Գորիսում կայացել է «Սյունիքի զբոսաշրջային քննարկումներ» թեմայով ֆորումը, որը համախմբել էր պետական և մասնավոր սեկտորների, տուրօպերատորների, հյուրանոցային տնտեսությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։ Միջոցառման նպատակն էր` քննարկել Սյունիքի զբոսաշրջային ներուժը, վեր հանել առկա խնդիրներն ու նշել զարգացման նոր ուղիներ։
Գորիսի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Արմինե Հովակիմյանի խոսքով՝ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղություններից մեկը զբոսաշրջությունն է։ Վերջին տարիների ցուցանիշերը փաստում են, որ զբոսաշրջային կյանքը բավականին ակտիվացել է։
Այնուամենայնիվ, մեծ հոսքերը բացահայտում են նաև ենթակառուցվածքային բացեր։ Մասնավորապես, զանգվածային միջոցառումների կամ փառատոնների ժամանակ համայնքում զգացվում է սննդամթերքի և տեղերի պակաս, ինչը ցույց է տալիս, որ ենթակառուցվածքները դեռևս լիովին պատրաստ չեն մեծ թվով հյուրեր ընդունելուն։
Պանելային քննարկումների ընթացքում տուրօպերատորները և ոլորտի մասնագետները ներկայացրին իրենց փորձը։ Մասնագետները կարևորեցին երկարաժամկետ՝ 3-4 օր տևողությամբ տուրերի կազմակերպումը, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան առանց շտապելու վայելել մարզի գեղեցկություններն ու ծանոթանալ տեղական մշակույթին։
Խոսվեց նաև տեղեկատվական հարթակների և թվային ներկայացվածության խնդրի մասին. զբոսաշրջային շատ հետաքրքիր վայրեր ու նախաձեռնություններ հաճախ չունեն սոցիալական էջեր կամ բավարար գովազդային աջակցություն։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչ Անահիտ Ոսկանյանի խոսքով կառավարության կողմից առաջիկայում նախատեսվում են խոշորածավալ ներդրումային ծրագրեր (շուրջ 12 միլիոն եվրոյի շրջանակներում)՝ Գորիսի, Տաթևի ենթակառուցվածքները բարելավելու, պատմական միջուկը վերականգնելու և հանրային տարածքները զարգացնելու նպատակով:
Ֆորումի ավարտին կարևոր քայլ կատարվեց ոլորտի համախմբման ուղղությամբ․ տեղական զբոսաշրջային ասոցիացիաների միջև ստորագրվեցին համագործակցության հուշագրեր: Համաձայնագրերը ստորագրեցին «Զբոսաշրջության նորարարության և զարգացման» ֆեդերացիայի համահիմնադիր Ալինա Պետրոսյանը, «Սյունիքի զբոսաշրջության կառավարման գրասենյակի» տնօրեն Անուշ Հայրապետյանը, «Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը, որը կնպաստի Սյունիքում զբոսաշրջության զարգացմանը։


