«Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հերթական թողարկման հյուրը Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի Պայմանագրերի, մեթոդաբանության և որակի կառավարման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանն է։
Զրուցել ենք առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման, ապահովագրական փաթեթում ներառված ծառայությունների, համավճարների, բժշկական ուղեգրերի տրամադրման, մարզային բուժհաստատություններում առկա խնդիրների և առաջիկա փոփոխությունների մասին։ Անդրադարձել ենք նաև հանրության շրջանում ապահովագրության վերաբերյալ տարածված խոսակցություններին ու մտահոգություններին, մասնավորապես՝ դեղերի և բժշկական ծառայությունների հնարավոր կրճատման, լրացուցիչ վճարների և շտապօգնության կանչերի սահմանափակումների վերաբերյալ։
Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնական նպատակը քաղաքացիների համար որակյալ բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումն ու առողջապահական ծախսերի նվազեցումն է։ Համակարգի ներդրմամբ փորձ է արվում նվազեցնել բժշկական ծառայություններից օգտվելու անհավասարությունը, որպեսզի ֆինանսական դժվարությունների պատճառով մարդիկ ստիպված չլինեն հետաձգել բժշկի այցելությունը կամ հրաժարվել անհրաժեշտ բուժօգնությունից։
Ո՞ր ծառայություններն են ներառված ապահովագրական փաթեթում
Ապահովագրական փաթեթում ներառված ծառայությունները հիմնականում բաժանվում են երեք խմբի՝ հիվանդանոցային, արտահիվանդանոցային և լաբորատոր։ Սակայն սա չի նշանակում, որ բոլոր բժշկական ծառայություններն ընդգրկված են ապահովագրության շրջանակում։ Հովհաննիսյանի խոսքով՝ փաթեթը կազմելիս առաջնահերթությունը տրվել է այն ծառայություններին, որոնք անհրաժեշտ են մարդու առողջության պահպանման և կյանքի համար վտանգավոր հիվանդությունների բուժման համար։ Ծառայությունների և դեղերի ցանկերը պարբերաբար վերանայվում են։ Եթե պարզվում է, որ որևէ կարևոր ծառայություն դուրս է մնացել փաթեթից, քննարկվում է այն ներառելու հնարավորությունը։
Կանխարգելիչ հետազոտություններ․ ե՞րբ է անհրաժեշտ ուղեգիր
Ապահովագրության շրջանակում կարևոր տեղ է հատկացվում հիվանդությունների վաղ հայտնաբերմանը։ Սակայն քաղաքացիները հաճախ բախվում են իրավիճակի, երբ ցանկանում են կանխարգելիչ հետազոտություն անցնել, իսկ պոլիկլինիկայում նրանցից պահանջում են ներկայացնել առողջական գանգատներ։
Հովհաննիսյանի պարզաբանմամբ՝ կանխարգելիչ բուժզննությունը ներառված է ապահովագրական փաթեթում, բայց դա չի նշանակում, որ քաղաքացին կարող է իր ցանկությամբ անցնել ցանկացած լաբորատոր կամ գործիքային հետազոտություն։ Նախ անհրաժեշտ է դիմել ընտանեկան բժշկին, որը գնահատում է մարդու առողջական վիճակը, իրականացնում նախնական զննություն և անհրաժեշտության դեպքում նշանակում լրացուցիչ հետազոտություններ։
Միաժամանակ որոշ կանխարգելիչ հետազոտությունների համար ուղեգիր չի պահանջվում։ Մասնավորապես, կրծքագեղձի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ուղղված սքրինինգային ծրագրերից համապատասխան խմբերի կանայք կարող են օգտվել առանց նախապես ընտանեկան բժշկին այցելելու։ Այդ դեպքում հնարավոր է ընտրել ապահովագրության հիմնադրամի հետ համագործակցող բուժհաստատությունն ու մասնագետին և դիմել անմիջապես հետազոտության համար։
Հովհաննիսյանը շեշտում է, որ կանխարգելման նպատակը հիվանդությունը հնարավորինս վաղ հայտնաբերելն է, երբ բուժման դրական արդյունքի հավանականությունն ավելի մեծ է։
Ինչպե՞ս ստանալ ուղեգիր և ի՞նչ անել մերժման դեպքում
Ապահովագրությունից օգտվելու ընթացքում հաճախ քննարկվող խնդիրներից մեկը պոլիկլինիկաներում ուղեգրերի տրամադրումն է։ Քաղաքացիները երբեմն դժգոհում են, որ անհրաժեշտ ուղեգիր ստանալը դժվար է, իսկ որոշ դեպքերում ձևավորվում է տպավորություն, թե բժիշկը ծառայություն է մատուցում անձնական լավություն անելով։
Հովհաննիսյանի խոսքով՝ ուղեգիր ստանալու ընթացակարգը պարզ է։ Առողջական գանգատների դեպքում քաղաքացին դիմում է իր ընտանեկան բժշկին, ներկայացնում խնդիրները, իսկ բժիշկը որոշում է, թե ինչ հետազոտություն կամ նեղ մասնագետի խորհրդատվություն է անհրաժեշտ։
Այսինքն՝ ուղեգիրը տրամադրվում է բժշկական ցուցումների հիման վրա, ոչ թե քաղաքացու նախապես կազմած հետազոտությունների ցանկով։ Միևնույն ժամանակ, եթե բժիշկը չի տրամադրում ուղեգիր, իսկ քաղաքացին կարծում է, որ իր բժշկական կարիքները պատշաճ չեն գնահատվել, կարող է դիմել ապահովագրության հիմնադրամ՝ զանգահարելով 8866 կարճ համարով։ Հիմնադրամը կապ է հաստատում բուժհաստատության հետ, պարզաբանում ուղեգիր չտրամադրելու պատճառները և հետևում խնդրի քննարկման ընթացքին։
Հովհաննիսյանն ընդգծում է, որ ուղեգրի տրամադրման համար քաղաքացին որևէ մեկին նվեր տալու կամ անձնական պարտավորվածություն ունենալու անհրաժեշտություն չունի։
Ինչո՞ւ են ապահովագրված քաղաքացիները վճարում որոշ ծառայությունների համար
Ապահովագրության ներդրումից հետո տարածված պատկերացումներից մեկն այն է, թե ապահովագրված քաղաքացին կարող է առանց լրացուցիչ վճարի օգտվել ցանկացած բժշկական ծառայությունից։
Հովհաննիսյանը պարզաբանում է, որ բուժօգնության համար բոլոր դեպքերում վճարվում է՝ անկախ նրանից՝ վճարողը քաղաքացին է, պետությունը, թե մասնավոր ապահովագրական ընկերությունը։ Բացի այդ, ապահովագրական փաթեթում կան ծառայությունների քանակային սահմանափակումներ և համավճարներ։ Օրինակ՝ նեղ մասնագետի մոտ նախատեսված երկու խորհրդատվություններից օգտվելուց հետո երրորդ այցելությունը կարող է լինել վճարովի։ Համավճարը լրացուցիչ գումար է, որը բուժհաստատությունը կարող է գանձել ապահովագրության շրջանակում տրամադրվող որոշ ծառայությունների համար։ Հովհաննիսյանի բերած օրինակով՝ եթե հիմնադրամը մասնագետի խորհրդատվության համար փոխհատուցում է 6000 դրամ, բուժհաստատությունը կարող է կիրառել մինչև 12 հազար դրամ համավճար։ Սակայն համավճարի չափը բոլոր բուժհաստատություններում և մասնագետների մոտ նույնը չէ։ Մի բժիշկ կարող է աշխատել առանց համավճարի, մյուսը՝ սահմանված լրացուցիչ վճարով։
Այդ տեղեկատվությունը հասանելի է հիմնադրամի կայքում։ Քաղաքացին կարող է նախապես պարզել, թե իր ընտրած մասնագետն ինչ չափի համավճար է կիրառում, և անհրաժեշտության դեպքում ընտրել մեկ այլ բժշկի։
Ինչո՞ւ են որոշ բժիշկներ դուրս մնում ապահովագրության համակարգից
Հնարավոր է, որ հիվանդանոցն աշխատի ապահովագրության շրջանակում, սակայն այնտեղ աշխատող որոշ բժիշկների ծառայություններից ապահովագրությամբ օգտվել հնարավոր չլինի։ Հովհաննիսյանի բացատրությամբ՝ հիմնադրամի հետ համագործակցությունը կամավոր է։ Բուժհաստատություններն ու մասնագետները պետք է համապատասխանեն սահմանված չափանիշներին և համաձայնեն համագործակցության պայմաններին։
Եթե բժիշկը չի ցանկանում աշխատել հիմնադրամի սահմանած փոխհատուցման և համավճարի պայմաններով, կարող է շարունակել ծառայությունները մատուցել վճարովի հիմունքներով։ Նույն սկզբունքը գործում է բուժհաստատությունների դեպքում․ դրանք կարող են ապահովագրության համակարգին միանալ որոշ ծառայությունների մասով, իսկ մյուսները թողնել վճարովի։ Հովհաննիսյանի ակնկալիքով՝ ապահովագրված բնակչության թվի ավելացմանը զուգահեռ բուժհաստատությունների և մասնագետների շահագրգռվածությունը համակարգին միանալու հարցում կմեծանա։
Ապահովագրության երեք փուլերը․ ովքե՞ր են ընդգրկվելու առաջիկա տարիներին
Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը նախատեսված է երեք փուլով։
Առաջին փուլը մեկնարկել է 2026 թվականի հունվարի 1-ից։ Համակարգում ընդգրկվել են մինչև 18 տարեկան երեխաները, 65 և բարձր տարիքի քաղաքացիները, հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև սոցիալական որոշ խմբեր, այդ թվում՝ անապահովության սահմանված չափանիշներին համապատասխանող ընտանիքների անդամները, զոհված զինծառայողների ընտանիքների անդամները և առանց ծնողական խնամքի մնացած որոշ երիտասարդներ։
Առաջին փուլում ընդգրկվել են նաև ամսական 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք, ինչպես նաև տարեկան 2,4 միլիոն դրամից ավելի համախառն եկամուտ հայտարարագրած անհատ ձեռնարկատերերն ու նոտարները։ Սոցիալական որոշ խմբերի ապահովագրավճարները ֆինանսավորում է պետությունը։
Երկրորդ փուլը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից։ Ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացողները, տարեկան մինչև 2,4 միլիոն դրամ համախառն եկամուտ ունեցող անհատ ձեռնարկատերերն ու նոտարները, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող անձինք և էլեկտրոնային հարթակներով աշխատող տաքսու վարորդները՝ սահմանված պայմաններով։
Այս փուլից նախատեսվում է նաև ապահովագրված անձանց փոխկապակցված անձանց կամավոր ապահովագրության հնարավորությունը։ Այսինքն՝ ապահովագրված քաղաքացին կարող է իր միջոցներով ապահովագրություն ձեռք բերել ընտանիքի համապատասխան անդամի համար։
Երրորդ փուլը նախատեսված է 2028 թվականին։ Համակարգում կընդգրկվեն մինչ այդ չապահովագրված մյուս խմբերը, այդ թվում՝ գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները, ուսանողները և այլ խմբեր՝ օրենքով սահմանված պայմաններով։
Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ զրույցի պահին ապահովագրության համակարգի շահառուների թիվը մոտ 1,7 միլիոն էր։ Նրա խոսքով՝ փուլային ներդրման արդյունքում ակնկալվում է, որ 2029 թվականի հունվարի 1-ից Հայաստանի բնակչության շուրջ 95 տոկոսը կլինի ապահովագրված։
Հնարավորություն է նախատեսվում նաև փոխկապակցված անձանց ապահովագրելու համար։ Օրինակ՝ ապահովագրված քաղաքացին կարող է իր միջոցներով ապահովագրություն ձեռք բերել ծնողի կամ ամուսնու համար, եթե վերջինս ընդգրկված չէ պետական սուբսիդավորման որևէ խմբում։
Հովհաննիսյանի խոսքով՝ նման դեպքում ամբողջ ապահովագրավճարը կազմում է ամսական 10 800 դրամ, կամ տարեկան 129 600 դրամ։
Մարզերում մասնագետների պակասը և բուժօգնության հասանելիությունը
Ապահովագրության հասանելիության կարևոր խնդիրներից մեկը մարզային բուժհաստատություններում նեղ մասնագետների պակասն է։ Հովհաննիսյանն ընդունում է, որ մարզերում կան մասնագիտական և կադրային խնդիրներ, որոնք հնարավոր չէ կարճ ժամանակում ամբողջությամբ լուծել։ Մինչ այդ քաղաքացին անհրաժեշտ ուղեգրով կարող է բուժօգնություն ստանալ ոչ միայն իր բնակավայրում, այլև մոտակա մարզկենտրոնում կամ Երևանում։
Առանձին խնդիր է նաև պոլիկլինիկայում ընտանեկան բժշկին կցագրվելը։ Երբեմն քաղաքացին ցանկանում է փոխել բժշկին, սակայն պարզվում է, որ ընտրված մասնագետի մոտ կցագրվելու տեղերն արդեն սպառված են։ Հովհաննիսյանի խոսքով՝ ընտանեկան բժշկի սպասարկվող քաղաքացիների թիվը սահմանափակվում է՝ հաշվի առնելով բժշկի ծանրաբեռնվածությունը։ Նման իրավիճակում հնարավոր է դիմել բուժհաստատության ղեկավարությանը՝ այլ մասնագետի մոտ կցագրվելու հարցը լուծելու համար։
Հերթագրման խնդիրները․ ինչպե՞ս խուսափել երկար սպասելուց
Ապահովագրության համակարգի խնդիրներից մեկն էլ հերթերի կազմակերպումն է։ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ շատ քաղաքացիներ դեռևս նախընտրում են առավոտյան այցելել պոլիկլինիկա և սպասել կենդանի հերթում, նույնիսկ այն դեպքում, երբ հնարավոր է նախապես հերթագրվել։ Հերթագրման համար կարելի է օգտվել «Արմեդ» համակարգից կամ զանգահարել բուժհաստատություն։ Իսկ տեղում այցելելու դեպքում՝ դիմել ընդունարան և ստանալ հերթագրման կտրոն։ Նրա խոսքով՝ նպատակն այն է, որ քաղաքացին բժշկական ծառայության համար ներկայանա իրեն նշանակված ժամին և ստիպված չլինի ժամերով սպասել։
Առանձին ուշադրություն է դարձվում այն մարդկանց, հատկապես տարեցներին, որոնք չունեն սմարթֆոն կամ չեն կարողանում օգտվել էլեկտրոնային ծառայություններից։ Նրանց համար գործում է հիմնադրամի 8866 կարճ համարը, որով հնարավոր է տեղեկանալ հասանելի բժշկական ծառայությունների, բուժհաստատությունների, մասնագետների, համավճարների և ապահովագրությամբ տրամադրվող դեղերի մասին։
Դեղերի ու ծառայությունների կրճատման մասին խոսակցություններ․ ի՞նչ է պարզաբանում հիմնադրամը
Հանրության շրջանում շրջանառվում են խոսակցություններ, թե հաջորդ տարվանից ապահովագրությամբ տրամադրվող դեղերի և վիրահատությունների ծավալը կկրճատվի, իսկ որոշ ծառայություններ կդառնան վճարովի։ Քննարկվում են նաև շտապօգնության կանչերի սահմանափակումներն ու դրանց համար հնարավոր լրացուցիչ վճարները։
Հովհաննիսյանը հերքում է ապահովագրական փաթեթի համատարած կրճատման, մասնավորապես՝ ծառայությունների 50 տոկոսով նվազեցման մասին պնդումները։ Նրա խոսքով՝ դեղերի և ծառայությունների ցանկերը պարբերաբար վերանայվում են․ որոշ դեղեր կարող են դուրս գալ ցանկից, իսկ նորերը՝ ավելանալ։ Սակայն դա չի նշանակում, որ նախատեսվում է ապահովագրական փաթեթի համատարած կրճատում։
Դեղերի դեպքում կարևոր է նաև տարբերակել դրանց ապրանքային անվանումներն ու ազդող նյութերը։ Նույն ազդող նյութը պարունակող դեղերը կարող են վաճառվել տարբեր անվանումներով և ունենալ տարբեր գներ։
