Գորիս համայնքում, որն արդեն ներառում է նաև Տեղի, Տաթևի գյուղական բնակավայրերում ջրահեռացման համակարգի բացակայությունը շարունակում է մնալ բնակիչների առօրյայի կարևոր խնդիրներից մեկը։
Քարահունջի թաղամասերից մեկում, օրինակ, կոյուղի ընդհանրապես չկա, և անձրևոտ եղանակին կամ ձմռանը փողոցներով քայլելը իսկական փորձության է վերածվում։ Դրանք անանցանելի են դառնում ցեխաջրից, իսկ սելավն ու կեղտաջրերը հաճախ հայտնվում են բնակիչների տներում, նկուղներում ու գոմերում՝ խոնավացնելով ու սևացնելով պատերը։
Ոչ պակաս մտահոգիչ է պատկերը Շինուհայրում, որտեղ արդեն հինգ-վեց տարի է՝ կոյուղաջրերը բացօթյա խողովակներով հոսում են հենց այգիների կողքով ու անգամ մանկապարտեզ տանող ճանապարհով՝ թափվելով մոտակա ձորը։ Բնակիչները պատմում են, որ գարշահոտությունից ու հակասանիտարական վիճակից ամենաշատ տուժում են հենց փոքրիկները, որոնք ամեն օր այդ ճանապարհով են անցնում։
Այնտեղ, որտեղ կենտրոնացված ցանց ընդհանրապես չկա կամ միանալը ֆինանսապես անհնար է, մարդիկ փորձում են հարցը լուծել սեփական ուժերով։ Տեղ գյուղում, որտեղ կոյուղու համակարգ երբևէ չի եղել, բնակիչները կենցաղային կեղտաջրերն ուղղում են բակերում փորած խոր հորերի մեջ կամ ինքնաշեն խողովակներով հասցնում ձորակներն ու այգիները՝ ամռան շոգին դիմանալով ծանր հոտին։ Իսկ Ակներում և Վերիշենում դեռ խորհրդային տարիներից կիսատ մնացած նախագծի հետևանքով կեղտաջրերի մի մասը մինչ օրս լցվում է գետը։
Գորիսի համայնքապետարանում խնդիրը չեն հերքում, բայց բացատրում են, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը սպասարկում է միայն Գորիս քաղաքի կոյուղու ցանցը, որը մոտավոր կազմում է քսան կիլոմետր, իսկ գյուղական բնակավայրերում այդ խնդրի լուծումը համայնքային իշխանության լիազորությունների շրջանակում է մնացել։
Այդուհանդերձ, պետական սուբվենցիոն ծրագրերով որոշակի տեղաշարժ կա Քարահունջ գյուղում արդեն կառուցվել է երկու մեխանիկական մաքրման կայան, Վերիշենի կոյուղու ցանցի որոշ հատված միացվել է քաղաքային ցանցին։ Առաջիկայում նման ծրագիր կիրականացվի նաև Հարթաշենում։ Սակայն մինչ բարեփոխումները փուլ առ փուլ կհասնեն բոլոր բնակավայրեր, տասնյակ ընտանիքներ դեռ ստիպված են ապրել բաց կոյուղագծերի հարևանությամբ։



