Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը

by Անահիտ Բաղդասարյան
Մարտ 30, 2026
0

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում կյանքը բաժանվում է երկու մասի՝ մինչև 44-օրյա պատերազմն ու դրանից հետո։ Չնայած կորցրած արոտավայրերին և սահմանի անմիջական մոտիկությանը, այս երիտասարդ գյուղը նոր շունչ է ստանում։ Վերանորոգված ճանապարհը, տեղացիների ամուր կամքն ու Լեռնային Ղարաբաղից տեղափոխվելուց հետո այստեղ արմատներ գցած ընտանիքները փաստում են՝ Ներքին Խնձորեսկը ոչ թե պարզապես գոյատևում է, այլ վերածնվում։

 

Մի ճանապարհի պատմություն, որը սպասված էր դեռևս 1990-ականներից

Տասնամյակներ շարունակ  Ներքին Խնձորեսկ հասնելն իսկական փորձություն էր։ 1990-ականներից ի վեր չնորոգված, պատերազմական ռմբակոծություններից քայքայված ու «Ղումին դիքի» անհաղթահարելի վերելքներով ճանապարհն այսօր արդեն անցյալ է։ 2025 թվականի գարնանը սկսվել և նույն թվականի ամռանն ավարտվել է միջպետական Մ12 մայրուղուց սկսվող և մինչև Ներքին Խնձորեսկի վերջը 10,1 կմ երկարությամբ ճանապարհատվածի  հիմնանորոգումը։  Ճանապարհի նախահաշվային արժեքը կազմել է 2 միլիարդ 312 միլիոն դրամ, ամբողջությամբ փոխել է գյուղի կյանքի տեմպը։

Գյուղի պատմության ուսուցիչ Սանթրիկ Մաքունցը, ով 2003-2005 թվականներին եղել է համայնքի ղեկավար, մտաբերում է բարեկարգ ճանապարհ ունենալու համար տասնամյակների պայքարը.

«Իմ օրոք էլ բազմաթիվ անգամ դիմել ենք վերադաս մարմիններին, մինչև մարզպետարան պահանջներ ենք ներկայացրել, բայց բարեկարգման աշխատանքները կատարել ենք ընդամենը տեղական միջոցներով։ Էքսկավատորով խճապատում ու հարթեցում էինք անում, որը ծառայում էր ընդամենը մի քանի ամիս։ Հենց անձրևն ու ձյունը գալիս էին, նորից նույն անմխիթար վիճակն էր ստեղծվում։ 1989թ-ին, երբ եկա այս համայնք աշխատանքի, արդեն վիճակը վատ էր։ Կարևորը, որ այսօր ունենք հոյակապ կառուցված ճանապարհ՝ ասֆալտապատ, մայթերով ու անցումներով»։

Նախկինում
Հիմա

Ճանապարհը կառուցած «ՈՍՄԱՐ» ՍՊԸ-ի ինժեներ Ներսես Ասրյանի խոսքով՝ ճանապարհաշինարարական աշխատանքներում ներգրավված է եղել 80 բնակիչ՝ թե Ներքին Խնձորեսկից, թե Խնձորեսկից, անգամ  Տեղ համայնքից։

«Սա մեր սահմանապահ գյուղի համար ռազմավարական նշանակություն ունի։ Աշխատել ենք մեծ նվիրումով։ Վերանորոգվել են մայթերը, երթևեկելի մասը, կողնակները, ջրահեռացման համակարգն ու տեխնիկայի համար նախատեսված անցուղիները։ Ճանապարհն այսօր լիովին կահավորված է ու նշագծված»,- ավելացնում է նա։

Ճանապարհի բարեկարգումն անմիջապես զգացվել է բնակիչների գրպանի վրա։ Լորիկ Միրզոյանը, ով 1996թ․-ին Արարատից է տեղափոխվել Ներքին Խնձորեսկ, ասում է, որ նախկինում տաքսու վարորդները 7 կմ-ի համար 3 հազար դրամ էին վերցնում, իսկ հիմա հազար դրամ են  վճարում։

