Խոտ գյուղի մանկապարտեզի նախկին տնօրեն Ժասմենա Տատինցյանը չի թաքցնում, որ մինչև համայնքների խոշորացումը, որի ընթացքում յոթ այլ համայնքների հետ միավորվեց նաև Խոտը, լավատես էր, թե բարեփոխումը բարելավելու է իրենց կյանքը: Մինչդեռ Տաթև համայնքի գործող հինգ մանկապարտեզները՝ ավագանու որոշմամբ մայիսի 30-ից միավորվել են, և ինքը գործազուրկ է դարձել:
Նախկին տնօրենը մեզ հետ զրույցում պատմեց, որ ավագանու նիստից հետո, իրեն չեն տեղեկացրել, որևէ գրություն չեն ուղարկել այդ մասին և նույնիսկ աշխատանքից ազատման հրաման չի ստացել:
Ավագանու նիստին ներկա չի եղել Խոտ բնակավայրի վարչական ներկայացուցիչը, քանի որ վերջինիս չէին հրավիրել և տեղեկացրել ավագանու նիստի մասին և միայն որոշումից հետո է Մարտիրոս Գրիգորյանը տեղեկացել, որ կրճատվել են իրենց գյուղի մանկապարտեզի տնօրենն ու հաշվապահը:
Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը նշում է, որ մայիսի 30-ից, ավագանու որոշմամբ, բոլոր համայնքների մանկապարտեզները միավորել են, և այդ առաջարկը եղել է ավագանու և նախաձեռնող խմբերի կողմից: Հինգ բնակավայրերի՝ Շինուհայրի, Հարժիսի, Խոտի, Տաթևի, Հալիձորի գործող մանկապարտեզները միավորելուց` կրճատվել են տնօրեններն ու հաշվապահները: Համայնքի ղեկավարի խոսքով, այսուհետ մանկապարտեզների համար կլինի միայն մի կնիք ու կանոնադրություն:
Երեխաների թվով ամենամեծը՝ Շինուհայրի մանակապարտեզն է, որտեղ հաճախում է 85 երեխա, Խոտի և Տաթևի մանկապարտեզներում ՝ 23-24, իսկ Հալիձորում և Հարժիսում՝ 20-ական երեխա: Տաթևի մանկապարտեզը նոր է բացվել, գործում է դպրոցին կից:

Խոտ բնակավայրի մանկապարտեզը վերաբացվել է 2008թ. և վերանորոգվել Վորլդ Վիժնի Հայաստանի Սիսիանի Տարածքային զարգացման ծրագրի կողմից. այն տեղակայված է համայնքապետարանի շենքում: Մանկապարտեզը վերաբացվել է նախկին տնօրենի նախաձեռնությամբ. «Տեսել եմ գյուղում մանակապարտեզ չկա, մտածել եմ մանակապարտեզը վերաբացելու մասին և դիմում-խնդրանքով, ծնողների հետ միասին, դիմել ենք Սյունիքի մարզպետին», -ասում է տիկին Ժասմենան:
Նախկին տնօրենի խոսքով՝ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը վերաբացման օրվանից սկսած հասնում էր մինչև 30-ի, իսկ վերջին տարիներին, մասնավորապես, ավագ խմբի երեխաների թիվը կրճատվել էր, սակայն նախատեսվում էր նոր խումբ բացել՝ երեք տարեկանից բարձր երեխաների համար:
Մինչև մանկապարտեզների միավորումը՝ երեխաները նախակրթարան-կենտրոն էին հաճախում ժամը 09:00-ին և տուն էին վերադառնում 16:30-ին ու երեք անգամ սնունդ էին ստանում: Նախկին տնօրենի ղեկավարման ընթացքում մանկապարտեզի վճարը յուրաքանչյուր երեխայի համար կազմում էր 4 հազար դրամ, իսկ հունիսի մեկից՝ վճարը դարձել է 2 հազար դրամ,սակայն դրա հետ մեկտեղ երեխաների երեքանգամյա սնունդը՝ դարձել է երկու, քանի որ մանկապարտեզում մնում են մինչև 14:30-ը:
«Ամեն օր ժամը 09:00-ին, մեր դաստիարակչուհին, ով Շինուհայրից է, տոպրակների մեջ սնունդ է բերում, առանց էդ օրվա երեխաների հաճախումների թիվն իմանալու, այսինքն էդ սնունդը տալիս են դաստիարակչուհուն, իսկ ինքն իր հետ բերում է մանկապարտեզ,-ասում է Ժ.Տատինցյանը և ավելացնում,- կարող եմ ասել, որ մանկապարտեզը գործում է առանց տնօրենի, քանի որ ամսի մեկից տնօրենը չի ներկայացել մանկապարտեզ»:
Տաթև համայնքի նախակրթարանի տնօրեն Անժելա Ղուլյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ ավագանու որոշումից հետո՝ մի անգամ է այցելել Խոտ գյուղի նախակրթարան, պատճառաբանելով, որ հանձնում- ընդունում չի եղել և դեռևս կանոնակարգված չի այցերի հաճախականությունը:
Տնօրենի ու հաշվապահի հաստիքները կրճատելուց հետո, մանկապարտեզում աշխատում են դաստիարակը, հավաքարարը և խոհարարը: Նախկին տնօրենը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ այսուհետ տնօրենի աշխատանքը պետք է կատարի դաստիարակը, իսկ հավաքարարը`համապատասխան կրթություն ու հմտություններ չունենալով` դաստիարակի աշխատանքը:




