«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի նախաձեռնությամբ Մեղրիում տեղի է ունեցել հանրային քննարկում, որի առանցքում էին տարածաշրջանի ներքին հիմնախնդիրները, Սյունիքի ու Մեղրիի անվտանգային միջավայրը, սահմանազատման գործընթացի շուրջ առկա մտահոգություններն ու տարածաշրջանային հաղորդակցությունների հնարավոր բացման հետևանքներն էին:
Քննարկմանը մասնակցել են ինչպես Մեղրի քաղաքից և Լեհվազ, Վարդանիձոր, Վահրավար, Ալվանք, Կարճևան ու Շվանիձոր գյուղերից։ Հանդիպումը վարում էր Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) տնօրեն Նաիրա Սուլթանյանը, իսկ որպես փորձագետ հանդես եկավ Սամվել Մելիքսեթյանը։ Հանդիպումը նպատակ ուներ մասնակիցների հետ քննարկել, թե ինչպես են տարածաշրջանային փոփոխություններն ու տեղեկատվության հասանելիությունը ազդում սահմանային բնակավայրերի ընկալումների և առօրյա ընտրության վրա։
Ներքին մարտահրավերներ․ ներհամայնքային անվստահությունից մինչև դպրոցների պահպանում
Մասնակիցների կողմից ներկայացված խնդիրները փաստում են, որ սոցիալ-տնտեսական ու ենթակառուցվածքային բացերն ուղղակիորեն ազդում են համայնքի երկարաժամկետ կենսունակության վրա։ Որպես առաջնային մտահոգություններ առանձնացվեցին ներքին լարվածությունը, ներհամայնքային անվստահությունը, ժողովրդագրական տեղաշարժերը, աշխատատեղերի ու ցածր աշխատավարձերի հարցը, ինչպես նաև մշակութային կյանքի, ժամանցի ու սպորտային միջավայրերի բացակայությունը։
Առանձնահատուկ զգայունությամբ քննարկվեց գյուղական դպրոցների հնարավոր փակման թեման։ Բնակիչների դիրքորոշմամբ՝ գյուղում դպրոցը միայն կրթական օջախ չէ, այլ համայնքի պահպանման հիմնասյունը։ Դպրոցի փակումը ստիպելու է երեխաներին հաճախել հարևան բնակավայրեր, ինչը կհանգեցնի երիտասարդ ընտանիքների արտահոսքին, աշխատատեղերի կորստին և բնակավայրի ամբողջական դատարկմանը։ Մասնակիցներն ընդգծեցին, որ Երևանի ներհամայնքային երկար հեռավորությունները չեն կարող համեմատվել գյուղական ճանապարհների, անվտանգային պայմանների ու այն սոցիալական հետևանքների հետ, որոնց առաջ կկանգնեն իրենց ընտանիքները։
Արտաքին օրակարգ, սահմանազատում և երկաթուղու կարգավիճակը
Արտաքին քաղաքականության և անվտանգության համատեքստում բնակիչները բարձրաձայնեցին Սյունիքի ապագայի, Իրանի հետ կապի պահպանման և ադրբեջանցիների հնարավոր տնտեսական կամ ֆիզիկական ներկայության վերաբերյալ խորքային վախեր։ Մտահոգություններ հնչեցին, որ սահմանների բացումը կարող է հանգեցնել սահմանամերձ տների ու բնակարանների աստիճանական գնմանը օտարների կողմից։ Այս առումով ԺԶՀ տնօրեն Նաիրա Սուլթանյանը հստակ պարզաբանեց, որ համաձայն ՀՀ օրենսդրության՝ օտարերկրացիներն իրավունք չունեն Հայաստանում հող ձեռք բերել, ինչը կարևոր փաստացի հակափաստարկ է հանրային տիրույթում առկա վախերի փարատման համար։
Անդրադառնալով երկաթուղու գործարկմանը և Ռուսաստանի հնարավոր ներգրավվածությանը՝ փորձագետ Սամվել Մելիքսեթյանը, հիմնվելով պայմանագրային հստակ քարտեզների և ոչ թե ենթադրությունների վրա, պարզաբանեց, որ Մեղրիի հատվածը չի մտնում Ռուսաստանի կոնցեսիայի մեջ։ Սահմանազատման գործընթացի վերաբերյալ նա նշեց, որ 2024 թվականի սահմանազատումից հետո Հայաստանի այդ սահմանագծում զոհեր չեն եղել, ինչը ցույց է տալիս, որ կանխատեսումներն ու վախերը պետք է մշտապես ստուգել ընթացիկ փաստերի ու նախադեպերի հիման վրա։
Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը ներկայացվեց որպես աստիճանական ու դանդաղ գործընթաց, որը, անվտանգային ռիսկերից բացի, Հայաստանի համար բացում է նաև տնտեսական լուրջ հնարավորություններ։ Հատկապես կարևորվեց հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը՝ որպես ավելի խոշոր շուկաներ ազատ մուտք գործելու միջոց։
Մեղրիի հանդիպումը վերհանեց մի կարևոր իրողություն․ սահմանային համայնքներում պետական քաղաքականության ցանկացած փոփոխություն կամ տարածաշրջանային ծրագիր պետք է ուղեկցվի տեղի բնակչության հետ ուղիղ, անկեղծ ու փաստարկված երկխոսությամբ։ Բնակիչների վախերի մի մասը սնվում է տեղեկատվության պակասից ու անորոշությունից, ուստի առաջնահերթ է տեղեկատվությունը ներկայացնել ժամանակին և համայնքի համար հասկանալի լեզվով։
***
Այս hոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Հոդվածի բովանդակության համար պատասխանավություն է կրում «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն արտացոլի ԺԶՀ-ի պաշտոնական դիրքորոշումը:



