Հայաստանի հարավային դարպասը՝ Մեղրին, հայտնվել է միջազգային մեծ քաղաքականության և լոգիստիկ նոր նախագծերի կիզակետում։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը (ԹՐԻՓՓ), որի շուրջ հիմնարար ըմբռնումն արտահայտվել էր դեռևս Վաշինգտոնյան հայտարարության և հետագա շրջանակային փաստաթղթերի մեջ, դառնում է Հարավային Կովկասի տրանսպորտային քարտեզի առանցքային գծերից մեկը։
Այսօր Մեղրին կանգնած է պատմական հնարավորության անորոշության առջև։ Մի կողմից հսկայական ռեսուրս է ուղղվում տարածաշրջանի ենթակառուցվածքների զարգացմանը, մյուս կողմից՝ տեղի բնակիչները շարունակում են մտահոգվել, թե երկարատև կոնֆլիկտից հետո արդյո՞ք հաջողելու է ապաշրջափակումը։

Մի քիչ նախապատմություն․ ինչպես հասանք «Թրամփի ուղուն»
Խորհրդային շրջանում Մեղրիի երկաթգիծը հանդիսանում էր տարածաշրջանային խոշոր զարկերակ, որը Երևանն ու Հայաստանի հարավը Նախիջևանի միջոցով կապում էր արտաքին աշխարհին և միջազգային տրանսպորտային հանգույցներին։ Արդեն 1990-ականներից հաղորդակցության ուղիների փակվելը սահմանափակեց Մեղրիի տարանցիկ մեծ ներուժը՝ Սյունիքը վերածելով տրանսպորտային առումով դժվարհասանելի գոտու։
Այսօր, բանակցություններից հետո, գործընթացը թևակոխել է փաստաթղթերի համաձայնեցման փուլ։ Հասել ենք նրան, որ 2026 թվականի մայիսի վերջին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ նախաստորագրվեց ծրագրի կենսագործման ռազմավարական շրջանակային համաձայնագիրը։
Սա այլևս վերացական գաղափար չէ, այլ հստակ մեխանիզմների մշակում, թե ինչպես է գործելու ճանապարհը, ինչ փոխադարձ առավելություններ է ստանալու Հայաստանը, և որոնք են լինելու իրավական ու անվտանգային երաշխիքները։ Տրանսպորտային ենթակառուցվածքների ամբողջական վերականգնումն ու գործարկումը, ըստ փորձագիտական հաշվարկների, իրատեսական է 2029-2030 թվականներին։

Մեղրին՝ շինհրապարակ․ պետական ահռելի ներդրումներ
Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը նշում է, որ պետությունն այսօր աննախադեպ ծավալի կապիտալ ներդրումներ է իրականացնում տարածաշրջանում։

«Պետությունը շատ մեծ, ահռելի ներդրումներ է անում: Ես կասեի՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի հետ, որ համեմատեք, ամենամեծ ներդրումը կատարվում է Մեղրիում, քանի որ ունենք Հյուսիս-Հարավ ճանապարհ, լրիվ բոլորովին նոր կառուցվող մաքսատուն», ասում է համայնքապետը։
Բացի միջազգային նշանակություն ունեցող կառույցներից ներդրումներ են կատարվում բնակչության կենսամակարդակը բարձրացնելու համար․ կառուցվում են Մեղրիի և Ագարակի ջրամաքրման կայանները, Շվանիձոր-Նռնաձոր 13 կիլոմետրանոց ճանապարհահատվածը ։ Միայն սուբվենցիոն ծրագրերով Ագարակում իրականացվում է 600 միլիոն դրամի, իսկ Մեղրիում՝ 450 միլիոն դրամի ասֆալտապատում։ Եվս 450 միլիոն դրամ ուղղվել է վեց գյուղական բնակավայրի ճանապարհների ասֆալտապատմանը, որոնք ավելի քան 30 տարի չեն բարեկարգվել։
Չնայած ներդրումների գայթակղիչ թվերին, Մեղրիի բնակչության շրջանում դեռևս առկա է անվստահություն և անվտանգային մտավախություններ։ Մարդիկ դժվարությամբ են պատկերացնում, թե ինչ կտա ապաշրջափակումը կամ Թրամփի ուղին։
Մեղրիի համայնքի բնակիչ Գուրգեն Ավագյանը նշում է․«Այն որ ճանապարհների ապաշրջափակումից հետո այստեղ բոլորը շատ լավ են ապրելու, ամեն ինչ շատ լավ է լինելու, դեռևս խոսքեր են․ապագայում կտեսնենք՝ իրականությո՞ւն է, թե՝ միֆ»։ Այնուամենայնիվ, նա հիշում է ավագ սերնդի պատմածները․ «Ինչպես նախկինում էլ Խորհրդային միության ժամանակ մեր ծնողները Նախիջևանով գնացել են Երևան, երկու ժամվա ճանապարհ է եղել, հիմա էլ, եթե գնացքի ճանապարհ բացվի, մենք նույնիսկ այդ գնացքով կարող ենք հասնել Բաթումի կամ Մոսկվա…»։
Մեկ այլ բնակիչ էլ նշում է, որ երկրի ներսում համերաշխություն է պետք թշնամիներին դիմակայելու համար, բայց մտավախություն կա․ մի կողմից շեշտում է, որ ճանապարհները, եթե բացվեն, ապրանքաշրջանառություն կլինի, մյուս կողմից մտահոգված է Ռուսաստանի աձագանքից։
Ապաշրջափակման համատեքստում բնակիչներին մտահոգում է նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Իրան-ԱՄՆ լարվածությունը։ Մեղրեցիները հարց են բարձրացնում՝ արդյո՞ք Իրանին դուր կգա իր սահմանի անմիջական հարևանությամբ արևմտյան կամ ամերիկյան ընկերությունների ներկայությունը։
Փորձագետ Սամվել Մելիքսեթյանի խոսքով՝ եթե ԱՄՆ-Իրան հարաբերությունները չկարգավորվեն, ապա ԹՐԻՓՓ-ի հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ։ Սակայն, ըստ նրա, Ադրբեջանն ինքը մեծ հետաքրքրություն ունի, որ այս ուղին շահագործվի։ Եթե նույնիսկ քաղաքական պայմանները խանգարեն Մեղրիի հատվածին, ապա սկզբնական շրջանում կապերը կարող են բացվել այլ հատվածներում, օրինակ, Ղազախ-Նախիջևան ուղղությամբ։
Ինչո՞ւ է «Թրամփի ուղին» (ԹՐԻՓՓ) և ապաշրջափակումը ձեռնտու Հայաստանին․ փորձագիտական վերլուծություն

