Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Լծեն գյուղում այսօր ավելի շատ լռությունն է, քան մարդկանց ձայներ են լսվում. բայց այդ լռությունը կարծես նորի սպասում է, սկիզբ։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ հուսալքությունը շատերի դռներն էր թակում, Ռուբեն Մարգարյանը 22 տարվա բացակայությունից հետո որոշում է վերադառնալ հայրենի գյուղ, որտեղ հիմա ընդամենը 16 տնտեսություն է ապրում։ Եղբայրը՝ Աբգարը, որը բնակվում է Ֆինլանդիայում, միանում է նրան։ Որոշում են իրենց պապական տունը հյուրատուն դարձնել, որը նաև պիտի գյուղի վերածննդի և զարգացման կենտրոնի խորհրդանիշ դառնար։
Սա բիզնես չէ, սա հողը պահելու ձև է
Եթե Մարգարյան եղբայրների նպատակը պարզապես շահույթ ստանալն ու փող աշխատելը լիներ, նրանք կարող էին բիզնես հիմնել ցանկացած զարգացած զբոսաշրջային կենտրոնում, որտեղ արդեն առկա են անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Փոքր ու հեռավոր գյուղում հյուրատուն հիմնելը գուցե թվերով այնքան շահավետ չթվա, սակայն նրանց համար դա առավելապես գաղափարական ընտրություն է եղել՝ պայմանավորված հայրենի հողի հանդեպ պատասխանատվության զգացումով։
«Նով Լեռնատունը» պարզապես հյուրատուն չէ, սա մեր գաղափարն է՝ գյուղի զարգացման ծրագիր»,- ասում է Ռուբենը։
Սկիզբը՝ 250 բեռնատար աղբից
Ռոմանտիկ թվացող մտքերի պատկերներից հեռու՝ աշխատանքը սկսվել է ծանր ու տհաճ գործից։ Տարիներով կուտակված աղբը եղբայրները սեփական միջոցներով մաքրել են՝ տարածքից հեռացնելով 250 բեռնատար աղբ։ Դրանից հետո միայն սկսվել է շինարարությունը, տնկվել երկու հազար հինգ հարյուր ծառ, աղբյուր կառուցվել, բարեկարգվել գյուղի կենտրոնը։
Գյուղի «երակը»
«Նով Լեռնատունը» այսօր Լծենի զարկերակն է։ Չնայած պաշտոնական բացումը նախատեսվում է մայիսին, հյուրատունն արդեն հյուրեր է ընդունել Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և Ամերիկայից։ Բայց ամենակարևորը հյուրերի քանակը չէ, այլ այն հույսը, որն արթնացել է լծենցիների մեջ։
Բնակիչներն իրենց ապագան հիմա կապում են այս հյուրատան ու դրա շուրջ ձևավորվող նոր միջավայրի հետ։ Աշխատատեղեր են բացվում, մարդիկ տեսնում են, որ հնարավոր է ապրել սեփական գյուղում։ Ծրագրեր էլ շատ կան՝ լողավազան են նախատեսում կառուցել, մարզասրահ, այն ամենն, ինչը Լծենը կդարձնի լիարժեք ու ժամանակակից բնակավայր։
«Լծենը դառնալու է այն վայրը, որտեղից ոչ թե ուզում են գնալ, այլ որտեղ միշտ ուզում են վերադառնալ»,-ասում է Ռուբենը։
Սարի գագաթին տեղավորված այս փոքր գյուղը այսօր ապացուցում է, որ եթե կա թեկուզ մեկ մարդ, ով անկեղծ նվիրված է իր համայնքին, ապա հնարավոր է ոչ միայն կանխել դրա դատարկումը, այլև այն դարձնել վարակիչ օրինակ մյուսների համար։
Ռուբենը, ում հազիվ ենք համոզում խոսել տեսախցիկի առաջ, չի պատմում ռազմավարություններից կամ մեծ ներդրումներից, ասում է, որ ամեն օր խնամում է գյուղի ծառերը, էտում, ու հավատում, որ «իր հայրենի գյուղի ամենաբարձր կետում վառվող լույսը տեսանելի է լինելու շատ հեռվից»։

Լրագրող