«Այն, ինչ տասնամյակներ շարունակ երազանք էր, այսօր իրականություն է դարձել։ Տղաս Գորիսից 15 րոպեում հասնում է այստեղ։ ճանապարհների անմխիթար վիճակի պատճառով հազվադեպ էր այցելում՝ դժգոհելով, որ մեքենան փչանում է։ Հիմա հավեսին ասֆալտ է, նայում ես՝ մեքենաները հանգիստ գալիս-գնում են»։

Բացի բարեկարգ ճանապարհից, արդեն հինգ տարի է, ինչ Գորիսի համայնքային իշխանության աջակցությամբ  օրական երկու անգամ անվճար հանրային տրանսպորտ է աշխատում դեպի Գորիս, որն օրական երկու անգամ կապում է բնակավայրը քաղաքի հետ։ Լեռնային Ղարաբաղից տեղափոխված Սոնյա Միրզոյանը նշում է, որ իր հարսը, ով Գորիսում բուժքույր է աշխատում, հիմնականում անվճար տրանսպորտից է օգտվում, ինչը զգալի թեթևացնում է ընտանեկան բյուջեն։

Ասֆալտի որակը փոխել է նաև կրթական կյանքը․ Գորիսից ու Խնձորեսկից երթևեկող տասը ուսուցիչն այլևս հանգիստ հասնում են դասերին։ «Նախկինում ճանապարհը խլում էր 20 րոպե, իսկ հիմա հինգ րոպեում տեղ են հասնում։ Իսկ ամենակարևորը երեխաների համար է. նրանք տնից դուրս են գալիս մաքուր ու դպրոց են հասնում նույնքան կոկիկ, առանց ցեխոտվելու»,-  նշում է Խնձորեսկից երթևեկող Վաղինակ Բաբալարյանը։

Խնդիրներից՝ դեպի այլընտրանք. կյանքը սահմանին

44-օրյա պատերազմից հետո Ներքին Խնձորեսկը կանգնեց լուրջ մարտահրավերների առաջ։ Գյուղի ապրուստի հիմնական միջոցը՝ անասնապահությունը, հարվածի տակ հայտնվեց, երբ շատ արոտավայրեր անցան հակառակորդի վերահսկողության տակ։ Այսօր գյուղի 42 տնտեսությունից միայն տասն է անասուն պահում, այն էլ՝ հիմնականում մսուրային պահվածքով, քանի որ արածեցնելու անվտանգ տարածքները  սահմանափակ են։

Սակայն Ներքին խնձորեսկցին բողոքող տեսակ չէ. այստեղ սովոր են արարել նույնիսկ ամենաբարդ պայմաններում։ Տարբեր հիմնադրամների աջակցությամբ բնակիչները գտել են եկամտի այլընտրանքային աղբյուրներ։ Շուրջ 20 տնտեսություն հիմնել է ազնվամորու, մոշի և գոջիի այգիներ՝ ժամանակակից կաթիլային համակարգով։

 

1 of 5
- +

1.

2.

3.

4.

5.

«Ինչպես գյուղից շատերին մեզ էլ են ինկուբատոր, չորանոց ու տնկիներ նվեր տվել․ Ինկուբատորն անցած տարի 95 ճուտ է հանել։ Փոքր երեխու պես եմ պահում՝ ջուրը եռացնում-սառեցնում եմ, դեղերը հետը տալիս։ Հիմա հողագործությամբ ու մեր բոստաններով ենք յոլա գնում,  մեր այգու հատապտուղները սառեցնում, չորացնում։ Թեև արոտավայրերի հարցը շատ ցավոտ է մնում, բայց այլընտրանք գտել ենք»,-հա՛մ իր սառեցրած հատապտուղներն է մեզ հյուրասիրում տիկին Ժասմենան, հա՛մ մեզ իր առօրյայից պատմում։

