«Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի՝ աղքատության գնահատման նոր համակարգին և առողջության համընդհանուր ապահովագրությանը նվիրված հատուկ շարքի հերթական թողարկման հյուրը «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության փոխնախագահ Ալլա Հարությունյանն է։
Զրույցի առանցքում սոցիալական ոլորտի ընթացիկ բարեփոխումներն են, առցանց դիմումների անցման հետևանքով տարեցների առաջ ծառացած լուրջ խոչընդոտները, համայնքային պատվիրակման բացերը, ոլորտի իրական կարիքները, ինչպես նաև ՀԿ-ի մատուցած ծառայություններն ու անմիջական ներգրավվածությունը ոլորտի օրենսդրական բարեփոխումներում։
Հոլիստիկ մոտեցում և օրենսդրական փոփոխություններ
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն այսօր սոցիալական ծառայություններ է մատուցում խոցելի ամենատարբեր խմբերի՝ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականներին, քաղաքացիություն չունեցողներին, իսկ հետպատերազմյան շրջանում նաև ակտիվորեն ներգրավվել է երեխաների պաշտպանության գործում։
«Հիմա շատ ընդունված է ասել՝ հոլիստիկ մոտեցումն է, որ բերում է ընտանիքի կայունությանը և խնդիրների լուծմանը։ Եթե մենք միայն մեկ խնդիր ենք վերցնում լուծում, դա այդքան արդյունավետ չի ազդում, որքան ընտանիքի բոլոր անդամներին օգնելը՝ գնալու անկախ կյանքի և ինքնաբավության»,-նշում է կազմակերպության փոխնախագահը։
Կազմակերպությունն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև օրենսդրական մշակումներում․ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված ավելի քան 100 առաջարկների մոտ 80%-ն ընդունվել է։ Բացի այդ, մշակվում են սոցիալական տների և փոքր համայնքային տների նոր հայեցակարգերն ու կարգավորումները։
Կենսաթոշակների բարձրացումն ու անապահովության նոր շեմը
Ալլա Հարությունյանի խոսքով՝ կենսաթոշակների վերջին բարձրացումը, թեև պետական բյուջեի համար մեծ բեռ էր և շատերի կյանքում 10,000 դրամը նկատելի փոփոխություն է, այնուամենայնիվ չի լուծում նվազագույն կարիքների ամբողջական խնդիրը։
Ավելին՝ անապահովության գնահատման նոր համակարգի պատճառով որոշ տարեցներ կենսաթոշակի բարձրացման հետևանքով դուրս են մնում նպաստի համակարգից։ Հարությունյանն ընդգծում է՝ աշխատունակ ընտանիքների պարագայում նպաստը պետք է շաղկապված լինի եկամուտների, կրթության ու զբաղվածության հետ՝ համակարգից կախվածությունը վերացնելու համար, բայց տարեցների դեպքում այդ մոտեցումն անտեղի է․ կենսաթոշակն ինքնին պիտի բավարարի արժանապատիվ ծերություն ապահովելուն։
«Թվային հարթակները մեր տարեցների համար անհաղթահարելի են»
Հուլիսի 1-ից սոցիալական նպաստների և ծառայությունների դիմումներն ամբողջությամբ տեղափոխվել են առցանց հարթակ՝ բացառելով թղթային կամ անձամբ դիմելու տարբերակը։ Կազմակերպությունն այստեղ լուրջ խնդիր է տեսնում, քանի որ տարեցների մեծ մասը չունի համակարգչային տարրական հմտություններ, վախենում է թվային համակարգերից և չի կարողանում ներբեռնել պահանջվող փաստաթղթերը, օրինակ՝ PDF ձևաչափով տեղեկանքները։
Սրա հետևանքով նախարարության թեժ գծից և տարբեր խողովակներից քաղաքացիներն ուղղորդվում են «Առաքելություն Հայաստան», որտեղ աշխատակազմն իր վրա է վերցրել շահառուների փոխարեն դիմումներ լրացնելու ծանր գործը։ Սակայն կազմակերպությունը սպասարկում է տարեցների մոտ 30%-ին և ֆիզիկապես չի կարող օգնել բոլորին։ Ըստ Հարությունյանի՝ պետությունը պետք է ապահովի իրապես մատչելի ու հասանելի միջավայր, որպեսզի քաղաքացին ստիպված չլինի կախվածության մեջ մնալ կողմնակի աջակցությունից կամ զրկվել իր օրինական իրավունքից։
Համայնքների վախերն ու ծառայությունների պատվիրակումը
Կառավարությունը մշակել է մեխանիզմներ, որոնցով պետական համակարգից դուրս մնացած կարիքավոր ընտանիքներին պետք է օգնեն հենց տեղական ինքնակառավարման մարմինները՝ սոցիալական ծառայությունները պատվիրակելով մասնագիտացված ՀԿ-ներին։ Այնուամենայնիվ, գործընթացը տեղերում դանդաղում է։ Համայնքները դեռևս լիարժեք չեն գիտակցում իրենց ինքնուրույնությունն ու դերը, վախենում են գնումների ընթացակարգերից և խուսափում նոր պարտավորություններ վերցնելուց։
Ընդ որում, Ալլա Հարությունյանի գնահատմամբ՝ ոլորտում անելիքներն այնքան շատ են, որ եթե մասնագիտացված հասարակական կազմակերպությունների թիվը երեք անգամ էլ ավելանա, դարձյալ բավարար չի լինելու։ Համայնքներին մնում է միայն մրցույթներ հայտարարել, որպեսզի տարբեր ՀԿ-ներ գան և իրականացնեն խնամքի այդ ծրագրերը։
Համակարգի ներդրման արդեն իններորդ ամսում միայն եզակի համայնքներ են գնում այդ քայլին։ Որպես հաջողված օրինակ՝ Հարությունյանը նշում է Գորիսը, որտեղ տևական համատեղ աշխատանքի ու փորձի փոխանցման շնորհիվ ձևավորվել են համապատասխան մասնագիտական որակներ։ Ընդ որում, չափորոշիչներն ու մրցութային կարգերն արդեն փորձարկված են պետական մակարդակով, և համայնքներից պահանջվում է ընդամենը ավագանու որոշմամբ հաստատել ու պատվիրակել այդ պատրաստի ծառայությունները։
Առկա ծածկույթն ու իրական պահանջարկը
Այսօր «Առաքելություն Հայաստան»-ն իրականացնում է տարեցների տնային և ցերեկային խնամք մոտ 21 համայնքում (Երևան, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Սյունիք, Արարատ, Կոտայք), երեխաների խնամք, ինչպես նաև շահագործում է համայնքային փոքր տներ Սյունիքի Արծվանիկ գյուղում և Արմավիրի Ակնաշենում՝ հաստատություններից դուրս եկած հոգեկան և մտավոր առողջության խնդիրներ ունեցող երիտասարդների համար։
Չնայած այս ծավալին՝ գործընկերների հետ միասին հնարավոր է լինում բավարարել իրական կարիքի միայն շուրջ մեկ քառորդը։ Ոլորտի մասնագետների հաշվարկներով՝ նվազագույն կարիքները հոգալու համար ֆինանսավորումն ու ծառայությունների շրջանակը պետք է ավելանան 3-ից 4 անգամ։ Բացի այդ, մեծ ինստիտուցիոնալ հաստատություններից հրաժարվելու համար Հայաստանում անհրաժեշտ է ունենալ մոտ 50 փոքր համայնքային տուն, ինչպես նաև շուրջ 3000 բնակարան ներառող սոցիալական տների համակարգ։
«Աշխարհում ինչ ծառայություն կա, մենք բոլորի դեմո մոդելները ներդրել ենք Հայաստանում, բայց դրանք լայնորեն չեն տարածվում սուղ ֆինանսավորման պատճառով։ Ամեն ինչ հաշվարկված է, մնում է ֆինանսավորում, ուժ և եռանդ, որպեսզի այս ամենը տեղ հասնի»,- եզրափակում է Ալլա Հարությունյանը։
***
Այս շարքը պատրաստվում է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ–ի կողմից՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ–ի Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դիմակայուն և միասնական նախաձեռնություններ ընդդեմ ապատեղեկատվության» ծրագրի ներքո։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ–ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Լրագրող