Շատերի մոտ հարց է առաջանում. արդյո՞ք, այս ճանապարհը միակողմանի միջանցք է Ադրբեջանի համար, թե` Հայաստանն ունի իր կենսական շահերը։ «Հայկական Խորհուրդ» կազմակերպության փորձագետ Սամվել Մելիքսեթյանը մանրամասնում է, որ ապաշրջափակումը գործելու է պարիտետային (փոխադարձության) սկզբունքով։ Սա նշանակում է ոչ միայն Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ, այլև Հայաստանի կապը իր իսկ հարավի՝Մեղրիի և արտաքին աշխարհի հետ՝ Նախիջևանի տարածքով։
Փորձագետը մատնանշում, է երեք հիմնական տնտեսական և լոգիստիկ առավելություններ․
Ժամանակի և ծախսերի էական կրճատում․«Երևանից Մեղրի Սյունիքով և Վայոց ձորով հասնելը տևում է վեցից ութ ժամ՝ կախված տրանսպորտային միջոցից, իսկ Նախիջևանի տարածքով մոտավորապես երեք ժամ է։ Ընդ որում, ձմեռային պայմանները ոչ մի ձևով չեն ազդում, որովհետև Նախիջևանի տարածքը հարթավայր է, այնտեղ չկան այդ լեռնանցքները» ,- ընդգծում է Սամվել Մելիքսեթյանը։ Սա նշանակում է, որ գնացքով Երևանից Մեղրի հնարավոր կլինի հասնել ընդամենը երկու ժամում։
Առևտրաշրջանառության աճ Իրանի հետ և անկախություն ՌԴ–ից․ Հայաստանի և Իրանի ներկայիս առևտուրը (ծանր ապրանքներ, շինանյութ, ամրաններ, հեղուկ գազ) կատարվում է բեռնատարներով՝ բարդ լեռնային ճանապարհներով։ Երկաթուղային կապի վերականգնումը կտրուկ կնվազեցնի փոխադրման ծախսերը, ինչը կտանի ապրանքների իրացման գնի նվազմանը։ Բացի այդ, Իրանից նավթամթերքի և գազի ներկրման հեշտացումը կթուլացնի Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։
Սյունիքի հանքարդյունաբերության հսկայական խթան․ Սյունիքը հարուստ է մետաղական պաշարներով։ Օրինակ, Սվարանցի երկաթի հանքի (որը խոշորագույնն է Հարավային Կովկասում) շահագործման հիմնական արգելքը հենց տրանսպորտային խնդիրն էր։ Երկաթուղու միջոցով հումքը հեշտությամբ կտեղափոխվի Հրազդան-Աբովյան վերամշակման գոտի։
Հյուսիս–Հարավ ճանապարհ․ Ռազմավարական այլընտրանքը
Մինչ քաղաքական ուժերը քննարկում են սահմանների բացումը, Հայաստանը զուգահեռաբար հզորացնում է իր սեփական ռազմավարական անվտանգությունը։ Այս ուղղությամբ կատարվող ամենակարևոր քայլը Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումն է։
Ներկայումս ընթանում են Սյունիքի պատմության մեջ աննախադեպ, Քաջարան-Ագարակ 32 կիլոմետրանոց հատվածի շինարարական հսկայածավալ աշխատանքները։ Այն կայուն կապ կապահովի Իրանի հետ՝ անկախ արտաքին քաղաքական զարգացումներից։
ԹՐԻՓՓը միայն տեղական նշանակության ճանապարհ չէ․ այն կարող է վերափոխել ողջ տարածաշրջանի տնտեսական տրամաբանությունը։ Օրական հազարավոր բեռնափոխադրումների ծավալների հնարավոր հոսքը դեպի Սև ծով, Չինաստան, Եվրոպա և Հնդկաստան ի վիճակի է հսկայական եկամուտներ բերել պետական բյուջե, և ինչպես նշում է համայնքապետը, «Մեղրեցին անպայման իր բաժինն է ունենալու»։
Այդուհանդերձ, հաջողության գլխավոր գրավականը մնում է անվտանգության հստակ մեխանիզմների ներդրումը և բնակչության մտավախությունների փարատումը, որպեսզի աշխարհին կապվելու այս հեռանկարը սյունեցու համար դառնա անվտանգ իրականություն, այլ ոչ թե աշխարհաքաղաքական միֆ։
Սյունիքի ճանապարհային ցանցի վերափոխումը
Սա Սյունիքի վերանորոգված ճանապարհների մասին մեր պատրաստած հինգերորդ մուլտիմեդիա նյութն է։Մարզի մյուս կենսական ուղիներին մասին պատմող մուլտիմեդիա նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ․
Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
Պատերազմից հետո փակված ճանապարհը դարձավ Տաթևի նոր շունչը
Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը
Մարզի ճանապարհային հաղորդակցության ոլորտում վերջին տարիներին իրականացված աշխատանքների մասին զրուցել ենք Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյան հետ ։ Եվ չնայած Սյունիքի բարդ ռելիեֆի պատճառով ցանկացած շինարարություն կապված է հսկայական դժվարությունների հետ, սակայն արդյունքները խոսուն են․ Յոթ տարվա ընթացքում բարեկարգվել է Սյունիքի մարզի շուրջ 595 կմ ճանապարհ, որից համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ միայն սուբվենցիոն ծրագրերով կառուցվել և վերանորոգվել է ավելի քան153 կմ ճանապարհ, ևս 345 կմ կառուցվել, վերակառուցվել և հիմնանորոգվել է ՀՀ կառավարության՝ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի միջոցներով և միջին նորոգմամբ բարեկարգվել է 97 կմ ճանապարհ։
«Սա իսկապես աննախադեպ արդյունք է մարզի ենթակառուցվածքների զարգացման պատմության մեջ», -նշում է Կարեն Բալյանը և ավելացնում, որ «Բարեկարգ ճանապարհը խթանում է տնտեսական ակտիվությունը, գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացումը, կրճատում է տրանսպորտային ծախսերն ու անցանելիության ժամանակը։ Դա մարդու կյանքի որակի բարելավման կարևոր նախապայման է»։
Այս պահին էլ մեծ աշխատանքներ են ընթանում դեպի գյուղեր տանող ճանապարհներին, օրինակ, Սիսիանի տարածաշրջանում դեպի Իշխանասար, առաջիկայում կսկսվեն նաև Շամբի ճանապարհի բարեկարգման աշխատանքները։

Լրագրող




