Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Հնարավորություններ
    • Հայտարարություններ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասընթացներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ․ ի՞նչ խնդիրներ են մնացել պետական բարեփոխումներում

by Անահիտ Բաղդասարյան
Նոյեմբեր 19, 2026
0

«Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հերթական թողարկման հյուրը  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանն է։

Զրուցել ենք Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի, անապահովության գնահատման և առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխումների մասին։ Անդրադարձել ենք նաև օրենսդրական բացերին, հասարակության վերաբերմունքի փոփոխությանը և այն հնարավորություններին, որոնցից կարող են օգտվել հաշմանդամություն ունեցող անձինք իրենց իրավունքները պաշտպանելու համար։

Մուշեղ Հովսեփյանի խոսքով՝ հաշմանդամության նկատմամբ մոտեցումները ժամանակի ընթացքում փոխվել են։ Եթե նախկինում խնդիրը հիմնականում դիտարկվում էր մարդու առողջական վիճակի տեսանկյունից, ապա ժամանակակից՝ մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումը կարևորում է նաև այն միջավայրը, որտեղ ապրում է մարդը։

Օրինակ՝ եթե տեսողության խնդիր ունեցող անձը չի կարողանում սովորել համալսարանում, պատճառը կարող է լինել ոչ թե նրա տեսողությունը, այլ համալսարանի ոչ մատչելի միջավայրը կամ անհրաժեշտ ծառայությունների բացակայությունը։

Հովսեփյանի գնահատմամբ՝ Հայաստանում օրենսդրական փոփոխություններ կան, սակայն բազմաթիվ կարգավորումներ դեռ չեն համապատասխանում մարդկանց իրական կարիքներին։ Խնդիրներ են առաջանում նաև ծառայությունների թվայնացման դեպքում, երբ քաղաքացիների համար պահպանված չեն դրանցից օգտվելու այլընտրանքային տարբերակները։

Նրա խոսքով՝ հասարակական կազմակերպությունների մասնակցությունը օրենսդրական փոփոխություններին նույնպես միշտ չէ, որ պատշաճ է գնահատվում։ Իրենց կազմակերպության՝ այս տարվա ընթացքում ներկայացրած առաջարկների միայն շուրջ 10–12 տոկոսն է ամբողջությամբ ընդունվել պետական մարմինների կողմից։

Ֆունկցիոնալության գնահատման համակարգ․ ի՞նչը չի փոխվել

Հայաստանում բժշկասոցիալական փորձաքննության համակարգին փոխարինել է ֆունկցիոնալության գնահատումը։ Բարեփոխման հիմնական գաղափարն այն էր, որ հաշմանդամությունը գնահատելիս պետք է հաշվի առնվեր ոչ միայն մարդու առողջական վիճակը, այլև այն միջավայրը, որտեղ նա ապրում է։

Սակայն, Հովսեփյանի խոսքով, թեև գնահատման ընթացքում ուսումնասիրվում են միջավայրային գործոնները, դրանք վերջնական որոշման բանաձևում հաշվի չեն առնվում։

Նա օրինակ է բերում լսողության խնդիր ունեցող երկու անձանց, որոնցից մեկն ապրում է Երևանում, ունի կրթություն, աշխատանք և հաղորդակցման հնարավորություններ, իսկ մյուսը՝ Քաջարանում, որտեղ կարող է չունենալ ժեստերի լեզվով կրթություն ստանալու կամ անհրաժեշտ ծառայություններից օգտվելու հնարավորություն։ Նույն առողջական խնդրի դեպքում նրանց աջակցության կարիքները կարող են էապես տարբերվել։

Հովսեփյանը նաև ընդգծում է, որ գնահատման համակարգի փոփոխությունն ինքնին չի նշանակում նոր ծառայությունների ստեղծում։ Թեև պետությունն այժմ ավելի մանրամասն տեղեկություններ ունի հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների մասին, այդ տվյալները դեռ բավարար չափով չեն օգտագործվում ծառայություններն ընդլայնելու համար։

Անապահովության գնահատման նոր համակարգը և հաշմանդամության նպաստը

Անապահովության գնահատման նոր համակարգը, որը նախ փորձարկվել էր Սյունիքում և Կոտայքում, 2026 թվականից սկսել է գործել ամբողջ Հայաստանում։ Հովսեփյանի գնահատմամբ՝ համակարգը բավարար չափով հաշվի չի առնում հաշմանդամություն ունեցող անձանց առանձնահատուկ կարիքները։

Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ հաշմանդամության նպաստն ու կենսաթոշակը հաշվարկվում են որպես ընտանիքի եկամուտ։ Մինչդեռ այդ գումարները, նրա խոսքով, նախատեսված են նաև հաշմանդամությամբ պայմանավորված լրացուցիչ ծախսերը հոգալու համար՝ տրանսպորտ, աջակցող սարքեր, առողջության հետ կապված ծախսեր և այլն։

