Վաստակաշատ մանկավարժ, մաթեմատիկայի ուսուցիչ Մուսախանյան Արամի համար կրթական ոլորտը միայն մասնագիտություն չէ, այլ կյանքի առաքելություն։ Նրա անցած 40-ամյա ուղին լի է նվիրումով, աշակերտակենտրոն մոտեցումներով և սերունդներին գիտելիք ու արժեքներ փոխանցելու անսպառ ձգտումով։ Մաթեմատիկայի հանդեպ սերը նրա մեջ ձևավորվել է մանկությունից։ Ընդամենը 5-6 տարեկան հասակում, իրենց տանն ապրող ուսանողների հետ շփվելիս, սովորել է բազմապատկման աղյուսակն ու շախմատ խաղալ։ Այդ տարիներից ձևավորված երազանքը՝ խորանալ մաթեմատիկական գիտության մեջ, որն էլ հետագայում նրան տարավ մանկավարժություն։
Ավելի ուշ՝ դպրոցական տարիներին, նրա մանկավարժական կողմնորոշման մեջ վճռորոշ եղավ Գորիսի թիվ 5 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչի՝ Հենրիկ Հայրապետյանի կերպարը, ով իր մեթոդական հնարներով ու վերաբերմունքով վերջնականապես ամրապնդեց սերը դեպի մաթեմատիկայի դասավանդումը։
1981 թվականին ավարտելով թիվ 5 դպրոցը, Արամ Մուսախանյանն ընդունվում է Գորիսի պետական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետ։ Երազում էր կրթությունը շարունակել մաթեմատիկայի ուղղությամբ գիտական աշխատանք կատարել, սակայն դպրոցի նկատմամբ սերը հաղթեց և աշխատանքի անցավ Տեղ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում.
— «Երբ առաջին անգամ մտա դասարան, աշակերտներս 10-րդ դասարանցիներ էին՝ ինձնից ընդամենը չորս տարով փոքր։ Մի փոքր վախ կար բարձր դասարաններում դասավանդելու, բայց ամեն ինչ շատ հարթ անցավ։ Այդ առաջին աշակերտներից շատերի հետ մինչև այսօր էլ ջերմ ընկերներ ենք»։
Այսօր պարոն Մուսախանյանն ունի շուրջ 40 տարվա ակտիվ մանկավարժական փորձ։ Նրա կենսագրությունը հարուստ է ու բազմաշերտ․ աշխատել է Տեղի թիվ 1 դպրոցում որպես ուսմասվար, Գորիսի թիվ 4, թիվ 6, Քարահունջի, Խնձորեսկի դպրոցներում, երկար տարիներ եղել է Կրթության ազգային ինստիտուտի Սյունիքի մասնաճյուղի մաթեմատիկայի մասնագետը՝ վերապատրաստելով տարածաշրջանի հարյուրավոր ուսուցիչների։ Ժամանակավոր տարբեր փուլերից հետո նա կրկին զգաց, որ իր իսկական տեղը դպրոցն է, և սեպտեմբերից որպես հիմնական ուսուցիչ անցավ աշխատանքի Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցում։
Սակայն նրա ամենանշանակալի հետքերից մեկը հասարակական ու կրթական ոլորտում Աշակերտական խորհրդի կանոնադրության մշակումն ու ներդրումն էր։ 2000-ականներին «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի հետ միասին նա հիմք դրեց մի նախագծի, որը 2011 թվականին պաշտոնապես հաստատվեց կրթության և գիտության նախարարության կողմից և տարածվեց Հայաստանի բոլոր դպրոցներում՝ աշակերտներին սովորեցնելով ժողովրդավարություն և ինքնավարություն։
Ո՞րն է լավ ուսուցիչ լինելու ամենակարևոր գաղտնիքը։ Պարոն Մուսախանյանի պատասխանը պարզ է, բայց խորիմաստ.
— «Գրավականը աշակերտների կողմից սիրվելն է։ Այսօր տեխնոլոգիաների դարում երեխաներին միայն գիտելիքով չես զարմացնի։ Երբ աշակերտը սիրում է քեզ որպես մարդ, սիրում է նաև առարկան, և արժեքների ձևավորումն ավելի հեշտ է դառնում»։
Դժվար ներգրավվող աշակերտների սիրտը տանող բանալին գտնելու համար նա մեջբերում է Կոմիտասի խոսքերը.
— «Մանուկների կրթության ընթացքում պետք է իջնել մինչև անոր մակարդակը և նրան վերցնելով՝ բարձրանալ, իր հետ միասին բարձրանալ դեպի վեր՝ գիտելիքների աշխարհ»։
Խոսելով Սյունիքի ու Գորիսի երիտասարդության մասին, ուսուցչի աչքերը փայլում են։ Վստահ է, որ մեր տարածաշրջանում կրթությունն ունի առանձնահատուկ հարգի դիրք․
— «Մենք հրաշալի, կրթված երիտասարդներ ունենք, որոնք փայլում են թե՛ մայրաքաղաքի բուհերում, թե՛ միջազգային ասպարեզում։ Իմ աշակերտների մեջ ունեմ գիտությունների դոկտորներ , բարձր պաշտոնյաներ, բայց ամենակարևորը՝ նրանք բոլորն էլ լավ, հայրենասեր մարդիկ են դարձել»։
Խոսելով կրթության ոլորտի խնդիրներից՝ նա ընդգծում է, որ համաշխարհային ճգնաժամի, տեխնոլոգիական աղբի, համացանցային կախվածության և այլ բացասական գործոնների պարագայում անհրաժեշտ է միավորել ուժերը։ Ըստ նրա՝ թռիչքային զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է ամրապնդել ծնող-աշակերտ-ուսուցիչ եռանկյունու համագործակցությունը։
Դպրոցից հետո ուսուցիչը գյուղատնեսությամբ է զբաղվում, մեղվաբուծությամբ։ Նա հիանում է մեղուների ազնիվ և օրինակելի աշխատանքով, ինչն իրեն ամբողջությամբ հանգստացնում և լիցքաթափում։
— «Մեղուների աշխատանքն իսկապես օրինակելի է մարդկության համար։ Մտնելով նրանց աշխատանքի դաշտը՝ ես ամբողջությամբ հանգստանում եմ։ Ինձ նաև հանգստացնում է մեր Գորիսի գեղատեսիլ բնությունը, անտառը, ձորակներն ու սրբավայրերը»։
Ուսուցչի օրվա առթիվ ընկեր Մուսախանյանը բոլոր ուսուցիչներին առողջություն է մաղթում, ասում է, որ ճշմարտիտ է այն, որ առողջ մարմնում է ձևավորվում առողջ հոգին։ Իսկ դա ուսուցիչների համար շատ կարևոր է։ Նա նաև հորդորում է գործընկերներին՝ ամուր պահել համագործակցությունը ծնողների հետ, և ըստ նրա , այդ համագործակցությունը կարևոր է սովորողների կրթության, դաստիարակության համար։



