Սուսաննա Շահնազարյան
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում ապրիլի 16-ին շարունակվեց Ռոմիկ Օհանջանյանի սպանության գործով դատական նիստը։ Ըստ մեղադրական եզրակացության, Էդվարդ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Որոտան-Գորիս ավտոճանապարհի՝ Արայիկ Մարկոսյանի հուշաղբյուր կոչվող վայրում, Ռոմիկ Օհանջանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս որովայնին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք, ինչի հետևանքով Ռոմիկ Օհանջանյանը մահացել է։
Դատական նիստի քարտուղարը հրապարակեց դատավարության մասնակիցների, գործով անցնող վկաների անունները, հայտարարելով, որ գործով անցնող երկու վկաներ դատարան են ներկայացրել դիմումներ այն մասին, որ գտնվում են քաղաքից դուրս, չեն կարող մասնակցել դատական նիստին և խնդրել են հիմք ընդունել նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները։ Դատավորը անհարգելի համարեց վկաների բացակայությունը։
Դատարանն անցավ դատակոչված մյուս վկաներից տուժողի որդի Հարութ Օհանջանյանի հարցաքննությանը, որը տևեց չորս ժամից ավելի, քանի որ այն զուգորդվեց մեղադրյալ Էդվարդ Մարկոսյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի և քրեական գործով մեղադրող Ասպուրակ Ավետիսյանի բանավեճով։ Պաշտպանի հայտարարությամբ վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա էին հակասություններ, որի համար ըստ նրա, վկային լրացուցիչ հարցեր տալու անհրաժեշտություն ունի և հրապարակեց հատված՝ վկայի նախաքննական ցուցմունքից։ Մեղադրողի պնդմամբ դատարանը պարտավոր էր նախապես որոշում կայացնել ցուցմունքը հրապարակելու մասին։ Նույն թեմայի շուրջ բանավեճը շարունակվեց նաև նախաքննական ամբողջ ցուցմունքը հրապարակելու անհրաժեշտության, կարևորության հարցի շուրջ։ Պաշտպանի միջնորդությամբ դատարանը երկու անգամ ընդմիջում հայտարարեց։
Դատական նիստը բանավեճի վերածվեց նաև այն առիթով, որ վկան, լսելով պաշտպանի իրեն տված հարցերը, նյարդայնանում էր և մի քանի անգամ դիմեց դատավորին, ասելով, թե «թող նա էդ հարցերն ինձ չտա»:
Ամբողջ դատական նիստի ընթացքում դատավոր Հրաչիկ Մեխակյանը սանկցիա կիրառեց դատական նիստին մասնակցող չորս անձանց նկատմամբ և նրանց տարբեր ժամանակահատվածներով՝ 10-15-ական ժամերով հեռացրեց դատական նիստերի դահլիճից։ Դատավորի այս գործողությունը տարակուսանք առաջացրեց, քանի որ ՀՀ Դատական օրենսգրքի 47-րդ հոդվածի համաձայն դատական սանկցիան կիրառվում է դատական իշխանության հեղինակությունը պաշտպանելու, ինչպես նաեւ դատական նիստի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով և դատարանը դատական սանկցիա կարող է կիրառել, երբ անձը չարաշահում է իր դատավարական իրավունքները, չի ենթարկվում դատարանի կարգադրություններին կամ որեւէ այլ կերպ խախտում է դատական նիստի կարգը, դատական նիստի դահլիճում անհարգալից վերաբերմունք է դրսեւորում դատարանի նկատմամբ: Նշված հանգամանքներից որևէ մեկի ակնհայտ դրսևորում դատական նիստի ընթացքում չէր նկատվել։ Ուստի անհասկանալի էին այն հիմքերը, որոնց համաձայն դատավորն այդօրինակ որոշումներ կայացրեց։
Հետաքրքրական ևս մեկ միջադեպ գրանցվեց դատական նիստի ընթացքում․ նշելով դատական նիստի մասնակիցների անունը, քարտուղարը հայտարարեց, որ դատական նիստին նաև լրագրող է մասնակցում, որին ի պատասխան դատավոր Հրաչյա Մեխակյանը հարցրեց, թե ինչու՞ և ի՞նչ նպատակով եմ լուսաբանում։
Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 16-ին։