
Շուշան Միրումյան, Հայ-ֆրանսիական վերականգնողական կենտրոնի համակարգող
Զրույց՝ ցավից դեպի պատասխանատվություն գնացող մարդու մասին
Դուք հաճախ խոսում եք կնոջ ուժի մասին, բայց կարծես այլ կերպ եք ընկալում այդ արտահայտությունը։ Ի՞նչ է Ձեզ համար ուժեղ կինը։
Ինձ թվում է՝ «ուժեղ կին» արտահայտությունը պետք է վերանայել։ Կինը պիտի ոչ թե անընդհատ ինչ-որ ծանր ճանապարհներով անցնի, հետո ասեն՝ ուժեղ ես, այլ կարողանա ինքնաիրացվել։ Երբ մարդուն անընդհատ ասում են՝ ուժեղ ես, հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է տալիս քեզ այդ ուժեղությունը, եթե այն միայն ցավի, փորձությունների, կորուստների միջով է ձևավորվում։ Իհարկե, հայ հասարակության մեջ տղայապաշտություն կա։ Դա չենք կարող հերքել։ Տատս, ում անունն եմ ես կրում, դրա վառ օրինակն է, և ես դա մեր ընտանիքի օրինակով գիտեմ։ Բայց միևնույն ժամանակ պետք է նայել նաև մեր ավանդական մշակույթին․ օրինակ՝ հայկական պարերին, որտեղ մարդիկ ուս-ուսի են կանգնում։ Այդտեղ հավասարության, համատեղության գաղափար կա։ Հարցն այն է՝ այսօր ինչպես ենք մենք ապրում այդ արժեքները։
Կյանքի դժվարություններն ավելի շատ կոտրե՞լ են Ձեզ, թե՝ առաջ տարել։
Իմ ամենադժվար օրը երբեմն ավելի շատ եմ սիրում, քան ամենաուրախները, որովհետև այդ դժվարություններից հետո առաջ եմ գնացել։ Դժվարությունը սովորեցրել է կանգ չառնել։ Հաջողությունը երբեմն հարմարավետություն է բերում, դադար, իսկ ես դադար չեմ սիրում։ Թշնամին միշտ ամենաթույլ տեղն է հարվածում։ Այդ պահին դու մտածում ես՝ ինչպես անել, որ ցավը անցնի, բայց նաև չես կանգնում։ Շատ հանգամանքների բերումով ես ֆատալիստ եմ դարձել․ մտածում եմ՝ ինչ եղավ, երևի պիտի լիներ։ Բայց դա նախախնամության մասին չէ միայն։ Ամեն դժվար քայլ մարդուն սովորեցնում է նորից առաջ քայլել։
Տարիներ շարունակ ապրել եք Հայաստանից դուրս։ Ի՞նչ տվեց այդ հեռացումը։
Որոշ ժամանակ հեռացա հայրենիքից։ Գրեթե ութ տարի Հայաստանում չէի։ Գնացել էի մի տեղ, որտեղ չգիտեի ինչ է լինելու, բայց ուրիշ ելք էլ չկար։ Ինձ տարածք էր պետք, որ ինքս ինձ գտնեի։ Այդ տարիներին շատ բան ձեռք բերեցի, նոր կրթություն ստացա, բայց ներսում ինչ-որ դատարկություն կար։ Ես մի երկրում էի, որտեղ կարծես ամեն ինչ կար հանգիստ կյանքի համար, բայց չկար համ։ Չկար այն զգացողությունը, որ դու ամբողջությամբ քոնն ես այդ տարածքում։
Իսկ ի՞նչը հետ բերեց Հայաստան։
Պատերազմից հետո վերադարձա։ Ինձ բերեց մեղքի զգացումը, պատասխանատվությունը։ Վերադառնալուց հետո, մինչև այսօր, և երևի հետո էլ, չեմ մտածել նորից հեռանալու մասին։ Գուցե կարողանամ թեկուզ մի ոտնաչափ առաջ տանել իմ երկիրը։ Շատ հաստատակամ եկա։ Վերադարձից հետո նաև շատ բան վերարժևորվեց իմ կյանքում։ Եվրոպայում կարող ես մեկ հատիկ խնձոր գնել և դրանով գոհ լինել։ Իսկ այստեղ մենք երբեմն մանր մրգերին չենք արժևորում։ Միշտ ուզում ենք ամենալավը՝ այգու ծառի ամենա, բայց չենք նկատում ծառի տակ ընկած, ավելի հասուն, ավելի համով պտուղը։ Այս վերաբերմունքը երբեմն մեզ հասցնում է սնապարծության։ Մենք չենք արժևորում այն, ինչ ունենք՝ այդ թվում նաև երկիրը, որտեղ ապրում ենք։ Չգոհանալը մեզ ներսից մաշում է։
Խոսում եք նաև դաստիարակության, կրթության և չափազանց բարձր սպասումների մասին։
Ծնողներիս համար ամենաառաջնայինը կրթությունն էր։ Գերազանցից մի նիշ ցածր գնահատականը նրանց համար անձնական ողբերգություն էր։ Երբ դու անընդհատ ձգտում ես գոհացնել ծնողներիդ, ուսուցիչներին, նույնիսկ հարևաններին, ինչ-որ բան այդ ճանապարհին կորցնում ես։ Հարմարվում ես ամեն ինչի։ Նույնիսկ նրան, որ կարող են առանց անզգայացման ատամդ հեռացնել, որովհետև հետո քեզ խոստացել են նվեր առնել։ Դա ցավի և պարգևի շատ տարօրինակ հարաբերություն է ստեղծում մարդու մեջ։
Ինչն է Ձեզ ուժ տալիս շարունակելու և հավատալու ապագային:
Ես հիանում եմ մեր նպատակասլաց երիտասարդներով, նրանց ինքնուրույնությամբ, անգամ նրանով, թե ինչպես են ընկերություն անում միմյանց հետ։ Նրանց մեջ շատ առողջ բաներ կան, որոնք մենք երբեմն չենք նկատում։ Պաշտում եմ այն ուսուցչին, ով աշակերտի հետ «Դուք»-ով է խոսում՝ նրան թևեր տալով։
Ձեր խոսքում հաճախ է հանդիպում քրիստոնեական արժեքների թեման։ Ի՞նչ եք կարծում՝ այսօր մենք ինչպե՞ս ենք ապրում այդ արժեքները։
Աստված ասում է՝ զուր տեղն իմ անունը մի տուր։ Քրիստոնյա լինելը միայն քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ լինելու սնապարծությամբ ապրելու մասին չէ։ Քրիստոնեությունը սկսվում է մաքրակենցաղությունից, կողքինիդ սիրելուց, հանդուրժելուց։ Էգոիզմը քրիստոնեական արժեքների հետ որևէ կապ չունի, բայց մենք նույնիսկ վշտի մեջ չենք կարողանում ազատվել մեր «ես»-ից։ Երբ մարդ է մահանում, հաճախ ասում ենք՝ «բա մենք առանց քեզ ոնց ենք ապրելու»։ Նույնիսկ այդ պահին խոսքը դառնում է մեր մասին՝ իմ ցավը, իմ կորուստը, իմ դատարկությունը։ Այդ «ես»-ը, «իմը», «մենքը» երբեմն սպանում են մեզ։ Եթե ինձ հարցնեն՝ ինչն է մեզ պակասում՝ Հայաստանին, իմ համայնքին, բոլորիս, ես կասեմ՝ սերը։ Իշխանությունները, մարդիկ, պաշտոններն անցողիկ են։ Բայց սերը, իրար լսելու կարողությունը, միմյանց հանդեպ հարգանքը մնայուն արժեքներ են։
Բավական կտրուկ եք խոսում նյութական արժեքների մասին։ Ինչո՞ւ։
Նյութական արժեքները մեզ խժռում են։ Նայեք՝ ինչպես ենք նշում մեր ավանդական տոները, երեխաների ծննդյան օրերը։ Մրցակցություն կա՝ ով ավելի շատ գումար կծախսի, ով ավելի ճոխ կնշի։ Այդ մրցակցության մեջ շատ կարևոր արժեքներ կորչում են։ Ես ազգատյաց չեմ։ Ընդունում եմ իմ երկիրն այնպիսին, ինչպիսին կա, բայց չեմ կարող հաշտվել որոշ երևույթների հետ։ Օրինակ՝ երբ Ծիծեռնակաբերդ գնացող երիտասարդը ճանապարհին արևածաղկի սերմ է ուտում կամ, երբ ապրիլի 24-ին ծաղիկների գները բարձրանում են, ու սկսվում է ծաղկեփնջերի ցուցադրական մրցավազք։ Դրանք հայրենիքը սիրելու ձևեր չեն։ Սուգն էլ չպետք է ցուցադրություն դառնա։ Երբ ամեն ինչի մեջ մրցակցություն է մտնում, շատ կարևոր բան կորչում է։
Ի՞նչն է, Ձեր կարծիքով, մեր հասարակության ամենամեծ խնդիրներից մեկը։
