Ձմեռը մոտենում է, կոռնիձորցի խաչյանների ընտանիքում նախապատրաստական աշխատանքներ են: Գրավիկ Խաչյանը տիկնոջ՝ տիկին Ասյայի հետ տան բակում վառել են գազօջախը և համեղ խաշիլի համար աղանձ են պատրաստում:
Մինչ տիկին Ասյան տաք կրակի վրա բովվող ցորենն է խառնում, 74-ամյա Գրավիկը պատմում է գալիք ձմռան նախապատրաստությունների մասին: Ասում է՝ որպեսզի գյուղացին կարողանա ցուրտն ու դժվարությունները հաղթահարել, պիտի հենց գարնանից սկսի պատրաստվել:
Ալյուր, կարտոֆիլ, վառելափայտ… սրանք են գյուղացու անհրաժեշտ պաշարը ձմեռելու համար: Փայտը թանկ է, ըստ նրա, այս տարի մեկ խորանարդ մետր վառելափայտ ձեռք բերելու համար ավելի քան 25-30 հազար դրամ պետք է ծախսել: Իրենք չեն գնել, մտադիր են իրենց այգուց մի քանի ոչ պիտանի ծառ կտրել:
Ամբողջ ամռանը տիկնոջ հետ տնամերձ հողամասը մշակել ու արդեն հասցրել են վերջին բերքն ամբարել: Կոմպոտ, մուրաբա, պահածոներ…ընտանիքի համար որքան էլ սեղանը ճոխ լինի, ամենակարևորը սեփական այգու բերքից թորած քաղցր գինին ու օղին են:
Երկար տարիներ մանկավարժ է աշխատել, հիմա թոշակի է անցել։ Ասում է, որ գյուղի մարդը ն չպիտի սոված մնա: Չի սիրում բողոքել: Գյուղում միշտ ապրելու հնարավորություն կա, ափսոսում է, որ երիտասարդները մաքուր, անցեխ կյանքի հետևից քաղաք են գնում ու մնում:
«Գյուղում աշխատանք չկա»,- շտապում է ավելացնել նա: «Խաղաղությունն է ամենակարևորը», – շարունակում է Գրավիկը, ու շտապում ցույց տալ այգին ու բանջարանոցը, որ ամբողջ տարին կերակրել են իրենց: Տարվա այս եղանակին այգում շատ բան չես գտնի. հոնի վերջին պտուղները, որ թափվել են ծառի տակ, պիտի հավաքի ու օղի թորի: Աշնան վերջին խաչյանների այգու զարդը արքայանարնջի մի քանի ճղակոտոր ծառերն են, որոնց բերքի մի մասն արդեն հավաքել են, որ բերքի ծանրության տակ ճյուղերը չջարդվեն: Պատմում է, որ ծառերը տնկելիս թերահավատ է եղել, թե ջերմասեր այս բույսերը Կոռնիձորի ցրտաշունչ ձմեռներին կդիմանան: Այսօր արդեն իր այգու բերքն է հավաքում:
Ինքը չի սիրում պարապ նստել ու բողոքել, պետք է հասցնի այգու վերջին բերքը հավաքել ու տուն տանել: Ձմեռը սարերի հետևում չէ:



