ՝չկա, մի փոր հացի համար էլ են գողություն անում, դրանից հետո պետությունը քեզ փակում ա, հաց տալիս, բայց դրանով հացի խնդիրը չի լուծում, ավելին, նրա ընտանիքին նոր խնդիրների առաջ ա կանգնեցնում, մի նոր հոգս էդ ընտանիքի համար, մի կերակրող ձեռք պակասում ա, բայց դու էլ արդեն նրանց մասին չես մտածում, ձրիակերությունը քեզ ոնց որ դուր գա։
Պատիժդ կրելուց հետո էլ աշխատանք չես կարողանում գտնել, անձնագիրդ չեն տալիս, մնում ես քաղմասի հսկողության տակ, քեզ ուրիշ աչքով են նայում, ոնց որ ապուշի, հեռու են պահում, ասես չկաս, ում ես պետք։ Գործ տվող էլ չկա։ Ես տղերք գիտեմ, որ կարգին մասնագիտություն են ունեցել, բայց «սրոկից» հետո նրանց իրենց մասնագիտությամբ գործ չեն տվել, մնացել են հին փեշակին, որովհետև դու պետք ես գալիս միայն էլի էն նույն «կամպանի» տղերքին, քեզ նմաններին ես գտնում։
Երբ երրորդ անգամ ինձ բռնեցին, ծառայողական ավտոյով էին տանում, սկսեցին հայհոյել, խնդրեցի, որ չհայհոյեն, մի քանի անգամ խնդրեցի, ավելի կատաղեցին, ասում են՝ արա էս ով ա, որ մեզ ասում ա ինչ անենք։ Վերջը համբերությունից հանեցին, կրակեցի։ Ասեցին՝ օրենքի մարդուն ես սպանել, ի՞նչ տարբերություն, մարդը՝ մարդ ա, բայց ես չէի ուզում, հասցրին։ Ներում խնդրե՞մ, ումից, որ մե՞ր ա հայհոյել, դրա համար ինձ ցմահ են տվել։ Զոռով բան չի լինի, ներողություն խնդրելով կլինի՞։ Ներողությամբ կամ պետության հացն ուտելով հարցը չի լուծվում։
Ինչից ա, որ մարդիկ շատ են ցուցամոլ։ Երևի եվրոպաներում կամ ամերիկաներում ոչ մեկի պետքը չի, դու աղքատ ես ապրում, թե հարուստ, ոչ մեկը ուշադրություն չի դարձնում, թե դու ինչ ավտո ես քշում, շաբաթը քանի անգամ ես խորոված անում, Հայաստանում ոնց որ ամաչում են մարդիկ, որ իրենք դժվար են ապրում։ Էստեղ ապրում են, որ իրենց նայեն, ու դու էլ չես դիմանում էդ գայթակղությանը, դու էլ ես ուզում քեզ մարդատեղ դնեն, «դաժե» նախանձեն։
Տեսակցություններից մեկի ժամանակ զագս ընկա, ասեցի՝ էդ կարող ա դրսի հետ կապված միջոց լինի։ Հույսը, իրականում ներսում գտնվող մարդու համար, դրսի հետ ամենաաննշան կապը կարևոր ա, բայց դրսի մարդկանց մասին ավելի շատ եմ մտածում, նրանց երանի չեմ տալիս, մարդիկ շատ մեղք են, առավոտից իրիկուն աշխատում են, մի փոր հացի համար, ինձ ստեղ ձրի հաց են տալիս, որ ի՞նչ, փոքրուց սովորացրել են, թե աշխատանքը գեղեցկացնում ա մարդուն, հիմա, որ մենք տարիներով «անգալ» նստած ենք, մենք շանս չունենք գեղեցկանալու (հեգնում է, հեղ․) օր օրի գեշանում ենք։
Իմ որակը վտանգավոր ա, Չպիտի կոտրվեմ, եթե 15 տարի տային, երևի ուրիշ ձև կմտածեի, բայց ես ցմահ եմ, սա անհույս ա, հույսով ապրելը թույլերի գործն ա, ճար չկա, հույս կա, Էլ ուրիշ բան չեն գտնում, ասում են՝ ճակատագիր ա։ Ճակատագիրը դու ես, էն դատավորն ա, որ 17 տարեկանում 12 տարվա բեռ դրեց։
Լավ գիրք եմ ուզում էնպիսի գիրք, որ դատողություններ լինեն, իմ մտքերի հետ համեմատեմ։
Մտածում էի, որ գրող կդառնայի կամ նկարիչ, ինչ տեսնեի՝ գրեի, նկարեի։ Ես պիտի ոչ մեկից կախված չլինեմ, մարտին եմ ծնվել, ցուլի տարում։ Ես չեմ կարա, որ ինձ դիրեկտոր լինի, ասի՝ սա արա, նա արա, դպրոցում էլ էր էդպես։ Դասարանում 30 հոգի կար, բոլորը պիտի բազմապատկման աղյուսակն անգիր ասեին, դու լսեիր, մեղքս գալիս էր, դասատուն ցուցափայտով խփում էր, որովհետև ես չէի ուզում երեսուներորդ անգամ լսեի 4-ի աղյուսակը։
Հերս էլ էր ինձ շատ ծեծում, չէր բացատրում, ծեծում էր, ինչով պատահի, էնքան, երևի մինչև թևը կամ ոտքը հոգներ։ Ես անշնորհք երեխա չէի, բայց չար էի, ֆիզիկապես ուժեղ, եթե մեկը մի տեղից թռչում էր, ես մի քանի անգամ վերևից պիտի թռչեի իմ առավելությունը ցույց տալու համար։ Բայց հերս դրանից չէր ուրախանում, ինձնով չէր հպարտանում։ Հենց բողոքում էին, ծեծում էր, չգիտեմ սի՞րտն էր հովանում, թե՝ բողոքողի մոտ էր լավամարդ դառնում, ինձ երբեք չէր պաշտպանում։ Մեջս հորս նկատմամբ ոչ մի զգացում չկա, անգամ նեղացածություն, դատարկություն ա։ Որ մեկին ասում են՝ ում տղան ես, հոր անունն են տալիս, բայց մերն ամենակարևորն ա, եթե ասեն մորդ համար մեռի, աչք չեմ թարթի, բայց գիտեմ, որ իմ մահով նրա ապրած կյանքը չեմ փոխի, թե որ հրաշքով դուրս էլ գամ, էլի նույն մուխամորն եմ մնալու, սիրտը հովացնող չեմ լինի, ես էն մարդը չեմ դառնա, ում սպասում ա, կերազեր։
Ինձ համար ամենածանր դուբինկան մորս ցավն ա։ Դրա համար հաճախ հրաժարվում եմ տեսակցությունից։ Երկար ժամանակ ա, չեմ տեսել, բայց մտքումս հետը խոսում եմ։
Հա՛մ նրա, հա՛մ իմ կյանքը ռախիտ ա դարձել։





