Մարիամ Մաթևոսյան
Հունիսի 7-ին, Սյունքի մարզի Նորվան համայնքում ավագանու ընտրություններ է անցկացվում: Համայնքի ակումբի շենքում տեղակայված 37/1 ընտրատեղամասում ժամը 16:00-ին 342 ընտրողներից իր ընտրական պարտքն է կատարել 150-ը: Հանձնաժողովի նախագահ Մարինե Գրիգորյանի խոսքով՝ մարդկանց հոսքը ակտիվացել է կեսօրից հետո:
Նորավանի ավագանու 5 տեղի համար առաջադրված բոլոր 9 թեկնածուներն ինքնառաջադրվել են: Պայքարի մեջ մտած թեկնածուներից միայն երեքն են գործող: Այստեղ թեկնածուներից 7-ը անկուսակցական է, երկուսը Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ են:Համայնքի ղեկավար Սլավիկ Պապյանը գտնում է, որ գյուղը չպետք է քաղաքականացվի ու անգամ, եթե ավագանին ֆաշիստ լինի, միեւնույն է իրենց համագյուղացին կհամարվի:
«Մեր գյուղում ոչ մի լավ բան չկա: Հիմա ո’չ լավ ղեկավար, ո’չ ավագանի, ո’չ դեպուտատ, ո’չ էլ լավ նախագահ կա: Մտածող լինեին գյուղացու մասին, հիմա տներում խմելու ջուր կունենանինք: 100 տնտեսությունից 50-ը ջուր չունի»,-ասում է Սերգեյ Հովհանիսյանը, ով իր անվստահություն է հայտնում ավագանու ինստիտուտի նկատմամբ, փոխարենն ավելացնում, որ նախկինում գյուղն ուներ լավ ավագանիներ, ովքեր ինչպես ինքն է ասում՝ «ժողովրդավար էին»: «Քարամյան Յուրիկի ու Դավիթյան Յուրիկի արած գործերը կարա՞ս համեմատես հիմիկվա ավագանու կատարած աշխատանքների հետ: Ժողովրդական են եղել, փողոցում էլ են ժողովրդի հետ խոսել»:
Համագյուղացու զրույցն ընդհատում է Հարություն Դավթյանը, ով գտնում է, որ ընտրությունները ձեւական բնույթ են կրում. «Կարելի է բարեկամաբուծական բաները վերացրած: Ընտրության մասնակցում ենք միայն նրա համար, որ հայ ենք ու թասիբով ենք, եթե բարեկամաբուծական բաները վերանան, գյուղը ոտքի կկանգնի»:
«Ավագանին գյուղի համար շատ պետք է մտածի, բայց էսօրվա ավագանին չի մտածում, մինչեւ հիմա ավագանին պիտի ջուրը հասցրած լիներ գյուղ, ինչի՞ համար են նրանք, եթե չեն մտածելու ժողովրդի մասին»,-ասում է նորավանցիների համար ժողովրդավար համարվող նախկին ավագանու անդամ 80-ամյա Յուրիկ Քարամյանը:
«Իմ պաշտոնավարման տարիներին մեր խոսքն անցնում էր, հիմիկվա ավագանիներինը՝ չէ: Ասում են բոլոր ընտրությունները ձեւական են, ձեւականը՝ ավագանունն է»,-ավելացնում է նախկին շրջանային դեպուտատը:
Նորավանի ավագանու ընտրություններն այս անգամ հետաքրքական է նրանով, որ պայքարի մեջ է մտել նաեւ մեկ կին թեկնածու: Ոչ միայն բնակիչները, այլեւ ՏԻՄ մարմինները կարեւորում են ինքնառաջադրված կին թեկնածուի մասնակցությունը ընտրություններում ու իրենց զրույցներում հույս են հայտնում, որ անկուսակցական Նվարդ Վարդազարյանը եւս կընդգրկվի նոր ձեւովորվող ավագանու կազմի մեջ:
Ն. Վարդազարյանի խոսքով՝ ավագանու թեկնածություն առաջադրելն ինքնանպատակ չէ. «Մեր գյուղում հրատապ լուծում պահանջող շատ խնդիրներ ունենք: Մանկապարտեզ, խաղահրապարակ չունենք, որոշել եմ ավագանի ընտրվելուց հետո առաջարկություններով հանդես գալ»: Նրան աջակցում է իր մեծ ընտանիքը, մասնավորապես, երկու տղաները, ովքեր կողմ են տեսնել իրենց մայրիկին քաղաքականության մեջ: Իսկ թե ընտրվելուց հետո դժվար չի լինի աշախատել տղամարդ ավագանիների հետ, նա նշում է. «Չեմ էլ վախենում անգամ, քանի որ աշխատել եմ տարբեր բնագավառներում, սովխոզի հաշվապահ-գանձապահ եմ եղել, մեղվապահ, գյուղի ակումբում եմ էլ աշխատել: Հիմա մի քիչ ազատ եմ, մտածեցի քաղաքականությամբ զբաղվել,-կեսկատակ ասում է ավագանու միակ կին թեկնածուն, ով չի բացառում հետագայում նաեւ համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնել:
Կրկին պայքարի մեջ մտած ավագանու թեկնածու Համլետ Գեւորգյանը չի վախենում այս անգամ եւս ընտրապայքարից դուրս մնալ: Նախկին ավագանին նախորդ ընտրություններում դուրս է մնացել ընտրապայքարից՝ իր ձայները զիջելով ընկերոջը: Այս անգամ ավագանի է ցանկանում ընտրվել կոնկրետ նպատակով: Նա նշում է, որ համայնքի ղեկավարներն ի պաշտոնե կախված են մարզպետներից, իսկ ավագանին ավելի ազատ է հարցեր բարձրացնելու ժամանակ:
Հ. Գեւորգյանը համագյուղացիների ձայնը իշխանություններին լսելի դարձնելու միակ ճանապարհը տեսնում է ավագանի ընտրվելու մեջ: «Երբ որ մարզային, պետական իշխանություններից պաշտոնյաններ են գալիս գյուղ՝ կառավարության մակարդակի հարցեր քննարկելու համար, համայնքի բնակիչների հետ չեն հանդիպում, այլ՝ համայնքի ղեկավարի ու ավագանու: Որոշեցի կրկին ավագանի լինել, որ կարողանանք, մեր ձայնը լսելի դարձնել», ասում է Հ.Գևորգյանը:
Նրա խոսքով՝ ընտրվելու դեպքում առաջին հարցը, որ կբարձրաձայնի՝ դա հողերի սեփականաշնորհման հարցն է, որը սեփականաշնորհման ժամանակ լիարժեք չի կատարվել ու հիմա նորավանցիների հողերն օտար մարդկանց ձեռքին են: «Գյուղը պահողը հողն է, եթե հողը գյուղացու ձեռքին չլինի՝ գյուղը կքայքայվի»,-ավելացնում է Հ. Գեւորգյանը:
hetq.am