Հովհաննիսյանն անդրադառնում է նաև շտապօգնության կանչերի սահմանափակումների վերաբերյալ մտահոգություններին։ Նրա խոսքով՝ համակարգում սահմանված ծավալները կապված են բժշկական ծառայությունների և առկա ռեսուրսների հաշվարկման հետ։ Միաժամանակ նա ընդգծում է, որ անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին չպետք է զրկվի անհրաժեշտ օգնությունից՝ սահմանված ծավալը սպառած լինելու պատճառով։
Ապահովագրություն չունեցող քաղաքացիները ևս ամբողջությամբ զրկված չեն պետական ֆինանսավորմամբ բժշկական ծառայություններից։ Նրանց համար սահմանված է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալ, որը ներառում է նաև առողջության առաջնային պահպանման ծառայություններ։
Այսինքն՝ չապահովագրված քաղաքացին նույնպես կարող է սահմանված ծավալով օգտվել առաջնային բուժօգնությունից՝ պոլիկլինիկայում, ընտանեկան բժշկի մոտ։ Սակայն դա չի նշանակում, որ բոլոր հետազոտությունները, նեղ մասնագետների խորհրդատվությունները կամ հիվանդանոցային ծառայությունները հասանելի են առանց վճարի։
Ինչպե՞ս է վերահսկվում բժշկական ծառայությունների որակը
Հիմնադրամի գործունեության ուղղություններից մեկը բժշկական ծառայությունների որակի վերահսկողությունն է: Վերահսկողությունը վերաբերում է ոչ միայն բուժման որակին, այլև բուժհաստատությունում քաղաքացիների սպասարկմանը, աշխատակիցների վերաբերմունքին, հասանելիությանը և սպասարկման պայմաններին։
Հիմնադրամն իրականացնում է ինչպես նախապես պլանավորված ստուգայցեր, այնպես էլ չհայտարարված մշտադիտարկումներ։
Հովհաննիսյանի խոսքով՝ մարզային բուժհաստատություններ կատարած այցելությունների ընթացքում արձանագրվել են խնդիրներ, այդ թվում՝ հերթագրման համակարգի կիրառման, բուժանձնակազմի ծանրաբեռնվածության և քաղաքացիների սպասարկման հետ կապված։ Նա կարևորում է քաղաքացիների արձագանքը՝ ընդգծելով, որ բողոքներն ու առաջարկությունները հնարավորություն են տալիս բացահայտել համակարգի թերություններն ու բարելավել ծառայությունները։
Ապահովագրության համակարգի հաջողությունը նա կապում է երկու հիմնական արդյունքի հետ՝ որակյալ առողջապահական ծառայություններից հավասար օգտվելու հնարավորության և քաղաքացիների առողջության ու կյանքի որակի բարելավման։
Հովհաննիսյանի համոզմամբ՝ երկարաժամկետ հեռանկարում համակարգը պետք է նպաստի նաև կյանքի միջին տևողության աճին։ Միաժամանակ, նրա գնահատմամբ, դեռևս անհրաժեշտ է բարելավել հերթագրման մշակույթը, լուծել մարզերում մասնագետների պակասի խնդիրը և բարձրացնել քաղաքացիների տեղեկացվածությունը։
Հիմնադրամի ներկայացուցիչը քաղաքացիներին հորդորում է ապահովագրության վերաբերյալ տեղեկությունները ստանալ պաշտոնական աղբյուրներից, հարցերի և խնդիրների դեպքում զանգահարել 8866 հեռախոսահամարով կամ այցելել հիմնադրամի պաշտենական կայքէջ՝ https://www.uhif.am/am և հիմնվել միայն ստուգված տեղեկությունների վրա։
***
Այս շարքը պատրաստվում է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ–ի կողմից՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ–ի Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դիմակայուն և միասնական նախաձեռնություններ ընդդեմ ապատեղեկատվության» ծրագրի ներքո։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ–ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Լրագրող