Բացի հողից, բնակիչներին այսօր ամենաշատը մտահոգում է «կապույտ վառելիքի» բացակայությունը։ Գյուղում գազ չկա, իսկ ձմեռն անցկացնելը վերածվում է սոցիալական ծանր բեռի։ Փայտի մեկ խորանարդ մետրի արժեքը հասնում է 25-26 հազար դրամի, իսկ էլեկտրաէներգիայով տունը տաքացնելն անհասանելի շքեղություն է. ամսական վարձը հաճախ գերազանցում է 35,000 դրամը։ Գյուղի վարչական ղեկավար Արամ Արզանյանի խոսքով՝ գազաֆիկացումը կտրուկ կփոխեր գյուղի կյանքի որակը, իսկ առայժմ բնակիչները հույսը դնում են արևային պանելների վրա, որոնք գոնե մասնակիորեն թեթևացնում են հոսանքի ծախսը։

 

Արցախյան արմատներով նոր բնակիչները. Լուսինեի յոթ զավակների պատմությունը

Ներքին Խնձորեսկն այսօր տուն է դարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեք ընտանիքի համար։ Նրանցից մեկը Լուսինե Բադալյանի բազմազավակ ընտանիքն է, որը այստեղ է եկել 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո։

Բազմազավակ ընտանիքի ապրելու վայրը 2020թ․
Բազմազավակ ընտանիքի ապրելու վայրը 2022թ
Բազմազավակ ընտանիքի բնակարանը 2026թ

28-ամյա Լուսինեի պատմությունը տոկունության և վերածննդի օրինակ է։ Երբ նրանք հաստատվել են Խնձորեսկում, հինգ երեխա ունեին, իսկ այսօր նա արդեն յոթ երեխաների մայր է։ Սկզբնական շրջանը ծանր էր. ապրում էին ժամանակավոր կացարանում՝ «դոմիկում», այսօր արդեն սեփական տուն են գնել։

Գյուղի վարչական ղեկավար Արամ Արզանյանը նշում է, որ բնակարանաշինությունը գյուղում նոր թափ է ստացել.

Արամ Արզանյան

«Մենք տեսնում ենք, որ մարդիկ հետ են գալիս։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը գյուղում վեց նոր տուն է կառուցել, որոնցից մեկը հատկացվել է տեղահանված ընտանիքի։ Բացի այդ, պետական աջակցության՝ 16 միլիոն դրամ աջակցությամբ ծրագրով ևս ութ շահառու տուն է կառուցում։ Նրանցից երկուսը մեր գյուղի բնակիչներն են, իսկ մյուսները Երևանից ու այլ վայրերից վերադարձողներ են»։

Ներքին Խնձորեսկի աշխարհագրական դիրքն առանձնահատուկ է. գյուղը երեք կողմից շրջապատված է սահմանով․ հակառակորդի դիրքերը ոչ թե  մոտ են, այլ տեսանելի, սակայն սահմանի «շնչառությունը» չի կասեցնում կյանքի բնականոն ընթացքը։ «Գյուղացու համար կարևորը աշխատելու հնարավորությունն ու սեփական հողին կպած մնալն է»,- հավելում է Արզանյանը։

Գյուղի դպրոցում սովորում է 22 աշակերտ, մանկապարտեզ է հաճախում 12 երեխա։ Ներքին Խնձորեսկը 154 բնակիչ ունեցող փոքրիկ, բայց ամուր բռունցք է։ Այնտեղ, որտեղ սկսվում է նոր ճանապարհը, սկսվում է հայրենիքի պաշտպանությունը՝ ամենօրյա աշխատանքով, տնկված ծառով և դպրոց շտապող աշակերտների ժպիտով։

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».
    Հոդվածներ

    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».

    Մայիս 8, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.