Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Փոդքասթ

Առողջության համընդհանուր ապահովագրություն/ԱՀԱ/. ինչպես ընտրել բժշկի, կողմնորոշվել հերթերում ու չսպառել այցերի սահմանաչափը

by Անահիտ Բաղդասարյան
Սեպտեմբեր 17, 2026
0

«Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հերթական թողարկման հյուրը առողջապահական իրավունքի փորձագետ Վիոլետա Զոփունյանն է, ում հետ զրուցել ենք Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման, քաղաքացիների իրազեկվածության, առաջնային օղակի ծանրաբեռնվածության, թվային հավելվածների կիրառման ու ոլորտի համակարգային խնդիրների մասին։

Առողջապահական համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը երկար սպասված և սոցիալական մեծ նշանակություն ունեցող փոփոխություն է, որի նկատմամբ հանրային հետաքրքրությունը բավականին բարձր է։ Սա այն ոլորտն է, որն առնչվում է գրեթե յուրաքանչյուր քաղաքացու առողջությանը և ֆինանսական կայունությանը։

Առաջին և ամենակարևոր քայլը սեփական կարգավիճակը ճշտելն է։ Քանի որ համակարգը ներդրվում է փուլային եղանակով, այս պահին շահառու են հանդիսանում որոշակի խմբեր՝ հաշմանդամություն ունեցող անձինք, 0–18 տարեկան երեխաները, 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները և այլք։

Որտեղի՞ց սկսել. կարգավիճակի ստուգում և բժշկի ընտրություն

Ստուգում Armed հավելվածով․ Կարգավիճակը ստուգելու ամենաարագ ու մատչելի ճանապարհը Armed բջջային հավելվածն է։ Մուտք գործելով հավելված՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հատուկ նշմանը. այնտեղ կանաչով պետք է ակտիվացված լինի «Ապահովագրությունն ակտիվ է» գրությունը։ Ակտիվ լինելու դեպքում բացվում է հասանելի ծառայությունների և փոխհատուցվող դեղորայքի ցանկը։ Հավելվածում ծնողները կարող են տեսնել նաև իրենց անչափահաս երեխաների տվյալները։

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայք. Հիմնադրամի հարթակում գործում է նաև արհեստական բանականությամբ աշխատող գործիք, որտեղ գանգատները մուտքագրելով՝ քաղաքացին կարող է նախնական ուղղորդում ստանալ։

Անհետաձգելի դեպքեր. Շտապ և անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիների համար որևէ բարդ ընթացակարգ չկա. նրանք կարող են անմիջապես դիմել մոտակա բուժհաստատություն՝ առանց նախնական հերթագրման, ինչպես գործում էր նախկինում։

«Անվճար բժշկության» միֆն ու ֆինանսավորման իրականությունը

Ամենատարածված թյուրըմբռնումներից մեկն այն է, թե բժշկությունը կարող է լինել անվճար։ Որևէ բուժծառայություն անվճար չի լինում, քանի որ դրա վրա ծախսվում է նյութական բազա, թանկարժեք սարքավորումների շահագործում, էլեկտրաէներգիա և բուժանձնակազմի ժամանակ։ Պետության կողմից սուբսիդավորվող խմբերի համար ևս փաստացի վճարում են քաղաքացիները՝ հարկային մուտքերի միջոցով։

Ներկայումս գործում են հետևյալ մեխանիզմները.

  • Վճարովի ծառայություններ (պացիենտը վճարում է իր գրպանից),
  • Համավճարի սկզբունք (ծախսի մի մասը փակում է քաղաքացին, մյուս մասը՝ պետությունը),
  • Ապահովագրական փոխհատուցում (պետական համակարգով կամ մասնավոր փաթեթներով)։

Որպեսզի որակյալ և նորարարական տեխնոլոգիաները հասանելի լինեն, պետությունը պետք է սահմանի գործելակարգերի հստակ չափանիշներ և ապահովի համարժեք ֆինանսավորում։

Առաջնային օղակ և կանխարգելում. ինչո՞ւ է առաջանում հերթերի խնդիրը

Համակարգի տրամաբանությունն այն է, որ պացիենտի բուժման ուղին պետք է սկսվի պոլիկլինիկայից՝ ընտանեկան բժշկից։ Հենց նա է կազմում հիվանդության պատմությունը և ուղեգրում նեղ մասնագետների մոտ։

Գործնականում քաղաքացիները հաճախ բախվում են խնդրի. կանխարգելիչ հետազոտության դիմելիս պոլիկլինիկաներում երբեմն պահանջում են կոնկրետ գանգատներ՝ ծանրաբեռնվածության պատճառով։ Փորձագետը փաստում է՝ պոլիկլինիկաների նկատմամբ վստահության պակասը և հերթերը շատերին ստիպում են դարձյալ դիմել մասնավոր վճարովի կենտրոններ։ Խնդրի լուծումը պոլիկլինիկաների կադրային հագեցվածությունը, տեխնիկական վերազինումն ու բժիշկների աշխատանքային բեռնաթափումն է։

Այցերի սահմանաչափերը. ինչո՞ւ են դրանք սպառվում

Շատ պացիենտներ տեղյակ չեն, որ ապահովագրական փաթեթներն անսահմանափակ չեն և ունեն այցերի կոնկրետ սահմանաչափեր (օրինակ՝ նեղ մասնագետների խորհրդատվությունների կամ քրոնիկ հիվանդությունների տարեկան այցերի քանակ)։

Այստեղ առաջանում է լուրջ խնդիր. երբեմն միևնույն առողջական խնդրի շրջանակում կատարվող հետազոտությունները կամ կրկնակի այցերը Armed համակարգում գրանցվում են որպես առանձին նոր այցեր, ինչի հետևանքով սահմանված լիմիտը շատ արագ սպառվում է։

Քաղաքացին պետք է զգոն լինի, հստակեցնի բժշկի հետ գրանցման բնույթը և անձամբ հետևի Armed-ի գրառումներին։ Եթե առկա են սխալ կամ ավելորդ մուտքագրումներ, հավելվածի միջոցով կարելի է անմիջապես ահազանգել։

Այցերի քանակի ու փաթեթի հնարավորությունների մասին մանրամասն տեղեկատվությունը զետեղված է Ապահովագրության հիմնադրամի կայքում։

Ի՞նչ անել, եթե մերժում են սպասարկել ապահովագրությամբ

Հաճախ են հնչում դեպքեր, երբ կլինիկայում հայտնում են, թե «ֆինանսավորումը սպառվել է» կամ կոնկրետ բժիշկն ասում է՝ «ես ապահովագրությամբ չեմ աշխատում»։

Նման իրավիճակներում անհրաժեշտ է

  • Պահանջել գրավոր հիմնավորում. Բանավոր խոսակցություններն իրավական հետք չեն թողնում։ Գրավոր մերժման հիմքով քաղաքացին կարող է պաշտոնապես դիմել Ապահովագրության հիմնադրամ կամ նախարարություն՝ պարզելու, թե ինչու պետության կողմից երաշխավորված ծառայությունը չի մատուցվում։
  • Հետևել Armed-ի գրառումներին. Յուրաքանչյուր բժշկական այց, ախտորոշում և նշանակում արտացոլվում է հավելվածում։ Եթե այնտեղ նկատվում են սխալ կամ չկատարված գրանցումներ, պացիենտը կարող է ահազանգել հենց հավելվածի միջոցով։
  • «Ես ապահովագրությամբ չեմ աշխատում». Բժշկական հաստատությունում աշխատող բժիշկը որպես առանձին անհատ չի գործում. պացիենտը հարաբերությունների մեջ է մտնում բուժհաստատության հետ։ Եթե կլինիկան ունի պայմանագիր հիմնադրամի հետ, նրանք պարտավոր են ապահովել համապատասխան մասնագետի ծառայությունը։

Համակարգի բարելվման կարևոր նախադրյալները

Բարեփոխման ամենախոցելի հանգույցներից մեկը շարունակում է մնալ մարզային բուժհաստատությունների անբավարար հագեցվածությունն ու նեղ մասնագետների սուր պակասը։ Եթե Երևանում կամ խոշոր մարզկենտրոններում քաղաքացին դեռևս ունի այլընտրանք և կարող է ընտրել բժշկի, ապա փոքր բնակավայրերում այդ ընտրության իրավունքը գործնականում դառնում է պատրանք։ Կադրային բացերի և սարքավորումների բացակայության պատճառով մարզերի բնակիչները ստիպված են լինում լրացուցիչ ժամանակ ու ֆինանսական ռեսուրսներ վատնել՝ մայրաքաղաք հասնելու և անհրաժեշտ հետազոտությունն անցնելու համար։ Համակարգը կարող է կայացած համարվել միայն այն դեպքում, երբ միևնույն չափանիշներով ու որակով բուժօգնությունը հասանելի լինի ինչպես Երևանի կենտրոնում, այնպես էլ սահմանամերձ համայնքում։

Մյուս լուրջ խնդիրը թվայնացման հետևանքով առաջացած տեխնիկական դիմադրությունն է։ Հատկապես ավագ սերնդի բուժաշխատողների համար Armed-ի անցումն ուղեկցվում է լուրջ դժվարություններով, ինչն անխուսափելիորեն դանդաղեցնում է սպասարկումը։ Սա պահանջում է բժիշկների շարունակական վերապատրաստում և պետության կողմից տեխնիկական գործիքների շուտափույթ բարելավում։

Համակարգի թափանցիկության համար անկյունաքարային է անկախ մոնիտորինգի մեխանիզմների ներդրումը՝ ներգրավելով հասարակական կազմակերպություններին։ Փոքր համայնքներում, որտեղ բոլորը ճանաչում են միմյանց, հաճախ արմատանում է այն կարծրատիպը, թե բուժօգնության հասանելիությունը կախված է տեղի բժշկի հետ «լավ հարաբերություններից» կամ ծանոթությունից։ Այս մոտեցումը պետք է բացառվի. օրենքը պետք է գործի հավասարապես բոլորի համար։ Եթե քաղաքացին տեսնում է կողմնակալ վերաբերմունք, խախտում կամ անհիմն մերժում, չպետք է լռի։ Լռելը կամ դա որպես նորմալ երևույթ ընդունելը խաթարում է ողջ գործընթացը. համակարգը կայանում է այն ժամանակ, երբ քաղաքացին դառնում է ակտիվ, պահանջատեր և բարձրաձայնում է խնդիրները։

 

***

Այս շարքը պատրաստվում է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ–ի կողմից՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ–ի Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դիմակայուն և միասնական նախաձեռնություններ ընդդեմ ապատեղեկատվության» ծրագրի ներքո։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ–ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Recent News

    Առողջության համընդհանուր ապահովագրություն/ԱՀԱ/. ինչպես ընտրել բժշկի, կողմնորոշվել հերթերում ու չսպառել այցերի սահմանաչափը

    Առողջության համընդհանուր ապահովագրություն/ԱՀԱ/. ինչպես ընտրել բժշկի, կողմնորոշվել հերթերում ու չսպառել այցերի սահմանաչափը

    Սեպտեմբեր 17, 2026
    Մի՛ ծխիր

    Մի՛ ծխիր

    Սեպտեմբեր 17, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.