Արդյունքում հաշմանդամություն ունեցող անդամ ունեցող ընտանիքը կարող է զրկվել անապահովության նպաստից՝ այդ գումարները որպես եկամուտ հաշվարկվելու պատճառով։

Մյուս խնդիրը ընտանիքին ենթադրյալ եկամուտ վերագրելու մոտեցումն է։ Օրինակ՝ գյուղատնտեսական հող ունենալու դեպքում ընտանիքին կարող է եկամուտ հաշվարկվել՝ անկախ նրանից՝ իրականում այդ հողից գումար ստանում է, թե ոչ։ Նման իրավիճակ կարող է առաջանալ նաև առաջարկված աշխատանքից հրաժարվելու դեպքում, երբ բավարար չափով հաշվի չեն առնվում հաշմանդամությամբ պայմանավորված դժվարությունները։

Առողջության համընդհանուր ապահովագրություն․ ի՞նչ բացեր կան

Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը Հովսեփյանը համարում է երկար սպասված բարեփոխում, սակայն նշում է, որ այն նույնպես ամբողջությամբ չի արձագանքում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։

Նախկինում բժշկական ծառայություններից օգտվելու արտոնությունները տարբեր էին՝ կախված հաշմանդամության խմբից։ Նոր համակարգում բոլոր խմբերն օգտվում են նույն ապահովագրական փաթեթից։

Սակայն միասնական փաթեթը միշտ չէ, որ բավարարում է տարբեր առողջական խնդիրներ ունեցող մարդկանց կարիքները։ Մասնավորապես, Հովսեփյանը ուշադրություն է հրավիրում հազվադեպ հանդիպող հիվանդությունների դեպքում անհրաժեշտ ծառայությունների հասանելիությանը։

Բացի այդ, վերականգնողական և հոգեկան առողջության ծառայությունները շարունակում են մատուցվել նախկին պետպատվերի համակարգով։ Նրա կարծիքով՝ այդ ծառայություններն ապահովագրական փաթեթում ներառելը կարող էր մեծացնել դրանց հասանելիությունը և ծառայություններ մատուցողների միջև մրցակցությունը։

Միջազգային փորձը և Հայաստանում վերաբերմունքի փոփոխությունը

Մուշեղ Հովսեփյանը 131 պետության աջակցությամբ ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ՝ 2027–2030 թվականների համար։

Կոմիտեն վերահսկում է, թե պետություններն ինչպես են կատարում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները։

Հովսեփյանի խոսքով՝ տարբեր երկրների կազմակերպությունների հետ շփումները հնարավորություն են տալիս ծանոթանալու ինչպես խնդիրներին, այնպես էլ դրանց լուծման հաջողված փորձին։ Այդ փորձը կարող է օգտակար լինել նաև Հայաստանի պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների համար։

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին՝ նա ամենամեծ ձեռքբերումներից մեկը համարում է հասարակության վերաբերմունքի փոփոխությունը։

Նրա դիտարկմամբ՝ մարդիկ այսօր ավելի ըմբռնող են հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։ Ավելի բաց են խոսում նաև հոգեկան առողջության խնդիրների մասին։ Այդ փոփոխություններին նպաստել են պատերազմից հետո հասարակական ընկալումների փոփոխությունը և սոցիալական ցանցերը, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն են տվել ավելի տեսանելի դառնալու և սեփական փորձառության մասին խոսելու

Ի՞նչ անել, եթե խախտվում են հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները

Մուշեղ Հովսեփյանը հաշմանդամություն ունեցող անձանց խորհուրդ է տալիս առաջին հերթին կապ պահպանել նման փորձառություն ունեցող այլ մարդկանց և նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ։

Իրավունքների խախտման դեպքում կարևոր է դիմել համապատասխան պետական մարմիններին, պահանջել հավասար վերաբերմունք և անհրաժեշտության դեպքում օգտվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հնարավորություններից։

Իսկ օրենքների, նպաստների կամ ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել պետական մարմինների պաշտոնական կայքերից, թեժ գծերից և տեղեկատվական նյութերից։ Եթե տեղեկությունը պարզ չէ կամ կան իրավական բարդ հարցեր, Հովսեփյանը խորհուրդ է տալիս խորհրդակցել նաև մասնագիտացված հասարակական կազմակերպությունների հետ։

 

***

Այս շարքը պատրաստվում է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ–ի կողմից՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ–ի Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դիմակայուն և միասնական նախաձեռնություններ ընդդեմ ապատեղեկատվության» ծրագրի ներքո։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ–ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

 

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Recent News

    Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ․ ի՞նչ խնդիրներ են մնացել պետական բարեփոխումներում

    Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ․ ի՞նչ խնդիրներ են մնացել պետական բարեփոխումներում

    Նոյեմբեր 19, 2026
    Ինչպես են գյուղերում պատրաստվում ձմռանը

    Ինչպես են գյուղերում պատրաստվում ձմռանը

    Նոյեմբեր 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ
    • Հայտարարություններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Հնարավորություններ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
      • Դասընթացներ
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.