Անհանդուրժողականությունը․ մինչև կենցաղային մակարդակ։ Մենք միմյանց ոչ միայն չենք ընդունում, այլև շատ հաճախ պարզապես չենք լսում։ Փողոցն ավլող մարդուն շնորհակալություն չենք հայտնում, որովհետև թվում է՝ նա պարտավոր է մեր աղբը մաքրել։ Մեզ պակասում է խոնարհությունը, բայց ոչ խեղճությունը։ Խոնարհ լինելը լուռ մնալը չէ։ Խոնարհությունը դիմացինին լսելու կարողությունն է։ Լսածի հետ պարտադիր չէ համաձայնել, բայց լսելն արդեն կարևոր է։
Պատերազմից հետո ինչպե՞ս փոխվեց Ձեր ներաշխարհը։
Ես կորցրի երջանկության զգացողությունը։ Անգամ չէի փորձում այն գտնել, որովհետև համատարած ողբերգության մեջ դա անհնար էր թվում։ Առաջին անգամ երջանկության զգացողությունս արթնացավ, երբ Գորիսում մասնակցեցի հաշմանդամություն ունեցող երեխաների համերգին։ Այդտեղ հասկացա, որ նույնիսկ ամենածանր իրականության մեջ կյանքը կարող է նորից խոսել, եթե դու կարողանաս տեսնել նրան։
Հաճախ եք նշում, որ հասարակությունը դեռ չի հաղթահարել պարտության հոգեբանական հետևանքները։ Ի՞նչ է պետք անել։
Մենք աղետ ենք տեսել, պատերազմ։ Այդ հոգեկան տրավման կարող է մեղմանալ միայն այն դեպքում, երբ կարողանանք հարմարվել պարտության փաստի հետ։ Դա շատ դժվար է, գրեթե անհնար, բայց դա քաջություն է։ Հակառակ դեպքում շարունակելու ենք մեղավորներ փնտրել, պատճառաբանություններ գտնել, և դա նաև պատասխանատվությունից փախչելու ձև է։ Այո, հայրենիքի մաս ենք կորցրել։ Բայց եթե ասում ենք՝ Գորիսն անճանաչելիորեն փոխվել է, չի նշանակում, որ մոռացել ենք կորուստների մասին։ Մեկը մյուսով պիտի ապրումակցելու միջոց լինի։ Մենք չպետք է ամեն դրական բանի մասին խոսելիս մեզ մեղավոր զգանք։ Մենք պաթոսի զոհ ենք ազգովի։ Շատ ենք պարծենում կեղծ արժեքներով։ Մազոխիզմը մեզ կրծում է ներսից, և մենք դա տարածում ենք գրեթե ամեն ինչի վրա։
Այսինքն՝ կարծում եք, որ ցավի մասին միայն խոսելը բավարա՞ր չէ։
Այո։ Հոգեկան տրավմայի մասին անընդհատ խոսելով առաջ չենք գնալու։ Միայն ժամանակը բուժման միջոց չէ։ Պետք է կարողանանք աշխատել այդ ցավի հետ, հասկանալ այն, ընդունել, բայց չդարձնել ինքնության միակ հիմքը։ Ցավը կա, դա չենք կարող ջնջել։ Բայց եթե անընդհատ միայն դրա շուրջ ենք պտտվում, ոչ մի տեղ չենք հասնում։ Պետք է սովորել ապրել այդ ցավի հետ, բայց ոչ ամբողջությամբ դառնալ այդ ցավը։
Ձեր կարծիքով՝ կոնֆլիկտները հնարավո՞ր է մեղմել խոսելով։
Ցանկացած կոնֆլիկտ հնարավոր է գոնե մեղմացնել խոսելով և լսելով։ Նույնիսկ ընտանիքում։ Մենք հաճախ չենք խոսում, չենք լսում, միայն արձագանքում ենք։ Օրինակ՝ լսում ես, որ կանայք հերոսություն են համարում ընտանիքի համար ճաշ եփելը, երբեմն երեսով են տալիս, բայց ո՞ւմ համար ես անում դա։ Չէ՞ որ քո սիրելի մարդկանց համար Երբ ամեն ինչ հերոսության կամ զոհաբերության լեզվով ենք ներկայացնում, կորցնում ենք սիրո պարզությունը։ Սերը երբեմն հենց պարզ բաների մեջ է, բայց մենք սիրում ենք ամեն ինչ ծանրացնել։
Ներողություն խնդրելն ինչպե՞ս եք ընկալում։
Ներողություն խնդրելը ոչ մեծահոգություն է, ոչ էլ ինքնարդարացում։ Դա ինքդ քեզ հետ հաշտ լինելու միջոց է։ Երբ կարողանում ես ներողություն խնդրել, դառնում ես ավելի հանդուրժող։ Դա ուժի նշան է, ոչ թե թուլության։ Մարդը փոքրանում է ոչ թե ներողություն խնդրելուց, այլ այն ժամանակ, երբ հասկանում է, որ սխալ է, բայց ամեն գնով փորձում է ճիշտ երևալ։
Վերադարձից հետո սկսեցիք զբաղվել հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով։ Ինչպե՞ս ստացվեց այդ ճանապարհը։
Ես չգիտեի, որ սկսելու եմ զբաղվել հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով։ Իմ ճանապարհին տեսա խնդիրներ և գրեթե հաշիվ տվեցի ինձ՝ դրանցից որոնք կարող եմ լուծել կամ գոնե ինչ քայլ կարող եմ անել։ Սկզբում գուցե միայն խոսում էի այդ խնդիրների մասին՝ ամենուր, պատեհ-անպատեհ։ Բայց բառերը և մտքերը առարկայանալու հատկություն ունեն։ Այսօր այդ խոսքերից մի մասն արդեն իրականություն է դարձել կամ մոտ է իրականանալուն։ Դրանք հիմնականում վերաբերում են հաշմանդամություն ունեցող մարդկանց, հատկապես երեխաների կյանքի որակի փոփոխությանը։
Ի՞նչն է այսօր ամենաշատը պակասում կառավարման, համայնքային կյանքի կամ հասարակական որոշումների մեջ։
Մեզ պակասում են իրական վերլուծաբաններ, սոցիոլոգներ։ Ոչ թե պարզապես թղթեր լրացնողներ կամ ֆայլեր ավելացնողներ, այլ մարդիկ, որոնք կվերլուծեն իրական կյանքը, վիճակագրությունը, կտեսնեն խնդիրների խորքը և կոնկրետ իրավիճակների համար լուծումներ կառաջարկեն։ Հաճախ նույնիսկ համայնքի մակարդակում մենք փորձում ենք խնդիրներ լուծել առանց ախտորոշման։ Առանց իրական պատկերը հասկանալու դեղատոմս ենք նշանակում ու բուժում սկսում։ Դա չի կարող արդյունավետ լինել։ Պետք է նախ հասկանալ՝ ինչ է կատարվում, ինչու է կատարվում, ում է վերաբերում, ինչ հետևանք ունի։ Հետո նոր խոսել լուծումներից։
Դուք խոսում եք իրավունքների և պատասխանատվության կապի մասին։ Ինչո՞ւ է դա կարևոր։
Մենք շատ ենք խոսում իրավունքների մասին։ Ամեն մեկը կանգնում ու խոսում է իր իրավունքներից, բայց մոռանում ենք, որ իրավունքները պատասխանատվություն են ենթադրում։ Ավելի ճիշտ՝ գուցե հակառակն է՝ պատասխանատվությունից են սկսվում իրավունքները։ Եթե խոսում ես քո իրավունքներից, պետք է նաև հասկանաս՝ քո պատասխանատվությունը որտեղ է։ Միայն պահանջելով հասարակություն չի կառուցվում։ Պետք է նաև պատրաստ լինել անել, մասնակցել, պատասխան տալ։
Եվ վերջում՝ ի՞նչ կասեք մարդուն կամ հասարակությանը, որը փակվել է ցավի, մեղավորներ փնտրելու կամ հիասթափության մեջ։
Եթե փոքր տարածքների մասին ես երազում, սկսում ես մեղավորներ փնտրել։ Իսկ եթե երազանքիդ սահմանը մեծացնում ես, ավելի շատ տեղ ու ժամանակ կունենաս գործ անելու համար։ Այդ ժամանակ մեղավոր փնտրելու փոխարեն կքայլես երազանքիդ հետևից։ Սարը բարձրանալն ավելի հեշտ է, քան իջնելը, որովհետև բարձրանալիս նպատակ ունես։ Իսկ իջնելը հաճախ հարկադրված է լինում կամ պարզապես անկում է։ Դրա համար մարդը պետք է ոչ միայն բարձրանալուն պատրաստ լինի, այլև իջնելուն։ Պետք է կարողանա արժանապատիվ անցնել և՛ վերելքով, և՛ վայրէջքով։ Եվ կարիք չկա անընդհատ մտահոգվելու, թե ով ինչպես կգնահատի դա։ Մենք շոկոլադ չենք, որ բոլորը մեզ սիրեն։ Մարդը պիտի իր ճանապարհը անցնի՝ հնարավորինս ազնիվ, հնարավորինս սիրով, առանց լսելու կարողությունը կորցնելու։ Երևի հենց դրանից էլ սկսվում է փոփոխությունը՝ երբ մեղավոր փնտրելու փոխարեն փորձում ես քո չափով մի բան անել։





